Մատչելիության հղումներ

Փողոցից «փրկված» Արթուրը կյանքից չի դժգոհում


Փողոցից «փրկվածը»
please wait
Embed

No media source currently available

0:00 0:04:26 0:00

Փողոցից «փրկվածը»

Տարիներ առաջ Արթուրը փողոցում էր։ Ինքն իր մասին խոսելիս խուսափում է օգտագործել մուրացկանություն բառը։ Ասում է՝ ծաղիկ էի վաճառում։

«Շահույթ ունեի՝ մարդ կար գումարը տալիս էր, մանրը չէր վերցնում։ Երեւի 1 տարի 6 ամիս [փողոցում եմ եղել]», - հիշում է նա ու հավելում, թե արդեն 13-րդ տարին է՝ փողոցում չէ։

Արթուրը փողոցում հայտնվել է 90-ականներին, երբ հիվանդ մոր հետ տունը վաճառել են արտասահման մեկնելու եւ բուժվելու համար, սակայն դարձել խարդախության զոհ։

Փողոցային կյանքից դրվագներ է պատմում․ - «Հիշում եմ մի երեխա, որ մայրը փողոցում մահացավ՝ երեխայի առաջ։ Հիմա նվազել է։ Առաջ նստում էին այգիներում, գիտեք ինչ էր՝ իրարանցում էր մուրացկանության։ Շատ տհաճ էին վիճում։ Եղել է դանակահարություն։ Նման փաստեր այնքա՜ն եմ տեսել»։

Տարիներ առաջ 16 տարեկան տղային փողոցում՝ Կոմիտասի արձանի շրջակայքում գտան «Օրրան» մանկական խնամքի կենտրոնի աշխատակիցները։

Արթուրն ասում է, որ ինքն իրականում «փրկված է», եւ ցավ է ապրում, երբ տեսնում է, թե ինչ կյանքով են այսօր ապրում իր նախկին փողոցային ընկերները։

«Ոմանք բերդում են․․․ կան աղջիկներ, որ ժամանակին գումար էին մուրում եւ այսօր անբարո կյանքով են ապրում», - պատմում է նա, - «Ես դրա համար շատ եմ վշտանում, որ իրենց ճակատագիրը այդպիսին եղավ»։

«Օրրան» կենտրոնը, որը Երեւանում գործում 2000 թվականից եւ այսօր կացարանով ու սնունդով է ապահովում ավելի քան 90 խոցելի կամ մուրացկանությամբ զբաղվող երեխաների, տնակ ու փոքրիկ հողամաս է գնել ու նվիրել Արթուրին՝ հավատալով, որ նա այլեւս փողոցի ճամփան չի բռնի:

Արթուրն արդարացրել է իր հետ կապված հույսերը։ Նա հպարտությամբ է ցուցադրում իր կացարանն ու խնամքով աճեցրած ծաղիկները, մրգատու ծառերը։ Ցուցադրում է իր գրական ու թատերական հավաքածուները, ասում է՝ անգամ փողոցային տարիներին չի դադարել ընթերցել իր սիրելի Չարենցին:

«Բախտ եմ ունեցել նույնիսկ Կապուտիկյանի տանը լինելու։ Շատ մեծերի հետ եմ շփվել՝ Պերճ Զեյթունցյանի, Կապուտիկյանի, Օհան Դուրյանի», - պատմում է Արթուրը։

Խնամքով պահում է Խորեն Աբրահամյանից ստացված երկտողը, ում մոտեցել էր փողոցային կյանքի տարիներին:

«Օրրան» կենտրոնում Արթուրին համարում են եզակի դեպք. մարդուն փողոցից կտրելու դեպքերը հաճախ չեն լավ ավարտ ունենում: Կենտրոնի շնորհիվ մասնագիտություն էլ է ձեռք բերել. 6 ամիս է իր տնակում վարսահարդարությամբ է զբաղվում: Օր կա՝ 500 դրամ է, վաստակում, օր էլ կա՝ 5000: Բայց չի դժգոհում։

«Կյանք է դա։ Ապրում ես․․․ կարեւորը՝ փողոցում չեմ», - ասում է Արթուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG