Մատչելիության հղումներ

Հայրապետյանին վերագրվող ծեծի մասին հրապարակումները ուսումնասիրվում են


Ոստիկանությունը ուսումնասիրում է հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրերս ծեծի է ենթարկել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի արդեն նախկին բժշկին: Այս տեղեկությունն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից:

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին տեղեկություններ, ըստ որոնց Ռուբեն Հայրապետյանն իր ոճով պատժել է «Փյունիկ»-ի նախկին բժիշկ Վարդան Հովասափյանին, բժշկի դեմքին կան վնասվածքներ, մասնավորապես, վնասված է ծնոտը:

Ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` աշխատանքից ազատվել է բժիշկ Վարդան Հովասափյանը` ֆուտբոլային խաղի ժամանակ ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, ինչպես նաեւ մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում լինելու պատճառով: Բժիշկ Վարդան Հովասափյանը հրաժարվում է հրապարակավ հանդես գալ:

Չորեքշաբթի երեկոյան Վարդան Հովասափյանի տան մոտ ոստիկանության մեքենաներ նկատեցինք, կային նաեւ կարմիր բերետավորներ, ովքեր հայտարարեցին, որ տվյալ տարածքում կոնկրետ ծառայություն չեն իրականացնում, պարզապես սպասում են իրենց ընկերոջը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ չկա որեւէ հրահանգ, որ կարմիր բերետավորները պետք է ծառայություն կատարեն բժշկի տան մերձակայքում:

Մեր հարցին, թե Ոստիկանություն չի՞ հրավիրվել արդյոք Վարդան Հովասափյանը, Ոստիկանությունից ասացին, թե նա առայժմ չի դիմել իրավապահներին: Ոստիկանություն չի հրավիրվել նաեւ Ռուբեն Հայրապետյանը, փոխանցեց նրա խորհրդականը:

Ռուբեն Հայրապետյանը հերքում է մամուլում հրապարակված տեղեկությունը: Նրա խորհրդական Արայիկ Մանուկյանը, պատասխանելով այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հայտարարեց․ - «Այդպիսի միջադեպ տեղի չի ունեցել»։

Ռուբեն Հայրապետյանը, ով դեռ անցած տարի հայտարարել էր, թե ինքը դեմ չէ կիրառել «պատժելու, ծեծելու» մեթոդը, վերջին ամիսներին հանրության ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ մարդ ծեծելու վերաբերյալ թեմաների շրջանակում: Մասնավորապես՝ հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները ծեծի էին ենթարկել 5 ռազմական բժիշկների, որոնցից մեկը՝ Վահե Ավետյանը, ծեծից 12 օր անց մահացել էր հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով: Այդ գործով դատավարությունը դեռ շարունավում է: Ռուբեն Հայրապետյանը գործով ներգրավված չէ, թեեւ տուժողների ներկայացուցիչները իրավապահներից պահանջում էին որպես կասկածյալ ներգրավել նրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG