Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. 2013 թվականը ես ինձ վրա պետք է վերցնեմ


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
Նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է սկսված պայքարը հասցնել տրամաբանական ավարտին:

Այս մասին երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, որ եթե իր թեկնածության շուրջ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբում չլինի, արդյոք դուրս կգա՞ ընտրապայքարից եւ կսատարի մեկ այլ թեկնածուի: Հովհաննիսյանը ասաց, որ այս շրջանում հանդիպել է մոտ 100 քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների, երիտասարդների հետ` փորձելով պարզել նրանց տեսակետը եւ նրանց թեկնածուն դառնալու պատրաստակամությունը:

«Բայց ցավոք, եւ միգուցե բնականաբար, շատերը թվաբանական հաշվարկ են անում եւ նայում են դեպի 2018 թվական: Ի՞նչ օգուտ հիմա… դա ինձ համար հասկանալի է, դրա համար ես ժամանակից շուտ այն եզրակացության եկա, որ 2013-ը թվականը ես ինձ վրա պետք է վերցնեմ, եւ այնպիսի դաշտ ստեղծենք, որ 2018-ին ընդառաջ ունենանք ազատ, արդար ընտրություններին հարիր քաղաքական վիճակ Հայաստանում», - ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նախընտրական շրջանում ինչ-որ մի պահի չի հանի իր թեկնածությունը, Հովհաննիսյանը պատասխանեց. - ««Ժառանգությունը» իր համագումարը կանի դեկտեմբերի 15-ին, ես հայտարարել եմ իմ մտադրության մասին` մասնակցելու նախագահական ընտրություններին եւ այդ պայքարը տանել մինչեւ իր տրամաբանական ավարտը, մինչեւ այն ինչ, որ ես ակնկալում եմ կլինի հաղթանակ: Եթե դեկտեմբերի 15-ին ուրիշ վիճակ է, մենք միասին կդիտարկենք»:

Հովհաննիսյանն ասաց, թե իր եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ կընթանա անհավասար, բայց միեւնույն ժամանակ հաղթահարելի մրցակցություն. դրա համար Հայաստանի շարքային քաղաքացին եւ քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ եթե կրկին ունենան ոչ թե դե յուրե ընտրված նախագահ, ապա դա երկիրը տանելու է փակուղի:

«Եթե անտարբերությունը, ճակատագրապաշտությունը շարունակվի այսպես, մենք գնում ենք դեպի փակուղի, եւ փակուղին կլուծվի բռնի ձեւով, եւ այդ բռնությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկին պետք չէ», - ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է անելու, որպեսզի առաջիկա երեք ամիսների ընթացքում արթնացնի քաղաքացիական հասարակությանը, որպեսզի մարդիկ իսկապես պայքարեն իրենց ընտրելու իրավունքի համար, Հովհաննիսյանն ասաց, թե անելու է այն, ինչ արել է վերջին 20 տարում` պետք է ներկա լինի հրապարակում` պահելով կապը քաղաքացիական հասարակության հետ:

«Եվ ես համարում եմ` որքան էլ հիմնավոր են այդ քննադատությունները, թե ընտրություններով ի՞նչ պիտի փոխենք, արդեն որոշվել է եւ այլն, այս մտայնությունից մենք պետք է վեր կենանք եւ այո, դա հաղթահարելի է, եւ պետք չունենք խանդով կամ նախանձով նայել Վրաստան կամ որեւէ ուրիշ տեղ: Մենք կարող ենք անել դա: Այն ժողովուրդը, որ 1988 արեց, կարող է փոխել իր սեփական ընթացքը», - ասաց նա:

Հովհաննիսյանը խոստովանեց, որ «Ժառանգությունը» նախընտրական ծախսերի հետ կապված միշտ էլ կանգնած է եղել ֆինանսական խնդիրների առջեւ եւ երկու անգամ մասնակցել են խորհրդարանական ընտրություններին նվազագույն միջոցներով: Պատճառը, ըստ Հովհանիսյանի, այն է, որ իրենք բիզնեսմեն չունեն, ինքը որեւէ բիզնես եւ որեւէ այլ շահութաբեր գործունեություն չի ծավալում Հայաստանում:

«Ես լիարժեք ազատ եւ անկախ եմ», - ընդգծեց «Ժառանգության» առաջնորդը. - «Եթե մեր օրենքը չփոխվի մինչեւ ընտրություններ, դա նշանակում է, որ յուրաքանչյուր թեկնածու կարող է ծախսել առավելագույնը 100 միլիոն դրամ: Եթե որեւէ թեկնածու որեւէ կուսակցությունից ծախսի մեկ լումա ավելի, քան 100 միլիոն դրամը այս ընտրությունների համար, սրանք հակաօրինական ընտրություններ են լինելու: Մենք աղբյուրներ կգտնենք հանգանակելու մեր քաղաքացիներից, սրտացավ հայրենակիցներից 100 միլիոն դրամ եւ ոչ ավելի»:

Հովհաննիսյանն ասուլիսում անդրադարձավ նաեւ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» փոխհարաբերություններին: Հիշեցնենք, «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեցին, որ խորհրդարանում այլեւս չեն ներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը: Երկու ուժերի միջեւ վեճը սկսվեց այն բանից հետո, երբ «Ժառանգությունը» հայտարարեց, թե ընտրություններից առաջ Քոքոբելյանը պարտավորվել էր խորհրդարան մտնելուց հետո վայր դնել մանդատը, սակայն չէր կատարել խոստումը: «Ազատ դեմոկրատները» հայտարարում են, թե նման պայմանավորվածություն չի եղել:

«Կային տարբեր տեսակի քաղաքական, բարոյական պարտավորություններ` ոչ միան մանդատների կապակցությամբ, որոնք չկատարվեցին: Իսկ եթե որեւէ մեկը կարծում է, որ ես պետք է վախենամ քաղաքական պահից, որ նախընտրական շրջան է, ուրեմն ես ճշմարտությունը ստի դիմաց չպետք է բացահայտեմ, դա սխալ է: Այս թեման փակված է, ես լավագույնն եմ մաղթում «Ազատ դեմոկրատներին», ես ավելացնելիք չունեմ այս թեմայով», - այսօր ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG