Մատչելիության հղումներ

«Ակոս»-ի խմբագիրը կարեւորում է թուրք ժողովրդի հետ հայության երկխոսությունը


«Ակոս»-ի խմբագրապետ Ռոբեր Քոփթաշը հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ստամբուլ, 15-ը նոյեմբերի, 2012թ.
«Ակոս»-ի խմբագրապետ Ռոբեր Քոփթաշը հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ստամբուլ, 15-ը նոյեմբերի, 2012թ.

Հայությունը պետք է զանազանի թուրքական պետությունը եւ ժողովուրդը, ասում է Ռոբեր Քոփթաշը։

Ստամբուլի «Ակոս» հայկական շաբաթաթերթի խմբագրապետ Ռոբեր Քոփթաշի կարծիքով` Հայոց ցեղասպանության ընդունման համար թուրքական պետությունը արտաքին ճնշման միջոցով չի փոխվի։ Կարեւոր է սեփական ժողովրդի կողմից ճնշումը` ընդունելու անցյալում կատարած իր սխալները, ասում է նա։

«Ակոս»-ի խմբագրատանը հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քոփթաշը, անդրադառնալով հայկական հարցին, նշեց, որ Հայոց ցեղասպանության ընդունման այլ հնարավորություն ու տարբերակ, քան այն, որ հենց թուրքական հասարակությունը պահանջի իր կառավարությունից` ընդունելու իր մեղքը, չկա։

Նա նկատեց, որ այս հարցում վերջին տեղաշարժ կա` այժմ ցեղասպանություն բառն ավելի շատ թուրքեր են արտասանում, քան նախկինում էր։

«Քսան տարի առաջ մեկ միլիոն թուրքերի մեջ մեկ թուրք միայն ցեղասպանություն բառը գիտեր` ինչ է եղել պատմությունում, բայց հիմա դա ասում են մեկ միլիոնի մեջ 10 հազարը։ Եթե 100 հազար հասնի` ուրիշ բան կլինի, եթե 200 հազար հասնի` այլ բան», - նշեց Քոփթաշը` շարունակելով. - «Համբերություն է պետք, այսինքն` հայերի ապրած, աշխարհի հայերի ապրած ռիթմը եւ թուրքերի ապրած ռիթմը տարբեր է։ Թուրքի օրակարգում հայկական հարցը, թերեւս, 10-15-րդ հարցն է, հայերի համար միակ հարցն է, առաջինն է»։

Ստամբուլահայ խմբագրի կարծիքով` որպեսզի Թուրքիան ընդունի իր մեղքը, երկրում ժողովրդավարական կարգեր պետք է հաստատվեն, եւ այդ արժեքներով ապրող հասարակությունը արդեն ինքը կպահանջի կառավարությունից` ընդունել իր մեղքը։

Քոփթաշի խոսքերով` սա է իրենց մոտեցումը, որը տարբերվում է հայաստանցիների ու Սփյուռքի մոտեցումներից։

«Մենք ուրիշ օրակարգ ունենք Թուրքիայի մեջ։ Նպատակը նույնն է, բայց եղանակներն են տարբեր։ Մեր պայմաններով միայն ա՛յդ կարող ենք անել», - ասաց նա։ - «Դրան հասնելու համար շատ տարբեր ռազմավարություններ կան, եւ մեր ընտրածը տարբեր է, ուրիշինը տարբեր կարող է լինել, եւ եթե Թուրքիայի հայության մասին հարցնեք, որեւէ մեկի համար կարող է լինել, որ ցեղասպանության ճանաչումը շատ էլ կարեւոր չէ` կարեւորը իրենց ապրած առօրյան է. ինչպես պիտի իրենց հացը տուն հասցնի, իր եկեղեցին, իր դպրոցը … Այդպիսի մարդիկ էլ կան, եւ շատ հասկանալի է Թուրքիայի պայմաններում այդ վախով տասնյակ տարիներով ապրելով այսպես խորհելը»։

«Ակոս»-ի խմբագրապետի գնահատմամբ` իրենց նպատակներին հասնելու այլ ռազմավարություն, քան հայության կողմից թուրք ժողովրդի հետ երկխոսություն սկսելն է, չկա։ Հայությունը պետք է զանազանի թուրքական պետությունը եւ ժողովուրդը եւ այդ ժողովրդի հետ երկխոսություն սկսի` փոխելու թուրքական պետության կեցվածքը, կարծում է Ռոբեր Քոփթաշը։

«Պոլսահայությունը կարեւոր դեր կարող է խաղալ, ըստ իս։ Մենք թարգմանիչներ ենք, այսինքն` Սփյուռքի հայության եւ Հայաստանի հայության ասածները թարգմանում ենք` թուրքերին լսելի դարձնում։ Եվ եթե պոլսահայությունը չլիներ, Թուրքիայում հայկական հարցն էլ գոյություն չէր ունենա։ «Ակոս»-ը եթե չլիներ, Հրանտ Դինքը եթե չլիներ, այսօր հայկական հարց չէր լինի։ Սփյուռքահայությունը, Հայաստանը իր ուզածը կարող էր ասել, բայց Թուրքիայի վրա այն որեւէ ազդեցություն ունենալ չէր կարող», - հայտարարեց «Ակոս»-ի խմբագրապետը։

please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG