Մատչելիության հղումներ

Պետգնումների համակարգում «իրավական նորմերը ձեւական են»


Հայաստան -- Կառավարության շենքը Հանրապետության հրապարակում, արխիվ
Հայաստան -- Կառավարության շենքը Հանրապետության հրապարակում, արխիվ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետները ներկայացվեցին համակարգի բազմաթիվ թերացումներ:

Հայաստանում պետական գնումների համակարգը թափանցիկ չէ, իրականացվող մրցույթները խիստ կենտրոնացված են, իսկ այդ ամենը կարգավորող իրավական նորմերը հաճախ ունեն ձեւական նշանակություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեցին պետգնումների համակարգը շուրջ մեկ տարի մոնիթորինգի ենթարկած «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը եւ գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին համակարգի բազմաթիվ թերացումներ:

Արտակ Մանուկյանը, մասնավորապես, խոսեց այնպիսի դեպքերի մասին, երբ պետական հիմնարկները ինչ-որ ապրանքի կամ ծառայության գնման համար պարբերաբար մրցույթներ են իրականացնում, որոնց կարիքը տվյալ հիմնարկը մշտապես ունի (ասենք` համակարգիչներ կամ գրենական պիտույքներ), եւ այդ մրցույթներում հաղթում են որոշակի ընկերություններ, որոնք, ընդ որում, ավելի բարձր գին են պահանջում իրենց մատուցածի դիմաց, քան մրցույթին մասնակցած այլ ընկերություններ:

«Մենք ուսումնասիրել ենք՝ տեսել ենք, որ եթե նայենք 2012 թվականը․ 2012 թվականի ընտրական գործընթացներից հետո ուղղակի մեծացել է ռիսկային մրցույթների թիվը։ Ռիսկային մենք նաեւ անվանում ենք այն մրցույթները, որտեղ երկու մասնակից են եղել, մեկը ավելի ցածր գին է ներկայացրել, բայց հաղթել է ավելի բարձր գին ներկայացնողը։ Մեր տեսակետից դա ռիսկային մրցույթ է, քանի որ պետությունը մեզ չի տրամադրում այդ մրցույթների հիմնավորումը՝ ինչքանո՞վ է ճիշտ եղել, որ այս ավելի ցածր գին ներկայացրած սուբյեկտը չի դարձել հաղթող», - մանրամասնեց Մանուկյանը։

Փորձագետն անդրադարձավ նաեւ պարբերաբար հաղթող ընկերությունների խնդրին․ - «Որոշ պատվիրատուներ ունեն ակնհայտ նախընտրելի մասնակիցներ։ Այսինքն, եթե մի պատվիրատու որեւիցե մրցույթ է մի բնագավառում անում, պարբերական այդ մասնակիցը հաղթում է հենց այդ մրցույթներում»։

Անդրադարձ եղավ նաեւ «մեկ անձից» իրականացվող գնումներին: Խոսքը գնում է մեկ ընկերությունից կատարվող գնումների մասին, որը, ինչպես իր խոսքում նշեց Արտակ Մանուկյանը, օրինակ, Եվրոպայում շատ բացասաբար է ընկալվում, քանի որ դա նշանակում է, թե տվյալ պետական հիմնարկի կողմից իրականացված գնման ժամանակ իրականում մրցույթ չի իրականացվել․ - «Կան սահմանաչափեր, որը ասվել էր, որ աստիճանաբար մենք պետք է ձգտենք «մեկ անձ» երեւույթը կրճատել։ Թվում է, թե կառավարությունը բավականաչափ լուրջ է մոտենում այս «մեկ անձ» երեւույթին, որովհետեւ ստեղծվել է էլեկտրոնային կառավարության կայքը, որում հատուկ խորագիր է հատկացված «մեկ անձի» գնումներին։ Եվ ամեն ինչ, կարծես թե, լավ էր, սակայն 2011 թվականի օգոստոսից հետո այս կայքը ընդհանրապես չի թարմացվում»։

Պետական գնումների համակարգը հայտնվեց ուշադրության կենտրոնում սեպտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո, որի ժամանակ նա խիստ քննադատության ենթարկեց Կառավարությանը` գնումների համակարգում տեղ գտած բացթողումների համար: Խորհրդակցությունից հինգ օր անց Գնումների աջակցման կենտրոնի պետ Հակոբ Բեգլարյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Այսօրվա ասուլիսին «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանին լրագրողներից մեկը հարցրեց, թե Հակոբ Բեգլարյանի պաշտոնանակությունից հետո՝ մոտ մեկ ու կես ամիս անց, պետական գնումների համակարգում ինչ-որ բան փոխվե՞լ է։

«Ներկա դրությամբ չէի ասի, որ փոխվել է, բայց ակնկալել, որ այսքան պրոբլեմները մեկ ամսում կլուծվեն, ես նույնպես հրաշքների չեմ հավատում», - պատասխանեց Վարուժան Հոկտանյանը։

Ասուլիսին պետական գնումների շարքից անդրադարձ եղավ նաեւ հայտնի «գոմեշի մսի» գործին:

Հիշեցնենք՝ բանակին տավարի մսի փոխարեն մատակարարվել է գոմեշի միս, ինչի կապակցությամբ դեռ հունիսին քրեական գործ է հարուցվել։ Սակայն շուրջ չորս ամիս իրականացված նախաքննությունից հետո Զինված ուժերի բարձրաստիճան որեւէ ներկայացուցչի առ այսօր մեղադրանք ներկայացված չէ, եւ գրեթե երկու ամիս կալանավորված է միայն Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Այս ընթացքում պաշտոնից ազատվեց ու, ըստ մամուլի, Հայաստանից հեռացավ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ով համակարգում էր Զինված ուժերում գնումների եւ մատակարարումների ոլորտը: Ըստ Արտակ Մանուկյանի, հարց է առաջանում` միթե Զինված ուժերի համապատասխան ներկայացուցիչները չգիտեին, թե ինչ են գնում, երբ ձեռք էին բերում գոմեշի միս:

«Եթե դու ինձ մատակարարում ես ինչ-որ մի սխալ բան, եւ դա ես չեմ նկատում, դա, իմ կարծիքով, շատ քիչ հավանական է», - նշեց փորձագետը։

Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե գործի երկու անգամ երկարաձգվելուց հետո նախաքննությունը շարունակվում է, առայժմ մեղադրանք է ներկայացված միայն Օհանջանյանին։ Քննչական ծառայությունից նաեւ ասացին, որ գործով որպես վկա հարցաքննվել են եւս մի շարք անձինք, թեեւ հրաժարվեցին ասել նրանք Պաշտպանության նախարարությունի՞ց են, թե՞ ոչ: Գեներալ Փայտյանի մասով էլ փոխանցեցին, թե նա ո´չ որպես վկա, ո´չ էլ որպես մեղադրյալ չի անցնում այս գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG