Մատչելիության հղումներ

«Հայկական ուժերը անհամաչափ ուժգին հարված կհասցնեն Ադրբեջանին, եթե այն ուժային քայլերի դիմի»


Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում դիմում է զորավարժություններին մասնակցող զինվորներին, 23-ը հոկտեմբերի, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում դիմում է զորավարժություններին մասնակցող զինվորներին, 23-ը հոկտեմբերի, 2012
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեղինակավոր Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ հայկական ուժերը «անհամաչափ» ուժգին հարված կհասցնեն Ադրբեջանին, եթե վերջինս ուժային քայլերի դիմի։

Ըստ պարբերականի, Սերժ Սարգսյանը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում զինված հակամարտությունը վերականգնելու՝ Ադրբեջանի ցանկության առնչությամբ: Նախագահը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մոտ երկու տասնամյակ երկարաձգվող հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ մատնանշելով աշխարհի կարեւորագույն էներգետիկ միջանցքներից մեկում լարվածության աստիճանական աճը:

«Դժբախտաբար Ադրբեջանը, իմ համոզմամբ, զինված հակամարտությունը վերսկսելու հարմար առիթի է սպասում: Վստահ եմ, որ այդպիսի սխալը թեեւ կվնասի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդներին, սակայն մեծագույն վնասը կկրի Ադրբեջանի՛ ժողովուրդը», - Wall Steet Journal-ին ասել է Հայաստանի նախագահը` հավելելով. - «Եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնա ոչնչացման վտանգ, ապա մենք չենք կարող մի կողմ քաշվել»:

Հղում անելով դիտորդների կարծիքին` պարբերականը նշում է, թե Սերժ Սարգսյանի այսօրինակ խիստ խոսքը մասամբ հասցեագրված է ներքին լսարանին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում կոշտ գծի կողմնակից սփյուռքահայության լայն շրջանակներին:

«Պարոն Սարգսյանը, ով մոլի շախմատասեր է եւ իր քաղաքական հեղինակությունը կերտել է պաշտպանության նախարարի պաշտոնում երկարամյա գործունեությամբ, հույս ունի հաղթել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում եւ պաշտոնավարել եւս հինգ տարի», - նկատում է Wall Steet Journal-ը` հավելելով, որ Սարգսյանի մեկնաբանությունները պայմանավորված են նաեւ վերջին ամիսներին ահագնացած քարոզչական պատերազմով, ինչը մտահոգել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին:

Համառոտ ներկայացնելով հակամարտության նախապատմությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունները` պարբերականը մատնանշում է վերջին շրջանում թշնամական հռետորաբանության առավել սաստկացումը` պայմանավորված 2004 թվականին Հունգարիայում հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելու եւ հերոսին վայել ընդունելություն ցույց տալու հանգամանքով:

«Ո՞րն է Ադրբեջանում հայերի նկատմամբ նման ատելության մթնոլորտ ստեղծելու իմաստը. այն, որ ավելի հեշտ է ստեղծել նման մթնոլորտ, քաջալերել ատելության քարոզչությունը, քան դիմագրավել եւ հաղթահարել այդ ատելության հետեւանքները», - պարբերականին ասում է նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս համատեքստում Wall Steet Journal-ը հիշեցնում է, որ Բաքուն անցած 5 տարիներին սպառազինվելու համար ծախսել է 11 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստանը` 2 միլիարդ դոլար: Հղում անելով Միջազգային ճգնաժամային խմբին` պարբերականը նշում է, որ երկու երկրների կառավարություններն էլ ձեռք են բերում ժամանակակից հարձակողական զինհամակարգեր, այդ թվում մինչեւ 45 մղոն հեռավորության վրա գտնվող թիրախները ոչնչացնելու ունակ ռուսական հրթիռներ:

«Որքանով Ադրբեջանը կհաջողի իր այս ծրագրերն իրագործելու հարցում, դա կախված է միջազգային հանրության դիրքորոշումից եւ հայկական զինված ուժերի մարտունակությունից», - նշում է Հայաստանի նախագահը:

Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադառնում է նաեւ սահմանակից Իրանի դեմ հնարավոր հարվածներին` նշելով, թե այդ հարցը Հայաստանի համար ծայրահեղ մտահոգության առարկա է: Նման զարգացումը եւս, ըստ Հայաստանի նախագահի, կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG