Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ի մամուլ


«Հրապարակ»-ին հարցազրույց է տվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Լրագրողը հարցնում է. - «Բացահայտվեց գոմեշի մսի դեպքը, սակայն Արշալույս Փայտյանը, ով գլխավոր պատասխանատուն է, ազատության մեջ է: Անգամ նրա հարցաքննվելու վերաբերյալ տեղեկություն չկա: Ինչո՞ւ նա քրեական պատասխանատվության չի ենթարկվում»: Նախարարը պատասխանում է. - «Ինքն արդեն պատժվել է ադմինիստրատիվ առումով, աշխատանքից ազատվել է, մնացած հարցերը դատախազություն կարող եք ուղղել: Այդ գործով զբաղվում են իրավապահ մարմինները: Կարծում եմ, որ եւ նախաքննության, եւ այս ժամանակահատվածի ընթացքում իրատեսական մոտեցում են ցուցաբերել, ու իրականում այն խաբելու փաստը, որը տեղի է ունեցել, այդ մարդիկ իրենց պատիժներն ստացել են, իսկ քրեական ուղղությամբ համապատասխան գործընթացներն են»: Հարց. - «Հանրությունը քրեական պատասխանատվություն է ակնկալում»: Պատասխան. - «Ես քրեական պատասխանատվության համար պատասխանատու չեմ, իսկ մնացածը պաշտպանության նախարարի հրամանով պատժվել են. ծառայողական քննություն է անցկացվել, եւ համապատասխան տույժեր են ստացել, բայց պաշտոնից, բացի Փայտյանից, այլ ազատումներ չեն եղել»:

«Ժողովրդի» խմբագիրը գրում է. - «Առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին օդուջրի պես անհրաժեշտ է ոչ թե սովորական վերընտրություն, այլ աննախադեպ` համոզիչ պայքարի արդյունքում ձեռք բերած անառարկելի հաղթանակ: 2008-ին արյան գնով ձեռք բերած հաղթանակից հետո Սերժ Սարգսյանը թերեւս ավելի լավ, քան որեւէ մեկը, իր մաշկի վրա զգացել է՝ ինչ ասել է լինել բացարձակ լեգիտիմություն չունեցող նախագահ: Եվ եթե 2008-ին Ս. Սարգսյանի լեգիտիմության աստիճանը, ըստ էության, որոշեց Ռոբերտ Քոչարյանը` իրականացնելով մարտի 1-ը, ապա այս անգամ գրեթե ամեն ինչ Ս. Սարգսյանի ձեռքում է, եւ նա ձգտելու է անել առավելագույնը, որպեսզի իր պաշտոնավարման երկրորդ փուլում լինի առավելագույնս ուժեղ եւ անկախ, քանի որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած արտաքին մարտահրավերները (մասնավորապես Եվրոպա-Ռուսաստան երկընտրանքը) շատ ավելի լուրջ են, եւ դրանց միայն ուժեղ իշխանությունը կարող է դիմագրավել»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանում պետք է որ վաղուց արդեն անպիտան լիներ այն տեխնոլոգիան, երբ որեւէ քաղաքական ուժ զբաղված լինելով ընդամենը սեփական նեղ անձնական եւ կլանային խնդիրները լուծելով, այդ ամենը մատուցեր ազգի մասին մտահոգության տեսանկյունից: Հայաստանի հասարակությունը, փաստորեն, դարձել է մի սուբյեկտ, որի հանդեպ կարելի է անարգել կիրառել միեւնույն փորձը, եւ որը այդ փորձի անհաջողություններից բացարձակապես չի սթափվում եւ չի ընդդիմանում: Այսինքն` հասարակությունը սուբյեկտից վերածվել է օբյեկտի, ինչի դրսեւորումն էլ մենք տեսնում ենք տվյալ պարագայում ԲՀԿ նախաձեռնությամբ: Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը զբաղված են Սերժ Սարգսյանի հետ իրենց ունեցած հաշիվներով: Ակնհայտ է, որ նրանցից ինչ-որ մեկը մյուսին խաբել է, խախտել ինչ-ինչ պայմանավորվածություններ: Հատկապես ով է խաբողը կամ խախտողը` հայտնի չէ: Գուցե Սերժ Սարգսյանն է պայմանավորվածությունները խախտել եւ այսօր Ծառուկյանն ու Քոչարյանը դրա համար էլ դուրս են եկել նրա դեմ, իսկ միգուցե հակառակն է` նրա դեմ դուրս գալով Ծառուկյանն ու Քոչարյանն են պայմանավորվածություններ խախտում: Ոչ մեկին պարզ չէ, որովհետեւ նրանց պայմանավորվածություններին ոչ ոք ներկա չի եղել, այդ ամենը տեղի է ունեցել հասարակության, քաղաքացիների աչքից հեռու»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Վերջին օրերին ընդդիմադիր ուժերը ակտիվորեն քննարկում են ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ: Երեկ ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց, որով տեղեկացնում է, թե քննարկել է ԲՀԿ-ի առաջարկը, սակայն կարծում է, որ «այդ կոնսուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել: Ուշագրավ է երրորդ կետը. «Ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային եւ այլ միջոցառումների անցկացումը»: Փաստորեն ՀԱԿ-ը ԲՀԿ-ին առաջարկում է քննարկել իր` այդպես էլ չկայացած միտինգի կազմակերպման խնդիրը, բնականաբար այդ հոգսը թողնելով կամ առաջիկա միտինգին մարդուժով ապահովելու դժվարին պարտականությունը բարդելով «Բարգավաճի» վրա»:

«Իրավունք»-ը, հիշեցնելով, որ ներկայիս Ընտրական օրենսգրքի համահեղինակներն են եղել Նաիրա Զոհրաբյանը եւ Վարդան Բոստանջյանը, Բոստանջյանի հետ զրուցում է այդ օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանի պահանջի մասին. - «Դե, Նաիրա Զոհրաբյանը կարող է իր գնահատականները տալ: Ժամանակներն անընդհատ ու արագորեն փոփոխվում են եւ քաղաքական ուժերը կարող են իրենց դրսեւորումներն ունենալ ամեն պահի առումով: Իսկ ինչ վերաբերում է մեր համահեղինակներ լինելու ժամանակահատածին, տվյալ պարագայում մենք հետեւողականորեն եւ լուրջ աշխատել ենք օրենսգրքի վրա: Գոնե առնվազն ես հասկանում եմ, որ ԲՀԿ-ն 2007 թվականին կայացած ընտրություններից հետո 2012-ի ԱԺ ընտրությունների ժամանակ կտրուկ` 2-2.5 անգամ գերազանցել է այն թիվը, որ ստացել էին ընտրողներից 2007-ին: Դա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ չի կարելի այդպես գնահատել, թե ընտրական օրենսգիրքը եղել է վատը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG