Մատչելիության հղումներ

Մանկական պոլիկլինիկաները բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն


«90-ականների համեմատ այսօր մանկական մահացությունների ցուցանիշը Հայաստանում կրճատվել է 62 տոկոսով, սա իհարկե լավ արդյուքն է, սակայն դեռեւս բավարար չէ», - ասում է Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Ցուցանիշը, ըստ նրա, տարիներ շարունակ ոլորտում իրականացվող բարեփոխումների, նպատակային ծրագրերի, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունք է:

Ոլորտում խնդիրները, այդուհանդերձ, դեռեւս շատ են: Երեւանի եւ մարզերի մանկական պոլիկլինիկաների գերակշիռ մասը այսօր վերանորոգման, անհրաժեշտ սարքավորումներով վերազինման եւ լավ մասնագետների կարիք ունի:

«Եթե Երեւանում խնդիրը որոշ չափով լուծված է, ապա մարզերում պատկերն այլ է: Շատ հետ ենք քաղաքից, նույնիսկ պրիմիտիվ սարքավորումներ չունենք», - ասում է Արարատի մարզի գլխավոր մանկաբույժ Սուսաննա Մամիկոնյանը:

Մի շարք պոլիկնլինիկաներ չունեն լոկալ ջեռուցում: էլեկտրական սալիկներով ջեռուցվում են միայն սենյակները: Արմավիրի պոլիկլինիկայի մանկաբույժ Գայանե Ազատյանը նշում է, որ իրենք ունեն նաեւ տարածքի եւ մասնագետների խնդիր. - «1200-1500 երեխային սպասարկում է մեկ մանկաբույժ, տարածքն էլ շատ փոքր է, չկան սենյակներ»:

Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշում է, որ այժմ իրենք աշխատում են շտկել բոլոր այդ խնդիրները. վերանորոգվում են պոլիկլինիկաները, ապահովվում բուժսարքավորումներով, Կապանում, Գորիսում, Գյումրիում ստեղծվում են մանական վերակենդանացման ծառայություններ: Սակայն այստեղ էլ մասնագետների պակաս կա:

Սարիբեկյանի պնդմամբ` ընդհանուր առմամբ վերջին տարիներին առողջապահության բյուջեն չի ավելացել, սակայն դա չի վերաբերում մոր եւ մանկան առողջության ոլորտին: Ոլորտի ներդրումները երկու անգամ աճել են:

Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետն ասում է, որ բարձրացվել են նաեւ բժիշկների աշխատավարձները, մինչդեռ դա մանկաբույժներին անհանգստացնող թիվ մեկ խնդիրն է:

«Բոլորս էլ սիրով աշխատում ենք, ուղղակի ֆինանսը չի բավարարում կարիքները հոգալու համար: Ստանում ենք ընդամենը 80-90 հազար դրամ», - ասաց Գայանե Ազատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG