Մատչելիության հղումներ

«Մեծերի քանդակները մայրաքաղաքում ժամանակավոր բնույթ են կրում»


Գարսեւանին մարմնավորող Մհեր Մկրտչյանի արձանը Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում
Գարսեւանին մարմնավորող Մհեր Մկրտչյանի արձանը Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում

Երեւանի տարբեր վայրերում տեղադրված Պարույր Սեւակի, Հրանտ Մաթեւոսյանի, Եղիշե Չարենցի, Մհեր Մկրտչյանի եւ Տիգրան Պետրոսյանի արձանների շարքը մեկ շաբաթից կհամալրվի չորս այլ՝ Սայաթ-Նովայի, Մինաս Ավետիսյանի, Հրաչյա Ներսիսյանի եւ Ավետիք Իսահակյանի քանդակներով:

«Մեր մեծերը` մեր կողքին» նախագծի արձանների հեղինակ, քանդակագործ Սուրեն Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այդ նախագծի շրջանակներում ստեղծված հայ մեծերի քանդակները մայրաքաղաքում ժամանակավոր բնույթ են կրում, դրանք հետագայում տեղափոխվելու են համապատասխան թանգարաններ:

Հիշեցնենք, որ Մհեր Մկրտչյանի արձանը տեղադրելուց որոշ ժամանակ անց այն վնասվել եւ նորից վերականգնվել էր հեղինակի կողմից: Այսօր էլ Սուրեն Մելքոնյանը Երեւանի քաղաքապետարանից տեղեկություն ստացավ, որ երեկ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք, կանգնելով ու պարելով Հրանտ Մաթեւոսյանի արձանի վրա, կոտրել են այն:

«Թրծակավը եղանակ չի ճանաչում, ցանկացած եղանակի դեմ դիմացկում է», - ասում է քանդակագործը. - «Չի քայքայվում, սա եթե չվնասի մարդը, եղանակը չի վնասի ոչ մի կերպ»:

Մելքոնյանը կարծում է՝ խնդիրը մարդկանց վարվելակերպն է:

«Նյութը նյութ է, պահեք, կպահպանվի, ի՞նչ է եղել: Հո՞ դա չի ստեղծված վրան պարելու համար: Իսկ եթե գեղագիտական արժեքի մասին խոսենք, թող արվեստաբաններով հավաքվեն, նստեն, քննարկվի էդ հարցը: Թող քննադատվի, ես պատրաստ եմ լսել քննադատություն», - ասաց նա:

«Եթե սիրտս չցավեր, ես չէի վերականգնի, ես ոչ մեկին երաշխիք չեմ տալիս իմ արած աշխատանքի համար` էսքան ժամանակ կապրի, կամ էնքան կապրի, քար է, բրոնզ է, ամեն ինչն էլ հնարավոր է վնասել», - հավելեց քանդակագործը:

«Մեր մեծերը՝ մեր կողքին» նախագիծը Երեւանում մեկնարկել էր այս տարվա գարնանը: Երեւանի քաղաքապետարանի պատվերով քանդակագործ Սուրեն Մելքոնյանը նախագծի շրջանակներում պատրաստել է 9 արձան:

Այն հարցին, թե որքա՞ն գումար է ծախսել քաղաքապետարանը քանդակների պատրաստման վրա, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը պատասխանեց, որ նախագծով հետաքրքրված ինչ-որ բարերար պատրաստակամություն է հայտնել վճարել նախագծի իրականացման համար, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղյակ չեն գումարի չափից:

please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG