Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 26-ի մամուլ


«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ներկայումս Սերժ Սարգսյանի հիմնական մրցակցի նշաձողը զբաղեցրել է ԲՀԿ-ն, որը եւս, սակայն, այդ առաքելությունն իրականացնում է բավական ցածր արդյունավետությամբ, եթե, իհարկե, այդ առաքելության հարցում չկա Սերժ Սարգսյանի հետ ներքին պայմանավորվածության քիչ թե շատ զգալի որեւէ բաղադրիչ: Քանի որ Սերժ Սարգսյանի մրցակիցները չկարողացան լուծել իրենց խնդիրները, այսինքն` այն խնդիրները, որ հանրությունն էր պատվիրել նրանց, ստացվեց, որ Սերժ Սարգսյանի համար մի շարք կարեւոր խնդիրներ գոնե ժամանակավորապես լուծվում են ինքնաբերաբար, եւ այդ իսկ պատճառով չափազանց ծանր մեկնարկային պայմաններով նախագահությունը նրա համար համեմատաբար ավելի հեշտ ստացվեց»:

«Իրատես de facto»-ի խմբագիրը հռետորական հարց է բարձրացնում` «Ընդդիմությանը կհաջողվի՞ կերտել միասնական թեկնածու», եւ պատասխանում. - «Միանգամից ասենք` ոչ: Ճիշտ է, այսօր որոշ ուժեր բանակցություններ են վարում` հասկանալու, եթե Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, ինչի հնարավորությունը նախորդ օրը պառլամենտում չժխտեց նաեւ Տիգրան Սարգսյանը` նոր կամ հին հուշագրի ձեւաչափով, ապա Վարդան Օսկանյանին հնարավո՞ր է կտրել ԲՀԿ-ից` իր «թեւով», «ճեղքում» ապահովել ու դարձնել միասնական թեկնածու, որի շուրջը կհավաքվեն «Սերժ Սարգսյան` մինուս» ուժերը, որպեսզի գոնե այդպես դուրս չմնան խաղից, չհայտնվեն լուսանցքում` էլ ավելի մարգինանալով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Վարդան Օսկանյանը պատրաստ չէ նման քայլի: Անչափ տրիվիալ պատճառով. գլխին կախված «գիլիոտինի», որն ամեն րոպե կարող է «գործել»` կալանավորման տեսքով: Եվ լուրջ երաշխիքների, ընդ որում, տրված ոչ թե քաղաքական ասպարեզում կենդանի մնալու, չմեռնելու իդեա-ֆիքսով տառապող ուժերից, այլ գերտերություններից, գոնե այս պահին, ինչպես երեւում է Օսկանյանի ռիտորիկայի վերջին մեղմացումից, չկան, իսկ առանց դրանց Օսկանյանն էլ ավելի մեծ խաղի մեջ չի մտնի»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «Ձեր կարծիքով, ընդդիմությունը երկրորդ անգամ չի՞ փորձի նույն գետը մտնել»։ Պատասխան. - «Շատ կցանկանայի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ նրանից՝ իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն, ընտրությունները դիտարկի ոչ թե որպես նոր ցնցումների կամ բախումների սկիզբ, այլ սովորական քաղաքական գործընթաց։ Առիթ ունեցել եմ ասելու՝ եթե որոշ մարդկանց կամ քաղաքական ուժերի պետք են ցնցումներ, ապա մեզ պետք է ուժեղ Հայաստան։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ ցանկացած փորձ՝ շեղելու իրավիճակը անցանկալի զարգացումների հունով, այլեւս դատապարտված է ձախողման։ Եթե ընդդիմություն ասելով՝ նկատի ունեք ՀԱԿ-ին, նույն գետը այլեւս ո՛չ հասարակությունը կմտնի, ո՛չ իրենց կողմնակիցները, իսկ եթե նույնիսկ փորձեն մտնել, միեւնույն է, քաղաքական գործընթացում եղանակ ստեղծել չեն կարող։ Նրանք արդեն այնքան ներքին խնդիրներ, տարաձայնություններ ունեն, որ չեն կարողանում կոնսենսուսի գալ անգամ այնպիսի կարեւորագույն հարցերի շուրջ, ինչպիսին ՀԱՊԿ պայմանագրի վավերացումն է»։

«Առավոտ»-ը Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է. - «Դուք է՞լ եք կարծում, որ Ռուբեն Հայրապետյանի դեպքը Հայաստանում քաղաքական հետապնդման օրինակ է»: Սահակյանը պատասխանել է. - «Ավելի շատ այստեղ բարոյական հետեւանքներ են: Նրան ոչ թե ստիպեցին հրաժարվել մանդատից, այլ ինքը այդպես ուզեց: Համաձայն եմ, որ նա բարոյապես հաղթեց բոլորին, սակայն այդ հարցը քաղաքականացրեցին»: Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ճնշում գործադրեցին ՀՀԿ-ի վրա, Սահակյանն արձագանքել է. - «Չէ, ճնշում չէ: Նախ` ես դեմ էի, որ մանդատը վայր դներ ու հարց առաջադրվեր: Դրանից հետո խնդիրը քաղաքականացրին, այսինքն` հասարակության մի փոքր մաս սկսեց հետապնդել»: Թերթի հարցին, թե կարող է պարզվել, որ Վազգեն Խաչիկյանն էլ է քաղհալածյալ, Գալուստ Սահակյանը պատասխանել է. - «Եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող է միայն Հանրապետական այդպես ասել, բայց մենք այդպես չենք մտածում»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Իշխանությունները, իհարկե, գիտեն, որ ամսական 35 հազար դրամով հնարավոր չէ ապրել: Նրանք գիտեն, որ հին աշխարհում նույնիսկ ստրուկներին օրը երեք անգամ կերակրում էին, իսկ մեր նվազագույն աշխատավարձի դեպքում, եթե կոմունալ ծախսերը հանենք, տակը կմնա օրական 500 դրամ, որով հնարավոր չէ երեք անգամ սնվել: Բայց սրանք դեռ մի բան էլ մուննաթ են գալիս ընդդիմության վրա` իբր ինչո՞ւ եք օդում խոսում եւ առաջարկում կրկնակի բարձրացնել նվազագույն աշխատավարձը, դրա փոխարեն կոնկրետ տեղը ցույց տվեք` որտեղի՞ց վերցնենք այդ գումարը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG