Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն փոխվարչապետերի ավելացման հարցը չի քննարկել


Հայաստան -- Կառավարության շենքը Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվ
Հայաստան -- Կառավարության շենքը Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվ
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սահմանադրական հանրաքվեի միջոցով փոփոխություններ կատարելու եւ փոխվարչապետերի ինստիտուտը ընդլայնելու մասին որեւէ տեղեկություն չունի։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արդարադատության նախարարի խոսնակ Կարինե Քալանթարյանը։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ Կառավարություն – Ազգային ժողով հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ սահմանադրական հանրաքվեի միջոցով փոխվարչապետերի թիվն ավելացնելու հարցը օրակարգում է եւ դրա շուրջ քննարկումներ են ընթանում։

«Այդպիսի գաղափարներ, իհարկե, կան։ Ինչպես անել, որպեսզի Կառավարության գործունեությունը լինի ավելի արդյունավետ կազմակերպչական տեսակետից», - նշել էր վարչապետը, - «այսօր Սահմանադրությամբ արձանագրված է, որ միայն 1 փոխվարչապետ կարող է լինել, ինչը հնարավորություն չի տալիս ըստ ոլորտների կոորդինացնող նախարարներ ունենալ, եւ այդ հարցը այսօր մեր օրակարգում կա։ Բայց թե դա երբ կլինի՝ այդ հարցը դեռեւս մենք չենք քննարկել»։

Չնայած վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հայտարարություններին, իշխող Հանրապետականը պնդում է, որ փոխվարչապետերի քանակը ավելացնելու հարցով պաշտոնական քննարկումներ չեն եղել։

Կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ եթե վարչապետն ասում է, որ իրենց օրակարգում այդ հարցը կա եւ իրենք քննարկում են, ուրեմն իսկապես քննարկում են, բայց Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես այդ խնդիրը չի քննարկել ոչ կուսակցության գործադիր մարմնի, եւ ոչ էլ քաղխորհրդի նիստերում։

Պատասխանելով մեր այն հարցին՝ եթե ոչ կուսակցությունում, ապա որտե՞ղ է վարչապետը դա քննարկել, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Տիգրան Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, Հանրապետության երրորդ դեմքն է եւ կարող է քննարկումներ ծավալել իր գործընկերների հետ։

Նշենք, որ մամուլը, վերջին շրջանում անդրադառնալով այս թեմային, գրում է, որ Կառավարության կազմում փոխվարչապետերի քանակն ավելացվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, իսկ այդ համագործակցության արդյունքում ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին։

Պատասխանելով մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ փոխվարչապետերի պաշտոնները ավելացվեն հենց ԲՀԿ-ի համար, Ազգային ժողովի փոխխոսնակն ասաց, թե քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, բայց նման փաստեր առայսօր չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG