Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Հոկտեմբերի 28-ին Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարի Ռիդին մեծարեց կազմակերպության բարձրագույն եւ ամենահեղինակավոր՝ Ազատության մրցանակով:
Ցավոք, սենատոր Ռիդը, երկու օր առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով, չկարողացավ մասնակցել Հայ Դատի հանձնախմբի տարեկան հանդիսավոր միջոցառմանը: Սենատորի շարասյունը հայտնվել էր վեց ավտոմեքենաների խցանման մեջ Լաս Վեգասի ավտոմայրուղում: Բարեբախտաբար, սենատոր Ռիդը լրջորեն չէր վնասվել`բացի մի քանի կողոսկրերի վնասվածքներից:
Հանդիսության ժամանակ իմ ներածական խոսքում նշեցի, որ Հայ Դատի հանձնախումբը մեծարում է Ամերիկայի ամենաազդեցիկ օրենսդիրներից մեկին` ազգին մատուցած նրա բացառիկ ծառայությունների եւ հայ ժողովրդի ձգտումներին նրա երկարամյա աջակցության համար:
Ես շեշտեցի, թե «մեծամասնության ղեկավարը ջանասիրաբար աշխատել է Միացյալ Նահանգների կառավարության ամենաբարձր օղակներում, հաճախ լուռ ու մունջ` ամերիկահայերի հարցերն ու արժեքները պաշտպանելու համար: Նա հովանավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար Սենատի կողմից ներկայացված բոլոր բանաձեւերը»:
Հանդիսությանը սենատոր Ռիդի հարգելի բացակայության պատճառով, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ընթերցեց սենատորի պատրաստած ելույթը եւ նրա անունից ընդունեց Ազատության մրցանակը: Ստորեւ ներկայացնում ենք սենատոր Ռիդի ելույթի կարեւոր հատվածները.
«Ցավում եմ, որ ավտովթարի պատճառով չեմ կարող ձեզ հետ լինել այս երեկո: Ես բարձր եմ գնահատում Հարութ Սասունյանին` լոբբինգի բնագավառում նրա երկարամյա գործունեության համար, եւ ի վերջո, իր բարեկամության համար:
«Անշուշտ, Հայ Դատի հանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին սատարելու գործում՝ նրանց համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում:
«Ես վայելել եմ ամերիկահայերի ընկերությունը` սկսած մարաթոն վազքերի իմ մարզընկեր Արթ Դաքեսյանից, մինչեւ իմ ընկեր ու նախկին փաստաբանական գրասենյակի հաճախորդ Քըրք Քըրքորյանը:
«Ծնվելով Սըրչլայթ, Նեւադայում մի տան մեջ, որը զուրկ էր ներքին զուգարանից, տաք ջրից եւ այլ ժամանակակից հարմարություններից, ծանր էի տանում այդ իրավիճակը: Իմ ծնողները ուսում չունեին. հայրս չէր ավարտել ութերորդ դասարանը, իսկ մայրս` միջնակարգ դպրոցը: Պատանեկությանս տարիներին ինձ շրջապատող բաները, մեծ մասամբ, օրինակելի չէին եղել:
«Երկար տարիներ անցան, մինչեւ որ ես իսկապես ընդունեցի իմ ով լինելը: Բայց իմ պատանեկությունը՝ իմ ծննդավայրն ու պայմաններն էին ինձ դարձրել այն, ինչ եմ ես այսօր: Երբ ինքս դա հասկացա, դարձա ավելի լավ մարդ եւ ավելի լավ ամերիկացի:
«Ուստի, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ ինչ էլ լինեն ձեր կյանքի պայմանները` ընդունեք այն: Քանի որ Ամերիկայում դա կարեւոր չէ, ես վկայում եմ այդ մասին: Կարեւոր չեն ձեր տնտեսական պայմանները, կրոնը, ծնողների կրթությունը կամ ազգային ծագումը: Ամերիկայում բոլորս էլ կարող ենք հաջողության հասնել: Կարճ ասած, հպարտ եղեք նրանով, թե ով եք դուք:
«Ես ուրախ եմ, որ ընդունում եմ այս մրցանակը եւ վերահաստատում եմ իմ աջակցությունն ամերիկահայ համայնքին:
«Կրկնում եմ` Հայ Դատի հանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին սատարելու գործում՝ նրանց համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում:
«Դուք հաջողության եք հասել Հայոց ցեղասպանության իսկական պատմությունը պետության ղեկավարների ուշադրությանն արժանացնելու գործում:
«Որպես մեծամասնության ղեկավար, ես հազվադեպ եմ օրենսդրական ակտերի համահովանավոր եղել: Սակայն ես եղել եմ Հայաստանում, գիտեմ Ցեղասպանության պատմությունը, այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի երկարամյա համահովանավոր եմ եղել:
«Որպեսզի առաջ գնանք, կարծում եմ՝ պետք է ընդունենք անցյալը, որքան էլ այն դժվար եւ ցավալի լինի: Պետք է հարգենք զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք մատուցենք վերապրողներին:
«Ինձ բախտ է վիճակվել ներկայացնել Նեւադայի բարգավաճ եւ կենսունակ հայկական համայնքը, որը շուտով կավարտի նոր եկեղեցու շինարարությունը Լաս Վեգասում: Հայաստանում գտնվելու ընթացքում ես այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպեցի Կաթողիկոսի հետ:
«Հայկական համայնքի տոկունությունը եւ ուժը Նեւադայում, ինչպես նաեւ ամբողջ Միացյալ Նահանգներում, վկայություն է եւ պատիվ նրանց համար, ում կորցրել եք Ցեղասպանության ժամանակ: Մենք պետք է միշտ աչալուրջ լինենք Հայոց ցեղասպանության նման դաժանությունների հանդեպ, որպեսզի դրանք երբեք տեղի չունենան աշխարհի որեւէ անկյունում»:
Սենատոր Ռիդը կոչ արեց բոլորին «հարգել եւ հիշել այդքան բազմաթիվ զոհերի կորուստը՝ շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ընթացքում»:
Սենատի մեծամասնության ղեկավարը նաեւ իր գոհունակությունը հայտնեց, որ «Օբամայի վարչակազմը եւ Կոնգրեսի մի շարք անդամներ խստորեն դատապարտեցին Ադրբեջանի կողմից ադրբեջանցի զինվորական սպային ներում շնորհելը: Սպան ազատ էր արձակվել, չնայած որ դատապարտվել էր հայ զինվորական լեյտենանտին քնած ժամանակ գազանաբար կացնահարելու համար: Նրանք երկուսն էլ մասնակցում էին Հունգարիայում կայացած ՆԱՏՕ-ի դասընթացներին, որտեղ էլ տեղի էր ունեցել սպանությունը»:
Սենատոր Ռիդն իր խոսքն ավարտեց` կոչ անելով ամերիկահայությանը «շատ հպարտ լինել նրանով, որտեղից, որ դուք եկել եք եւ ձեր հայկական ժառանգությամբ»:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատոր Ռիդի հետ միասին մեծարեց նաեւ գործարար Վարանդ Մելքոնյանին, պատվելի Հովսեփ Մաթոսյանին, դոկտոր Ռուբինա Փիրումյանին եւ գրող Քրիս Բոհջալյանին:
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան