Մատչելիության հղումներ

Սաֆարովի հարցը «շատ լուրջ է ընդունվել» նաեւ Լատվիայի կողմից


Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը համաձայն չէ դիտարկմանը, թե ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը, ներմանը եւ հերոսացմանը չի հետեւել պաշտոնական Ռիգայի համարժեք արձագանքն ու դատապարտումը:

«Այդ իրադարձությունից հետո՝ դեռեւս այս տարվա սեպտեմբերի սկզբին, հյուսիսային եւ բալթյան երկրների ներկայացուցիչների ՝ Վիլնյուսում կայացած հանդիպման ժամանակ տեղի ունեցածի առնչությամբ Լիտվայի արտգործնախարարի կողմից ընթերցվեց հատուկ հայտարարություն բոլոր մասնակից երկրների՝ այդ թվում Լատվիայի անունից», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց պաշտոնական այցով երեւանում գտնվող Լատվիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ Ռիգան այդ կապակցությամբ իր խորը մտահոգությունն է հայտնել նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին, ով եւս Եվրամիության անդամ բոլոր երկրների անունից դատապարտել եւ մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ:

«Կարծում եմ, որ այդօրինակ քայլերը այս շատ բարդ իրադրությունում չեն նպաստում երկրների միջեւ երկխոսությանը: Եվ երբ մենք խոսում ենք, ըստ էության, ութ ձայնով, ինչպես խոսեցինք Վիլնյուսում, դուք կարող եք համարել, որ այս հարցը շատ լուրջ է ընդունվել բոլորիս կողմից», - նաեւ հայտարարեց Լատվիայի արտգործնախարարը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արձագանքելով Ադրբեջանի կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորմանը միտված նոր՝ ճանապարհային քարտեզի շրջանառմանը վերաբերող հարցին, ասաց, թե տպավորություն կա, որ փուլային լուծում ենթադրող այդ առաջարկի հեղինակը մնացել է 90-ականների կեսերին բնորոշ տեղեկատվական մակարդակի վրա։

«95 թվականից մինչ այսօր արդեն 15-17 տարի է անցել։ Գնացքը գնացել է առաջ, իսկ որոշ մարդիկ Ադրբեջանում մնացել են կանգնած կայարանում», - նշեց Էդվարդ Նալբանդյանը։

Նալբանդյանի խոսքով, միջազգային հանրության եւ մասնավորապես՝ եռանախագահների կողմից արդեն իսկ Կազանում առաջարկվել է կարգավորման ճանապարհային քարտեզ, սակայն, չնայած միջնորդների կոչերին, ինչպես Կազանի հանդիպմանը, այնպես էլ դրանից հետո Ադրբեջանը մերժեց այդ առաջարկները, հետեւաբար․ - «Նոր ինչ-որ ճանապարհային քարտեզի՝ Ադրբեջանի կողմից առաջարկվելու հարց չեմ կարծում, որ այդքան լուրջ է։ Պետք է ավելի իրատես լինել եւ համակարծիք լինել միջազգային հանրության դիրքորոշմանը, որը արտահայտվում է եռանախագահների միջնորդությամբ»։

«Ուրուգվայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչները նախօրեին հայտարարել են, թե հնարավոր է, որ առաջիկայում ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Արդյո՞ք այդ օրինակին կարող է հետեւել նաեւ Լատվիան», - լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան Էդգարս Ռինկեւիչսը նշեց, թե չի կարծում, որ Ռիգան կգնա նման քայլի, քանի դեռ կարգավորման գործընթացը չի հանգել կողմերի համար փոխադարձաբար ընդունելի լուծման:

Հայտարարելով, որ Ռիգայի կարծիքով խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա, Լատվիայի արտգործնախարարը նաեւ ընդգծեց, որ Լատվիան անդամակցում է եԱՀԿ-ին, որի շրջանակներում էլ տեղի է ունենում բանակցային գործընթացը, Ռինկեւիչսը ամփոփեց․ - «Կարծում եմ , որ այս պահին Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին խոսելը չէր նպաստի ստեղծված շատ բարդ իրադրության կարգավորմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG