Մատչելիության հղումներ

Նոր արտոնություններ սիրիահայերին


Սիրիահայերը ժամանում են Երեւան, «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ.
Սիրիահայերը ժամանում են Երեւան, «Զվարթնոց» օդանավակայան, օգոստոս, 2012թ.

Կառավարությունը նպատակահարմար է գտնում նրանց ազատել բոլոր տույժերից եւ տուգանքներից:

Հայաստանի կառավարությունը շարունակում է ընդառաջել Սիրիայում ստեղծված ճգնաժամի պատճառով Հայաստան ժամանող սիրիահայերին:

Գործադիրն առաջարկել է Ազգային ժողովին լրացում կատարել պետական տուրքի մասին օրենքում` այդպիսով որոշ արտոնություններ տալով սիրիահայերին: Կառավարության առաջարկած նախագիծը ընդգրկվել է խորհրդարանի քառօրյայի օրակարգ:

Փաստաթուղթը երեքշաբթի օրը խորհրդարանականներին ներկայացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Շուրջ 5 հազար հայրենակիցներ, որոնց մի հատվածը` մոտավորապես 60 տոկոսը, եկել էր Հայաստան 21 օրվա կամ երկու ամսվա ժամանակով, սակայն իրերի բերումով նրանք երկարաձգում են, բնականաբար, իրենց կացությունը հայրենիքում, եւ այդ պատճառով առաջացել է խնդիր` վիզաների երկարաձգման, կացության կարգավիճակի, կացության ժամանակավոր կարգավիճակի հետ կապված. դա նշանակում է, որ նրանք պետք է գոնե մի քանի ամսվա համար առնվազն 150 հազար դրամ (մոտ 375 դոլար) մուծեն համապատասխան տուրք կամ տույժ», - ասաց նախարարը։

Սիրիահայերին աջակցելու համար կառավարությունը նպատակահարմար է գտնում նրանց ազատել բոլոր տույժերից եւ տուգանքներից:

«Եվ որպեսզի միայն Սիրիայում չլինի, Աստված մի արասցե, մենք ձեւակերպումը տվեցինք, որ եթե մարդու կյանքին եւ առողջությանը տվյալ երկրում, որտեղ ինքը ապրում է, սպառնում է վտանգ, ապա ընդհանրական ներկայացնել օրենքը, որպեսզի լինի ընդհանրապես։ Փաստորեն, մոտավորապես պետությանը 150 միլիոն դրամի, այսպես ասած, չասեմ վնաս` համենայն դեպս, բյուջե չի մուտքագրվելու, բայց կարծում ենք, որ անհրաժեշտություն է, եւ պետք է մենք չգանձենք որեւէ գումար սիրիահայերից ստեղծված իրավիճակում», - շարունակեց Հրանուշ հակոբյանը։

Պատգամավորներից եւ ոչ ոք որեւէ բացասական դիրքորոշում չհայտնեց առաջարկվող նախագծի վերաբերյալ, եւ, հավանաբար, քվեարկության դեպքում կառավարության առաջարկը կընդունվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG