Մատչելիության հղումներ

Ակտիվիստները դատապարտում են նախարարի մեկնաբանությունը


Հայաստան -- Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երեւան, արխիվ
Հայաստան -- Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երեւան, արխիվ

Հրայր Թովմասյանը քրեակատարողական հիմնարկներում ինքնախեղման դեպքերի առնչությամբ իր մեկնաբանության շուրջ ծագած իրավիճակը սկանդալային չի համարում։

Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դատապարտելով քրեակատարողական հիմնարկներում ինքնախեղման դեպքերի առնչությամբ նախարար Թովմասյանի վերջին մեկնաբանությունը։ Ակցիայի մասնակիցները թել ու ասեղ հանձնեցին արդարադատության նախարարին եւ դրանց կից նամակով նրան հրավիրեցին «կարուձեւի դասընթացի»։

«Մենք՝ հասարակության ներկայացուցիչներս, ձեզ համար նախատեսված կարուձեւի դասընթացի շրջանակներում պահանջում ենք, որ դուք կարեք ձեր բերանը` հասարակության կողմից տրամադրված ասեղ ու թելով», - մասնավորապես ասված էր նամակում, որը Արդարադատության նախարարության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ընթերցեցին ակտիվիստները, - «Այս դասընթացի առաջադրանքը չկատարելու դեպքում պահանջում ենք ձեր հրաժարականը»:

Բողոքի ակցիային մասնակցողները դատապարտում են արդարադատության նախարարի հրապարակային մեկնաբանությունը, թե՝ ազատազրկման վայրերում բերան կարելը սովորական ինչ-որ բան է դարձել:

Նախարար Թովմասյանը, տեղեկանալով ակցիայի մասին, իր աշխատասենյակից իջավ ներքեւ։ Ակտիվիստները, սակայն, հայտարարեցին, որ նախարարին ասելու բան չունեն եւ կողմ քաշվեցին։

Փոխարենը նախարարը դիմեց լրագրողներին․ - «Երբ որ մեկը լսում է ինչ-որ մի բան, հետո այդ մասը իր ընկալմամբ փոխանցում է մյուսին, հետո երրորդը սկսում է կոմենտներ անել, ստացվում է այն, ինչը որ կա»։

Հիշեցնենք՝ չորեքշաբթի օրը Հրայր Թովմասյանը, արձագանքելով մի քանի օր առաջ ի նշան բողոքի մատ կտրած եւ բերան կարած դատապարտյալների քայլին, մասնավորապես ասել էր․ - «Մի մասը, որը բերանն է կարում, այդ մարդկանց մոտ այդ անցքերը արդեն կան։ Իրենց համար սովորական ինչ-որ բան է դարձել։ Այսինքն, ինչպես որ աղջիկները ականջօղ են կրում, այդպես էլ իրենց համար այդ կարելն է»։

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց ճշտել նախարարի վերաբերմունքը ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Այն, որ ինչ-ինչ պատճառներով հանրության ուշադրությունը մեծացել է՝ նորմալ եմ համարում», - ասաց Հրայր Թովմասյանը։

Մեր դիտարկմանը, թե՝ փաստորեն սկանդալային իրավիճակ է ստեղծվել, նախարարը հակադարձեց՝ «ի՞նչն է սկանդալային, ես չեմ տեսնում այդպիսի բան»։
XS
SM
MD
LG