Մատչելիության հղումներ

Ինտերնետային վտանգների առումով խոցելի երկրների ցանկում Հայաստանը 3-րդ տեղում է


Կասպերսկու լաբորատորիայի` վերջերս հրապարակած զեկույցներից մեկում Հայաստանը հայտնվել է ինտերնետային վտանգների առումով խոցելի երկրների ցանկի առաջին տասնյակում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը Տաջիկստանից եւ Ռուսաստանից հետո:

«Ինտերնետ հանրություն» կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը համաձայն չէ ուսումնասիրության մեթոդաբանության հետ, թեեւ չի բացառում, որ մեր երկրում վարակված համակարգիչների թիվը իսկապես մեծ է. - «Մենք ասում ենք, որ Հայաստանը բարվոք չէ, բայց երրորդ տեղի վերաբերյալ, թե ոնց են հաշվել, մենք կասկածներ ունենք»:

«Երբ որեւէ համակարգչում օգտագործվում է անօրինական ծրագիր եւ չկա հակավիրուսային թարմ ծրագիր, այն պոտենցիալ վիրուսակիր է ու վտանգ է ներկայացնում բազմաթիվ այլ համակարգիչների համար», - բացատրեց Սաղյանը:

Ժամանակակից վիրուսները տեղավորվում են համակարգչում այնպես, որ օգտագործողն այդ մասին չի էլ իմանում եւ հրահանգի դեպքում հարձակվում են որեւէ կայքի կամ համակարգչի վրա՝ այդպիսով ձեր համակարգիչը իր վատ պաշտպանվածության պատճառով, դառնում է վտանգավոր այլ համակարգիչների համար:

Որքան շատ են որեւէ երկրում կիրառվում անօրինական օպերացիոն համակարգեր, այնքան հավանական է, որ այդ երկրում համակարգիչները վարակված լինեն:

Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի տվյալներով, անօրինական Windows-ից օգտվողների թիվը Հայստանում մոտ 87 տոկոս է: Ընկերության գրասենյակը Հայաստանում բացվել է 2006-ին, երբ Microsoft-ի անօրինական ծրագրերից օգտվողները կազմում էին համակարգչից օգտվողների 96 տոկոսը:

«Ցանկացած երկրում պետությունը հեղինակային իրավունքի ամենամեծ օգտագործողն է` եւ ոչ միայն համակարգչային: Եվ պետության օրինակը շատ կարեւոր է այդ իրավիճակը ուղղելու համար», - ասաց Բարսեղյանը` հավելելով, որ ընկերությունն անընդհատ աշխատում է օրինական ծրագրերի տարածման ուղղությամբ:

2007-ին Հայաստանի կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Microsoft-ի, որով Հայաստանը նաեւ պարտավորվել է բարելավել հեղինակային իրավունքի պաշտպանությունը եւ պետական կառույցներում անցնել օրինական ծրագրերի օգտագործմանը:

Գրիգոր Բարսեղյանի փոխանցմամբ, առայժմ պետական հաստատություններից օրինական Windows գնել են Սփյուռքի, Կրթության ու գիտության, էկոնոմիկայի նախարարությունները:

Օրինական windows ձեռք բերելը պետության համար կարող է թանկ հաճույք լինել, թեեւ ընկերությանը պետական կառույցներին տրամադրում է զեղչեր: Վերջին՝ Windows 8-ը խանութում վաճառվում է 30-60 հազար դրամով` կախված տարբերակից: Բայց, ինչպես նշեց Գրիգոր Սաղյանը, եթե չեն ցանկանում ծախսել մեծ գումարներ ու գնել օրինական Windows, կարող են անվճար ձեռք բերել Linux օպերացիոն համակարգը, ինչը պետական մարմիններում ու ուսումնական հաստատություններում նույնպես չի արվում:

«Անվտանգության տեսակետից համակարգչային գիտելիքներին տիրապետելը Հայաստանում գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Շատերը պարզապես չեն պատկերացնում, որ անհրաժեշտ է հակավիրուսային սարքավորում ունենալ», - նշեց նա` հավելելով, որ Linux, Mac OS օպերացիոն համակարգերից, վերջին տարիներին նաեւ լիցենզավորված Windows-ից օգտվելիս համակարգիչները պաշտպանված են, քանի որ այս համակարգերը ունեն սեփական հակավիրուսային ծրագրերը ու ապահովում են համակարգչի անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG