Մատչելիության հղումներ

Դեր Զորի Նահատակաց հուշահամալիրը չի փլուզվել


Ռմբակոծություն Սիրիայում, 8-ը նոյեմբերի, 2012
Ռմբակոծություն Սիրիայում, 8-ը նոյեմբերի, 2012

Հայոց ցեղասպանության համահայկական խորհրդանիշ եւ վկայարան հանդիսացող Դեր Զորի Նահատակաց հուշահամալիրը եւ մատուռը չեն տուժել եւ առավել եւս չեն փլուզվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հալեպի ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը` նշելով, թե այս կառույցները ռազմական գործողությունների ընթացքում երբեք թիրախ չեն հանդիսացել:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Հալեպի Նոր Գյուղ թաղամասի Սուրբ Գեւորգ եկեղեցուց հետո մեծապես տուժել են նաեւ Դեր Զորի Նահատակաց հուշահամալիրն ու մատուռը:

Ժիրայր Ռեիսյանի խոսքով` փլուզվել են նշված շինությունների մերձակա շենքերը, ինչ արդյունքում որոշ ոչ մեծ վնաս է պատճառվել եկեղեցուն:

«Այդ զինվորական գործողությունների ընթացքում ետեւի շենքը լրիվ քանդվել է, կողքի շենքը այրվել է, բայց եկեղեցին երբեք թիրախ չի եղել. այդ կրակոցների եւ պայթյունների ընթացքում կողքի շենքերից քարեր են ընկել մեր եկեղեցու շրջակայքում եւ ներս, բնականաբար, ապակիները փշրվել են», - պատմեց Ռեիսյանը:

Բերիո թեմի բանբերը փոխանցեց, որ ներկայումս Ազգային առաջնորդարանը շարունակում է ստուգումները` պատճառված վնասի վերաբերյալ ամբողջական պատկերը ստանալու համար:

Ավելի վաղ` հոկտեմբերի 29-ին Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում հրկիզվել էր Սուրբ Գեւորգ եկեղեցին: Առաջնորդարանը խստորեն դատապարտել էր այս արարքը:

Ինչ վերաբերում է սիրիահայ համայնքում տիրող իրավիճակին, ապա, ըստ Ժիրայր Ռեիսյանի, որեւէ շրջադարձային իրադարձություն այս պահին տեղի չի ունեցել: Նույն սպասողական վիճակը շարունակվում է, ասում է Բերիո թեմի բանբերը:

«Ոչ մի բան չի փոխվել, արտահոսք չկա, սպասողական վիճակի մեջ ենք, մարդիկ հույս ունեն, որ մի բան ավելի լավին կգնա, սպասում են», - ասաց Ռեիսյանը:

Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դեռեւս որեւէ տեղեկություն չկա Սիրիայում մոտ տասը օր առաջ պատանդառված սիրիահայերի մասին:

Իսկ մինչ այդ Սիրիայում կատաղի բախումները շարունակվում են՝ պատճառ դառնալով նորանոր մարդկային զոհերի: Միջազգային լրատվամիջոցները փոխանցում են, որ շարունակվող ռազմական գործողություններին զուգընթաց սիրական ընդդիմությանը հաջողվել է համախմբմանը միտված մի լուրջ քայլ կատարել: Անցած գիշեր սիրիական ընդդիմադիր խմբավորումների առաջնորդները Քաթարում ստորագրել են միավորված կոալիցիայի ստեղծման վերջնական համաձայնագիր, որին միացել է նաեւ Սիրիական ազգային խորհուրդ ազդեցիկ միավորումը:

Հայտնի է դարձել նաեւ, որ միավորումը կգլխավորի նախագահ Բաշար Ասադի երդվյալ հակառակորդ, իսլամական քարոզիչ շեյխ Ահմադ ալ-Խաթիբը:

Սիրիական ազգային խորհրդի ղեկավար ժորժ Սաբրան, գոհունակություն հայտնելով համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, նշել է, որ ընդդիմության նոր՝ միավորված կառույցի բոլոր անդամներն էլ լավ եւ Սիրիայում հայտնի մարդիկ են, ովքեր հեղափոխության ընթացքում շատ զոհողությունների են գնացել: Որպեսզի շփոթություն չառաջանա մինչ այժմ առանձնաբար գործող ընդդիմադիր խմբավորումների անվանումների հետ կապված, նոր կառույցն անվանվել է «Սիրական հեղափոխական ուժերի եւ ընդդիմության ազգային կոալիցիա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG