Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 10-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանի ներքաղաքական կյանքում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կամաց-կամաց «ջրի երես» են հանում քաղաքական այս կամ այն ուժի, քաղաքական այս կամ այն գործչի իրական նպատակները: Արդեն գրել ենք, որ մեզանում հարգի է թիմային քաղաքական պայքարը, եւ տեւական մի շրջան, այսպես կոչված, ընդդիմությունը ցաքուցրիվ, բայց հաստատ անորոշ վիճակում էր: Հիմա ինչ-որ բաներ պարզվում են: Հասկանալի է, որ քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերից ոչ մեկը ինքնուրույն որեւէ հաջողություն ունենալ չի կարող` լուրջ գաղափարախոսությունից զուրկ լինելու եւ թույլ լինելու պատճառով: Ի՞նչ են անում այս դեպքում։ Տարրական տրամաբանությունը հուշում է, որ թույլերը պիտի միավորվեն, միավոր դառնան, հետեւաբար, հաջողության հույս ունենան: Բայց այս միավորմանն էլ խոչընդոտում էր մեր ներքաղաքական կյանքին բնորոշ ֆենոմենը` «ես եմ լինելու»: [...] Բայց ընդդիմադիր դաշտում կա՞ մի գործիչ, որն իսկապես հավատում է «իր անձի շուրջ» այդ բաղձալի համախմբմանը: Գրեթե ոչ մեկն էլ չի հավատում. խոսքն այս դեպքում հասարակության մասին է»:

Ընդդիմության հնարավոր միավորման թեման է շոշափում նաեւ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը` գրելով. - «Եվ այսպես, ԲՀԿ-ն առաջարկում է մի գաղափար, որի շուրջ իսկապես կարող է համախմբվել ողջ քաղաքական դաշտը` բացի ՀՀԿ-ից։ Խոսքը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական կառավարման անցնելու մասին է։ Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակության մեջ «համախմբող գաղափար» վաղուց կա, եւ դա «ինչ-որ ձեւով էս իշխանություններից պրծնելու» գաղափարն է։ Բայց քանի որ այդ դեպքում միշտ հարց է առաջանում, թե ո՞վ պիտի լինի հաջորդ նախագահը, համախմբումը, որպես կանոն, տեղի չի ունենում։ Դրա համար էլ ԲՀԿ-ն քննարկումների հիմքում դրել է այն հարցը, թե ինչ պիտի լինի հետո։ Այսքանը կարծես թե հասկանալի է։ Իսկ ի՞նչ է ասում Կոնգրեսը։ Կոնգրեսը ասում է` շատ լավ է, որ ուզում ենք միասին քննարկել հետոյի հարցերը, բայց եկեք քննարկենք նաեւ, թե ոնց անենք, որ բոլորս միասին խորհրդարանում անվստահություն հայտնենք այս իշխանություններին, համ էլ` համատեղ ուժերով միտինգներ անենք։ Մի խոսքով` ասում է «էկեք նաղդը թողած նիսյայի հետեւից չընկնենք»։ Սա աշխատող մեխանիզմ է։ Ընդդիմությունը խորհրդարանում առնվազն 50-60 պատգամավոր ունի։ Հիմա պատկերացրեք` այդ 50-60 պատգամավորները խորհրդարանում իշխանությունների անվստահության հարցն են բարձրացնում, դրան զուգահեռ էլ Ազատության հրապարակում (կամ որեւէ այլ տեղ) համատեղ հանրահավաք է անցկացվում, որին չլինի-չլինի` էլի մի 80-100 հազար մարդ կմասնակցի։ Հարց է ծագում` քանի՞ օր կդիմանա խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը։ Հավատացնում ենք` երկար չի դիմանա»։

«168 ժամ»-ի ուշադրության կենտրոնում եւս ներքաղաքական խմորումներն են. - «Բոլոր ընտրություններից առաջ հայաստանյան կյանքում կեղծիքի չափաբաժինը զգալիորեն ավելանում է։ Այս ընտրությունները եւս բացառություն չեն։ Սակայն նախորդներից տարբերվում են նրանով, որ կեղծում են, առանց բացառության, բոլորը։ Խոսքը ոչ թե ընտրակեղծիքի, այլ հասարակության հետ հարաբերություններում քաղաքական ուժերի կեղծ վարքագծի մասին է։ Եթե նախկինում գոնե ընդդիմությունը պահպանում էր ազնվության որոշակի սահմաններ, ապա այս ընտրություններին ընդդիմադիր համարվողները չեն զիջում իշխանություններին։ Դրա մասին են վկայում այն «ուղերձները», որոնցով կուսակցությունները ներկայանում են հասարակությանը, թեեւ իրականում նրանք այդ ուղերձներով խոսում են ավելի շատ միմյանց եւ իշխանության հետ։ Գրեթե բոլոր ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, մասամբ` նաեւ ՀԱԿ-ը, հայտարարում են, որ ցանկանում են համախմբվել «ընդհանուր գաղափարի», «երկրի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման ուղիների» եւ այլ գեղեցիկ, բայց անիրական կատեգորիաների շուրջ։ Ընդ որում, այս ուժերի մի մասն` ի դեմս ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի, առաջարկում է համախմբվել, ասենք, խորհրդարանական կառավարման կարգի շուրջ, մյուս մասը` ի դեմս ՀԱԿ-ի` ցանկանում է համախմբվել ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Արդյունքում, եթե նույնիսկ համախմբվում են, ապա` իշխանությունն ինչ-որ կերպ կիսելու շուրջ»։

«Ժողովուրդ»-ը արձագանքում է The Wall Street Journal-ին Հայաստանի նախագահի տված վերջին հարցազրույցին, որում Սերժ Սարգսյանը ասել էր, թե հայկական ուժերը անհամափաչ ուժգին հարված կհասցնեն Ադրբեջանին, եթե վերջինս ուժային քայլերի դիմի։ Թերթը այս կապակցությամբ գրում է. - «Անվերջ հոխորտացող Ադրբեջանին նման հստակ զգուշացումը, այն էլ` ամերիկյան պարբերականի էջերից, իհարկե որոշակի մեսիջներ է պարունակում, որոնք ուղղված են ոչ միայն Ադրբեջանին, այլեւ այդ երկիրն իրենց գեոքաղաքական նպատակներում օգտագործել ցանկացող քաղաքական կենտրոններին։ Այս առումով, ամենեւին պատահական չէ, որ Սարգսյանն այդ հարցազրույցում անդրադառնում է Իրանի շուրջ հնարավոր զարգացումներին եւ դրանց անցանկալի հետեւանքներին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ կոնկրետ Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների տիրույթում։ Իրանի դեմ որպես պլացդարմ օգտագործվելու պատրաստակամության դիմաց Ղարաբաղի հարցում ցանկալի լուծում պահանջող Ադրբեջանին անհամաչափ հարվածով սպառնացող Սերժ Սարգսյանն այդպիսով համապատասխան կենտրոններին հասկացրել է, որ չարժե հարեւան երկրին տրվող խոստումներում շատ շռայլ լինել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG