Մատչելիության հղումներ

Սփյուռքահայերը լիովին չեն ընտելանում արեւելահայերենին


ՀՀ սփյուռքի նախարարության խորհրդով հատուկ սփյուռքահայերի լեզվական խնդիրները հաղթահարելու նպատակով translator.am կայքի համակարգում մասնագետները ավելացրել են բաղադրիչ, որը հնչեցնում է ոչ թե պահանջվող բառը, այլ տառը:

Սփյուռքահայերը մոռանում են հայերեն տառերը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Translator.am առցանց բառարանային թարգմանության կայքի հիմնադիր Էդուարդ Մանուկյանը:

Սփյուռքահայերի` լեզվի հետ կապված խնդիրները շարունակում են մտահոգել ոչ միայն մասնագետներին, այլ նաեւ հենց իրենց` Հայաստանում կրթություն ստացող սփյուռքահայերին:

Սիրիայից Հայաստան եկած Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Մոսիկ Մինասյանը ասում է, որ համալսարանում հանձնարարվող նյութերը դասախոսներին արեւելահայերեն ներկայացնելիս լեզվական խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք ուսանողները փորձում են հաղթահարել դիմելով համացանցի օգնությանը:

«Ընդհանրապես կգործածենք Google Translator-ը կամ Bing-ի մեջ կթարգմանեինք: Արտահայտվելու պարագային կամ պարագրաֆ մը գրելու ատեն դժվար կըլլա կոր մենք արեւմտահայերեն կմտածենք, արեւելահայերեն որոշ չափով պիտի ներկայացնենք: Այդ տարբերակը քիչ մը դժվար է», - ասաց Մինասյանը:

2000 թվականին ստեղծված Translator.am առցանց բառարանային թարգմանության կայքը 2010 թվականից իր գործառույթների մեջ է ներառել նաեւ արեւմտահայերենից արեւելահայերեն թարգմանության տարբերակն ու հակառակը: Կայքի հիմնադիր Էդուարդ Մանուկյանի խոսքով` մոտ մեկ ամիս է, ինչ իրենց աշխատանքային թիմին է միացել սիրիահայ մասնագետը:

Այժմ բառարանում կա 70.000 հասկացություն եւ 85.000 արեւմատահայերեն բառ: Մանուկյանը ասում է` չնայած որ օրեցօր փորձում են ավելի ակտիվ աշխատել կայքի արեւմտահայերենի հատվածում, լեզվի մասնագետների օգնությանն են դիմում, այնուամենայնիվ, նրա հավաստմամբ` դրանով սփյուռքահայերի լեզվի հարցը չի լուծվի: Խնդրի լուծումը Մանուկյանը տեսնում է երկու լեզուներն իրար որքան հնարավոր է մոտեցնելու մեջ:

«Սա պետական լեզու է, նրանք պարտավոր են կամաց-կամաց ընդունել», - ասում է նա:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկ այլ սփյուռքահայ ուսանող Ռիտա Բերբերյանն էլ ասաց, որ արդեն երկու ամիս է Հայաստանում է, սակայն լեզուն հասկանալու հետ կապված դժվարություններ են առաջանում հատկապես հայերենի հետ ռուսերեն լեզվի գործածության ժամանակ:
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG