Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ակտիվիստների գործով վճիռը՝ «խայտառակություն»


«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյան
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյան
Խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «խայտառակություն» որակելով ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) չորս ակտիվիստների ազատազրկման դատավճիռը անփոփոխ թողնելու` Վերաքննիչ դատարանի որոշումը, ընդգծեց, որ այդ որոշումը կայացրած երեք դատավորներից երկուսը տարիներ առաջ ավելի «խայտառակ» վճիռ կայացրել էին աղմկահարույց «Մատաղիսի գործով»:

Խոսքը Մհեր Արղամանյանի եւ Արմեն Դանիելյանի մասին է, որոնք խստացրել էին «Մատաղիս»-ի գործով առաջին ատյանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի պատիժը եւ նրանց դատապարտել ցմահ ազատազրկման: Այնինչ, շուտով Վճռաբեկ դատարանը այս գործը կարճեց եւ երիտասարդներին ազատ արձակեց:

«Վերաքննիչի որոշումը գնահատում եմ ուղղակի խայտառակություն: Այն երկու դատավորները՝ Արղամանյանը եւ Դանիելյանը ուղղակի իրենց այն խայտառակ գործունեությունն են շարունակում Մատաղիսի գործով ցմահ դատապարտման դատավճիռ կայացնելուց հետո, բայց շատ եմ ցավում այդ եռյակում Լիլիթ Թադեւոսյանին տեսնելու համար, շատ եմ ցավում», - ասաց Փոստանջյանը:

Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը Կոնգրեսը կբողոքարկի վերջին ատյանում՝ Վճռաբեկ դատարանում:

Փոստանջյանը համոզված է՝ Եվրախորհուրդը, որը վերջերս «քաղբանտարկյալի» չափանիշները սահմանող բանաձեւ է ընդունել, այս իրավիճակը դիտարկելու է որպես «քաղաքական հետապնդում»:

«Կցանկանայի, որ մեր պետությունը օր առաջ առաջնորդվեր եվրոպական արժեքներով, բայց մենք դոփում ենք տեղում, նորից ետընթաց ենք արձանագրում: Թե որն է դրա նպատակը, պատվիրատուները կարող են այդ հարցին պատասխանել: Շատ հաճախ իրենք էլ չեն հասկանում նպատակը որն է, կամ էլ իրոք ունեն քաղաքական այնպիսի հաշվարկներ, եւ այդ հաշվարկներից ելնելով էլ, նման ապօրինություններ են իրականացնում», - ասաց պատգամավորը:

Ոչ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան»-ը եւս մտահոգություններ ունի ակտիվիստների պատժաչափերի առիթով: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ «գործում ակնհայտորեն քաղաքական մոտիվացիա կա»:

«Ապացուցողական բազան ինձ բացարձակապես չի համոզում», - ասել էր Զոհրաբյանը:

Հիշեցնենք, ի տարբերություն Տիգրան Առաքելյանի, ազատազրկման դատապարտված մյուս երեք ակտիվիստները՝ Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գեւորգյանը, առայժմ ազատության մեջ են: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը կկիրառվի մինչեւ հաջորդ ատյանի՝ Վճռաբեկ դատարանի որոշումը:

Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Կոնգրեսը մինչեւ դեկտեմբերի 12-ը կդիմի Վճռաբեկ, որից հետո մեկամսյա ժամկետում Վճռաբեկը պետք է որոշի կամ գործն ընդունել վարույթ, կամ բողոքը ետ վերադարձնել: Վարույթ ընդունելու դեպքում քննությունը մի քանի ամիս կարող է շարունակվել, իսկ վարույթի ընդունումը մերժելու եւ բողոքը վերադարձնելու որոշում կայացնելու պարագայում ակտիվիստների ազատազրկման արդեն իսկ կայացված դատավճիռը անմիջապես նույն օրը կմտնի ուժի մեջ, եւ նրանք քրեակատարողական հիմնարկ կտեղափոխվեն:

Ընդգծելով, որ Վճռաբեկը բողոքները մեծամասամբ ետ է վերադարձնում առանց պատճառաբանելու, Խաչատրյանը դժվարացավ կանխատեսել, թե ինչ կարող է լինել այս դեպքում: Այն դիտարկմանը, թե առաջիկա իրադարձությունները համընկնելու են նախագահական ընտրությունների նախընտրական շրջանին, ուստի իշխանություններին որքանո՞վ է ձեռնտու ակտիվիստներին ազատազրկելը, Խաչատրյանը հակադարձեց. - «Իսկ իշխանությունները երբեւէ կաշկանդված եղե՞լ են հասարակական կարծիքից կամ միջազգային կազմակերպությունների կարծիքից: Ընդհանուր իրավասության դատարանը վերջին փուլում անկանխատեսելի արագացրեց պրոցեսը, Վերաքննիչ դատարանը ընդհանրապես թքած ուներ դատավարական փուլերի վրա: Ութ միջնորդություն մեկ օրվա մեջ մերժելով՝ Վերաքննիչը ցույց տվեց, որ խնդիր չունի արդարադատություն իրականացնելու: Քաղաքական պատվերի շրջանակներում դատարաններն աշխատում են իրավական հարթությունից դուրս գտնվելով»:

Մինչդեռ իշխող Հանրապետականը հերքում է այս դատավճիռներում որեւէ քաղաքական ենթատեքստի առկայությունը: Հարապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ ոչ առաջին ատյանի, ոչ Վերաքննիչի դատավորները չեն կարող ոչ իրավաչափ վճիռներ կայացնել:

«Հատկապես այս գործը հանրության ուշադրության կենտրոնում է: Պետք չէ որեւէ վճիռ քաղաքականացնել, առավել եւս այս ժամանակահատվածում: Դատական համակարգն անկախ համակարգ է, դատարանն իր որոշումներում ազատ է», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG