Մատչելիության հղումներ

Պատանդառված հայերը դեռ ազատ չեն արձակվել


Սիրիացի ապստամբները Հալեպի մերձակա Քարմալ բնակավայրում, 18-ը հոկտեմբերի, 2012
Սիրիացի ապստամբները Հալեպի մերձակա Քարմալ բնակավայրում, 18-ը հոկտեմբերի, 2012
Երկուշաբթի օրը Սիրիայի ընդդիմադիրների կողմից պատանդառված 10 սիրիացիները դեռ ազատ չեն արձակվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Պատանդներից 7-ը ազգությամբ հայեր են, որոնցից 5-ի անունները Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր երկու օր առաջ: Երկուսի անունները դեռ չեն ճշտվել:

Ըստ որոշ ոչ պաշտոնական աղբյուրների` Սիրիական բանակը բանակցություններ է վարում ընդդիմության հետ` պատանդառված քաղաքացիներին ետ վերադարձնելու ուղղությամբ: Համաձայն հայաստանյան մամուլում շրջանառվող լուրերի` այսօր լրանում է ընդդիմության սահմանած ժամկետը, ըստ որի եթե կառավարական զորքերը ընդդիմությանը ետ չվերադարձնեն իրենց 150 զինյալներին, ապա նրանք կսպանեն պատանդներին: Հալեպի ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանն ասում է, որ պաշտոնական որեւէ հաղորդագրություն այդ մասին չի եղել:

«Ընթացքի մեջ այդ հարցի հետապնդումը առողջ լուծման հասնելու համար: Այդ բոլորը բերանացի խոսքեր են, ոչ մի պաշտոնական փոխանցում չի եղել», - ասաց Ռեիսյանը:

Երկուշաբթի օրը Բեյրութից Հալեպ ուղեւորվող քաղաքացիական ավտոբուսի 10 ուղեւորները պատանդ էին վերցվել ընդդիմադիրների կողմից: Բերիո թեմի բանբերն ասում է, որ ավտոբուսում ուղեւորներն ավելի շատ են եղել, թեեւ նրանց թիվը հստակ հայտնի չէ: Ըստ Ռեիսյանի` ընդդիմադիրները կանանց ու աղջիկներին ազատ էին արձակել, իսկ տղամարդկանց` պատանդառել:

Հալեպում իրավիճակը սրվեց անցած ամռան սկզբից, երբ կառավարության ու ապստամբների զորքերի միջեւ ընթացող մարտերը հասան նաեւ հայաշատ այդ քաղաք: Ըստ պաշտոնական տվյալների, անցած ամիսներին զոհվել է ավելի քան 4 տասնյակ հայ, որոնց գերակշիռ մասը խաղաղ բնակիչներ էին:

Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սմբուլ Սմբուլյանն «Ազատություն» ռադիոկայանին Հալեպից փոխանցեց, որ քրիստոնյաներով բնակեցված թաղամասերը գտնվում են կառավարության զորքերի հսկողության ներքո, բայց իրավիճակի փոփոխություն Հալեպում չկա: Թեեւ հայերի շրջանում զոհերի առկայությանը, դրանք թիրախավորված չէին, ասում է Սմբուլյանը:

«Երկու տեսակ ուժեր կան` մեկը օրինավոր իշխանությունն է, մյուսը` զինված խմբեր են: Ամեն մի խումբն ունի իր ղեկավարը: Ընդդիմությունը ոչ կազմակերպված է, ոչ էլ մեկ ղեկավար գլուխ ունի, եւ այդ խմբավորումները մինչ օրս որեւէ մի նվաճում, որեւէ մի հաջողություն չեն ունեցել», - ասաց նախկին պատգամավորը:

Սմբուլյանն ասում է, որ հայկական համայնքը դրամի կարիք ունի, քանի որ նրանք, որոնց աշխատատեղերը գտնվում են, Սմբուլյանի բնորոշմամբ, ահաբեկչական շրջաններում, «չեն կարողանում իրենց օրապահիկը ապահովել»:

Հայկական համայնքի կարիքները լուծելու համար Հայկական բարեգործական ընդհանուր միությունը անցած օգոստոսին որոշում կայացրեց մեկ միլիոն դոլար հատկացնել սիրիահայերին: Նույն խնդիրների համար վերջերս այս կառույցում հանգանակվեց 250.000 դոլար, իսկ Հայաստանում ստեղծված «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը վերջերս 16 տոննա սնունդ ու դեղորայք ուղարկեց Հալեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG