Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ գործարարը չի վստահում Հայաստանի դատական ատյաններին


Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, «Արին կապիտալ» ընկերության նախագահ Էդմոնդ Խուդյանը, ում պնդմամբ իրեն պատկանող ընկերությանը օրենքի բազմաթիվ խախտումներով եւ միտումնավոր սնանկության հասցնելու միջոցով պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս, իսկ Հայաստանում այս գործով ընթացող դատավարությունն անհարկի եւ միտումնավոր ձգձգվում է, որոշել է ձեռնարկել բոլոր միջոցները, դատական գործընթացը Միացյալ Նահանգներում իրականացնելու համար:

Իր այդ մտադրության մասին ներկայումս ԱՄՆ-ում գտնվող Խուդյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հեռախոսով` նշելով, որ այլեւս կորցրել է հարցը հայաստանյան դատական ատյաններում լուծելու հույսը:

«Ակնհայտ փաստեր ունենալու դեպքում նրանք միջոցներ են ձեռնարկում դատական ամբողջ համակարգը կանգնեցնելու, կամ հանցագործներին ուղղակի պաշտպանում են, պատսպարում են», - հայտարարեց Խուդյանը` շարունակելով. - «Իրենց մոտ ամեն ինչը բացահայտված է. արդեն իրենք գիտեն` գործող անձինք, հանցագործության մանրամասնություններ: Ուղղակի մեր բոլորի իմացած կոռուպցիոն հանգամանքների հիման վրա չի բացահայտվում»:


Գործի նախապատմությունը

Խուդյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց գործի նախապատմությունը: Նրա ներկայացմամբ` Խուդյանի կողմից սփյուռքահայերից ներգրավված դրամական միջոցների հաշվին Երեւանում` Մաշտոցի պող., 33/1 հասցեում 2005 թվականին կառուցվել է 13-հարկանի բազմաբնակարան շենք: Շինարարության ավարտից հետո, սակայն, այն սփյուռքահայերը, ովքեր ֆինանսավորել էին շինարարությունը եւ շենքի սեփականատեր հանդիսացող «Արին Կապիտալ» ընկերության հետ ունեին նախնական պայմանագրեր, չեն ստացել ո'չ բնակարանները, ո'չ ներդրած գումարները: Փոխարենը, «Արին կապիտալ» ընկերության համասեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանն ու տնօրեն Էդուարդ Եսայանը շենքի բնակարանները սկսել են վաճառել տարբեր մարդկանց, իսկ գումարներն էլ, ըստ փաստաբանի, յուրացվել են:

Այնուհետեւ, Նիկոլայ Բաղդասարյանի պնդմամբ, Մանգասարյանն ու Եսայանը միտումնավոր սնանկացնում են «Արին կապիտալ»-ը, որպեսզի սփյուռքահայերը դատարանի միջոցով չկարողանան ետ վերադարձնել իրենց դրամական միջոցները:

Խուդոյանի փաստաբանները դիմել են ոստիկանություն, դատախազություն եւ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչություն` պնդելով, թե «Արին կապիտալ» ընկերությունը միտումնավոր է սնանկության հասցվել: Սակայն անցել են տարիներ, բայց գործի քննությունը դոփում է տեղում, քանի որ սփյուռքահայ ներդրողներից գումարներ յուրացրածների թիկունքին, ըստ փաստաբանների, կանգնած են իշխանության հովանավորությունը վայելող անձինք:

Յուրացված միջոցները, ընդհանուր առմամբ, կազմել են մոտ 5 միլիոն դոլար:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, խախտումները բազմաբնույթ են եւ վերաբերում են ոչ միայն տարածքները ապօրինի օտարելուն. - «Ի հայտ են եղել մի քանի լուրջ հանգամանքներ: Ընկերությունից տարբեր պատրվակներով առանձնապես խոշոր չափերի մի քանի միլիոն դոլարի հասնող գումարներ են ելքագրել տարբեր անձանց անուններով: Այդ անձինք իրականում այդ գումարները չեն ստացել: Կեղծ փոխառության պայմանագրեր են կազմել եւ այդ փոխառության պայմանագրերով են ստացել էլի մի քանի միլիոն: Ավելին` պարզվել է, որ իրենք շուրջ 150 միլիոն դրամի պարտավորություն ունեն պետության նկատմամբ` հարկեր չվճարելու համար»:

Կատարվածի մասին ամերիկահայ Էդմոն Խուդյանն օրերս նամակով տեղեկացրել է նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին՝ որում նշել է, թե համապատասխան միջազգային կոնվենցիայի եւ արբիտրաժային կանոնների հիման վրա միջոցներ է ձեռնարկում՝ այս գործով դատը ԱՄՆ-ում անցկացնելու եւ Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ: Խուդյանի փաստաբան Բաղդասարյանի պարզաբանմամբ` այդ գործընթացը կարգավորվում է նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ 1992 թվականին ստորագրված եւ 1996 թվականին ուժի մեջ մտած երկկողմ փաստաթղթի շրջանակներում:


Հայաստանյան արձագանքը

Ավելի վաղ այս խնդրով «Ազատություն» ռադիոկայանին տված պարզաբանման մեջ Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը նշել էր հետեւյալը. - «2007թ. ընդունված դատախազության մասին նոր օրենքի համաձայն, դատախազությունը նախաքննություն չի իրականացնում, այն քննչական մարմին չէ, եւ նշված քրեական գործերը քննվում են այլ քննչական մարմիններում: Իսկ եթե քննության ընթացքի վերաբերյալ կան դժգոհություններ, ապա օրենքով սահմանված կարգով` կարող են բողոքարկվել»:

Ներկայումս, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին ե'ւ Էդմոն Խուդյանը, ե'ւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, իրենց առաջնային նպատակն այն է, որ Խուդյանը գործով ճանաչվի տուժող, ինչից հետո արդեն շատ ավելի դյուրին կլինի բացահայտել կատարված չարաշահումները:

«Հենց տուժող ճանաչվեցի, անմիջապես ես հնարավորություն կունենամ յուրաքանչյուր փաստ հենց իրենց ներկայացնելու, որպեսզի իրենք ամենախիստ ձեւով անդրադառնան այս ամբողջ կատարվածին», - նշեց Խուդյանը:

Բաղդասարյանը հավելեց, որ Խուդյանին միտումնավոր կերպով տուժող չեն ճանաչում եւ դատավարությունն անհարկի ձգձգում են, որպեսզի հասցնեն օտարել ընկերության մնացած գույքը եւս:

«Ի վերջո այս ամենի համար պատասխան է տալու Հայաստանի Հանրապետությունը», - ասաց փաստաբանը:
XS
SM
MD
LG