Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. ԲՀԿ-ն ցանկանում է իր ունեցածը պահել


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) ոչ թե իշխանափոխություն է ուզում, այլ ցանկանում է իր ունեցածը պահել եւ եթե հնարավոր է` ավելացնել:

Սարգսյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, թե հենց ԲՀԿ-ն չի ասում, թե ինքն ընդդիմություն է, ասում է, թե ինքն այլընտրանք է իշխանությանը:

«Վարդան Օսկանյանը, որ ԲՀԿ-ի ամենաընդդիմադիր եւ քաղաքական տեսակետներ ասող անհատն է, չի ասում իշխանափոխություն, ասում է` իշխանությանն այլընտրանք, չի ասում` արդար ընտրություններ առանց ընտրակաշառքների, առանց բարեգործական փողերի, տրակտորների, ժամացույցների կամ պաշտոններ բաժանելու... ԲՀԿ-ն չի ասում` ես ուզում եմ ձեզ փոխել, իրենք ուզում են համար 2-ը լինել, իրենք հասկանում են, որ համար 1-ի ոչ արտաքին քաղաքական, ոչ ներքաղաքական, ոչ նյութական ռեսուրս, ոչ էլ նյութական ռեսուրսն օգտագործելու հնարավորություն իրենք չունեն: Դրա համար իրենք իրենց ոտքը վերմակից երկար չեն ձգում», - ասաց Սարգսյանը:

«Հանրապետության» նախագահի համոզմամբ` Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու հնարավորություն չունի: Մարդը, ով վախենում է ասել, որ ինքը ընդդիմություն է, նա փողոց, հրապարակ դուրս եկող չէ, իսկ առանց հրապարակի այս իշխանությունը իշխանություն տվող չէ, ասում է Սարգսյանը: Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաեւ ընդգծում է, որ այսօր անգամ առանց իշխանության թույլտվությունը ստանալու հնարավոր չէ երկրում ընտրակաշառք բաժանել կամ տրակտոր նվիրել:

«Փող ու տրակտոր բաժանելը պիտի թույլ տան: Վարդան Օսկանյանի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ Հանթսմանի տված գումարները բաժանելը այս իշխանությունը թույլ չի տալիս: Կարող ես շատ-շատ փող ունենալ այս երկրում ու չկարողանաս դա որպես ընտրակաշառք բաժանել: Այստեղ երկու խնդիր է լուծվում` ինչպես անել, եղածը պահել, ինչպես անել, որ եղածն էլ ավելի ավելացնել: Այս խնդիրներն են լուծում երկու թեւն էլ, ոչ ավելի: Ու այդ ամեն ինչը ներկայացնում են ժողովրդավարության, հայրենիքի, պետության հանդեպ ունեցած սիրո կոնտեքստներում», - ասաց Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են Հայ ազգային կոնգրեսում նշում, որ ԲՀԿ-ն ունակ է Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու, Սարգսյանն ասաց, թե չի ցանկանում դա մեկնաբանել, առավել եւս, որ ՀԱԿ-ում այդ մոտեցումների առումով իր տեսակետներ շատ հստակ արտահայտել է պատգամավորական մանդատը վայր դնելով եւ ՀԱԿ-ից դուրս գալով:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը ի վերջո նախագահական ընտրություններում կսատարի՞ Սերժ Սարգսյանին, ընդդիմադիր գործիչն ասաց, թե իր համար միեւնույն է, քանի որ ԲՀԿ-ի եւ Հանրապետականի միջեւ մեծ տարբերություն չկա:

«Դժբախտաբար, այդ հարցը դարձել է հայ քաղաքական դաշտի հիմնական հարցը: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ նմանությունները անհամեմատ ավելի շատ են, քան տարբերությունները: Ի՞նչ տարբերություն, թե իրենցից որն է: Մենք այսօր ունենք երկու հիմնական խնդիր` վերադարձնել հասարակության հավատը սեփական ուժերի հանդեպ եւ Հայաստանի նախագահական ընտրությունները անցկացնել` մրցակցությունը բերելով իշխանություն-ընդդիմություն դաշտ, ոչ թե իշխանություն-իշխանություն դաշտ: Ես համոզված եմ, որ ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցությունները, որոնք մարտի 1-ի հետ կապ չեն ունեցել, որոնք մարտի 1-ից հետո պաշտոններ չեն ստացել եւ իշխանական կարկանդակ իրենց մեջ չեն կիսել, ունեն ռեսուրս նորից 2013 թվականին նույն ժողովրդին փողոց հանել: Որովհետեւ այդ ժողովուրդը նույն ժողովուրդն է, ինչ 2003-ին, ինչ 2008-ին: Այս իշխանությունը նույն իշխանությունն է, նույն Սերժ Սարգսյանն է, նույն ԲՀԿ-ն է, նույն Ռոբերտ Քոչարյանն է, նույն Վարդան Օսկանյանն է», - ասաց Սարգսյանը:

Նշենք, սակայն, որ 2008-ի նախագահական ընտրություններում լրիվ այլ իրավիճակ էր. 10 տարվա լռությունից հետո ակտիվ քաղաքականություն էր վերադարձել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր շուրջն էր համախմբել բազմաթիվ ուժերի եւ հասարակության զգալի հատվածին, մինչդեռ այսօր լրիվ այլ իրավիճակ է: Առայսօր հայտնի է, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, մինչդեռ հասարակության համար պարզ չէ, թե ով կամ ովքեր են լինելու ընդդիմության թեկնածուները: Արամ Սարգսյանն ասում է, թե համաձայն է, որ այսօր 2008-ի իրավիճակը չէ, բայց եթե ոչինչ չարվի, ապա այդ իրավիճակը նույնը կմնա:

«Իհարկե, 2008-ին կար առաջին նախագահ, որը 10 տարի լռել էր, որը մտել է քաղաքականության մեջ ու իր ամեն խոսքը արճիճի ծանրություն ու կշիռ ուներ, ու ոչ միայն Հայաստանում` սկսած Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Գագիկ Ծառուկյանից, նույնիսկ դրսում սպասում էին, թե հաջորդ ելույթին Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ է ասելու: Հիմա սպասում են, թե Գագիկ Ծառուկյանն ինչ է ասելու, ու սրանում է հայկական քաղաքական դաշտի ամբողջ տխրությունը: Սրանում է նաեւ որոշակի քաղաքական ուժերի ողբերգությունը», - ասաց Սարգսյանը:

Հարցին, թե որոշում կայացրե՞լ է իր թեկնածությունը առաջադրելու վերաբերյալ, «Հանրապետության» ղեկավարը պատասխանեց. - «Ես շատ կուզենամ, որ 2013-ին էլ ընտրությունները տեղափոխվեն իշխանություն-ընդդիմություն դաշտ, իսկ այդտեղ առաջին խնդիրն է, որ այդ թեկնածուն լինի ընդդիմադիր դաշտից: Երբ դա եղավ, դա հստակ կերեւա: Եթե դա կլինեմ ես, ամբողջ նվիրումով կանեմ դա»:

Հավելենք, որ դեկտեմբերին, այսինքն մինչեւ նախագահի թեկնածուների առաջադրումը, «Հանրապետություն» կուսակցությունը գումարելու է իր հերթական համագումարը, որտեղ անդրադարձ կկատարվի նաեւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG