Մատչելիության հղումներ

Իրանի երկրաշարժից տուժած վարհավարցիները մնացել են երեք պատի մեջ


Հայաստան – Սոկրատ Առաքելյանը ցույց է տալիս Վարհավար գյուղի իր տան փլուզված պատը, արխիվ
Հայաստան – Սոկրատ Առաքելյանը ցույց է տալիս Վարհավար գյուղի իր տան փլուզված պատը, արխիվ

Սյունիքի մարզպետարանը դեռեւս չի գնահատել երկրաշարժի պատճառած վնասի չափը։

Վարհավար գյուղի 73-ամյա բնակիչ Սոկրատ Առաքելյանն ու նրա կինը արդեն երրորդ ամիսն է՝ գնահատում են կառավարական ենթակառուցվածքների գործունեության օպերատիվությունը:

Առաքելյանների ընտանիքը մեկն է այն երեք ընտանիքներից, որ ձմեռում է Վարհավարում։ Այս մարդիկ իրենց տուն այցելողների հետ զրույցները սկսում են պետական բյուջեից սնվող պետական մարմինների գործունեության արդյունավետության քննարկմամբ:

Եթե օգոստոսի 11-ի երկրաշարժից փլուզված Սոկրատ Առաքելյանի եւ նրա կնոջ՝ Ձայնիկ Դավեյանի տան չորրորդ պատի փոխարեն տաք եղանակին բացվում էր բարձրադիր սարերի բնապատկերը, ձմեռնամուտի պայմաններում նրանք կարողացել են ընդամենը հայթայթել մի պոլիէթիլենային երկնագույն թաղանթ՝ ծածկ։ Մինչեւ երկրաշարժը այդ ծածկի փոխարեն տան չորրորդ՝ հյուսիսային պատն էր։ Այդպես էլ պետական հոգատարությանը չարժանացած այս մարդկանց համար սովորական է հարցադրումը, թե օրըստօրե ցրտող եղանակային պայմաններում ինչպե՞ս է հնարավոր ապրել երեք պատի մեջ:

«Իհարկե՝ դժվար է։ Գիշերը ցուրտ է՝ մրսում ենք», - ասում է տանտերը։ - «Իշխանավորները ինչ ուզում են՝ ընենց էլ անում են, էլի։ Մենք ի՞նչ անենք, աղքատ մարդիկ ենք։ Մեզ ով ա հաշվի առնողը»։

Մեղրիի տարածաշրջանի՝ Իրանից փշալարով առանձնացած այս սահմանամերձ գյուղում բնակվող տարեց մարդիկ հարազատ գյուղի հարազատ տունը ճգնում են փրկել վերջնական ավերումից, մինչ երկրաշարժին հետեւած հետցնցումները շարունակվում են:

«Միտքս դա է, որ է՜ 58 թվին՝ էրեխա վախտս սարքել եմ, հիմա էլ որ քանդվի՝ սիրտս կպայթի», - ասում է Սոկրատ Առաքելյանը։

Պետական ուշադրությանը չարժանացող այս մարդիկ հույս ունեն, որ գոնե նախագահի ընտրությունների կապակցությամբ ավտոշարասյուները կուղեւորվեն նաեւ Մեղրի, եւ պաշտոնավարման ժամկետի ապահովման ակնկալիքով գոնե կլսեն այս մարդկանց:

Պաշտոնյաների վերջին խոսքը այս թեմայով Սյունիքի մարզպետարանից էր. մեր նախորդ այցելության ժամանակ Սյունիքի մարզպետարանում տրամադրել էին օգոստոսի 13-ի արձանագրությունը Վարհավարի քսաներկու տների վնասների վերաբերյալ։ Դա ուղարկվել էր տարածքային կառավարման նախարարություն, այնտեղից էլ՝ սեպտեմբերի վերջին, փոխանցվել կառավարություն:

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, թե Սյունիքի մարզպետարանը չի կատարել իր հիմնական գործառույթը՝ տվյալ իրավիճակում, չի պարզել տուժած բնակիչների վնասի չափը եւ քանի դեռ գնահատված չէ վնասը, կառավարությունը որոշում կայացնել չի կարող։ Եվ թեեւ Սյունիքի մարզպետարանում վստահեցնում էին, որ իրենց գործն արել են, փաստորեն՝ ստացվում է, որ Սյունիքի մարզպետարանը չի արել այն, ինչ պարտավոր էր:

Կառավարության եւ մարզպետարանի պարտականությունների սահմանների ճշգրտման այս ամբողջ ընթացքում պետության քաղաքացիները շարունակում են ճշգրտել պետական կառույցների վերաբերյալ իրենց գնահատականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG