Մատչելիության հղումներ

«Ռուսական հակահրթիռային համակարգերի թիրախը Թուրքիան է»


Ռուսաստան - C-400 Триумф համակարգը Աշուլուկի ռազմակայանում, օգոստոս, 2012թ.
Ռուսաստան - C-400 Триумф համակարգը Աշուլուկի ռազմակայանում, օգոստոս, 2012թ.
«Ռուսական հակահրթիռային համակարգերի թիրախը Թուրքիան է», - պնդում է Ստամբուլում լույս տեսնող Hurriyet պարբերականը:

Թերթի տեղեկություններով, Ռուսաստանը մինչեւ տարեվերջ նորագույն հակահրթիռային համակարգեր կտեղադրի իր հարավային սահմանագծին` ի պատասխան ՆԱՏՕ-ի կողմից նմանատիպ համակարգերի տեղակայմանը Արեւելյան Անատոլիայում:

Թուրքական թերթը նկատի ունի ռուսական արտադրության C-400 Триумф տեսակի հակահրթիռային համակարգերը, որոնք պաշտպանության նախարարությունը 2007 թվականից է սկսել առաքել Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին։

Այն, որ նորագույն այս համակարգերը տեղակայվեու են նաեւ հարավային ուղղությամբ, օրերս լրատվամիջոցներին էր հայտնել Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Իգոր Գորբուլը: Նրա խոսքով` Զինված ուժերի տրամադրության տակ եղած թվով հինգերորդ C-400 տեսակի հակահրթիռային համակարգը տեղակայվելու է հենց այս ռազմական օկրուգում:

Ի դեպ, Հարավային ռազմական օկրուգը Ռուսաստանի տարածքում ամենամեծերից մեկն է: Այն ընդգրկում է Ռոստովի մարզը, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերը, ինչպես նաեւ ողջ Հյուսիսային Կովկասը: Ավելին, Հարավային ռազմական օկրուգի կազմում են գործում Հայաստանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Ղրիմում տեղակայված ռուսական ռազմակայանները։

Գնդապետ Գորբուլը, սակայն, ռուս լրագրողների հետ զրույցում C-400-ի տեղակայման կոնկրետ վայրը չէր նշել` ասելով միայն, որ դրանք գալիս են փոխարինելու С-300ПМ հրթիռային համակարգերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե С-400 համակարգերը տեղակայվելու են կամ մերձմոսկովյան շրջաններում, կամ էլ Արեւմտյան ռազմական օկրուգում, որն անմիջականորեն հարում է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող այնպիսի պետություններին, ինչպիսին են բալթյան երկրները, Լեհաստանն ու Նորվեգիան:

Ռուսական կողմը պնդում է, որ С-400 Триумф հակահրթիռային համակարգը աշխարհում լավագույններից մեկն է: «Իր հնարավորություններով այն ավելի քան երկու անգամ ավելի արդյունավետ է, քան դրա նախորդը` հայտնի С-300-ը, որը, սակայն, այդքան էլ նոր չլինելով` շարունակում է գերազանցել ամերիկյան նմանատիպ Patriot հրթիռային կայաններին», - գրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ Kрасная Звезда-ն:

Ռուսական կողմը, ի դեպ, նշում է, որ С-400 համակարգերն իրենց արդյունավետությունը եւս մեկ անգամ ապացուցեցին անցած ամիս Աստրախանի մարզի Աշուլուկի զորավարժարանում կայացած լայնածավալ զորավարժությունների ընթացքում:

Ռուսական մամուլը, սակայն, պնդում է, որ Աշուլուկի զորավարժություններն այդքան էլ հարթ չեն ընթացել Ռուսաստանի զինված ուժերի համար:

«Զորավարժությունների ժամանակ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերն այդպես էլ չկարողացան խլացնել GPS արբանյակից ստացվող ազդանշանները, ինչի արդյունքում պայմանական հակառակորդի օդանավերին հաջողվել էր ճեղքել ռուսական կողմի հակաօդային պաշտպանության համակարգը», - սեպտեմբերի վերջին գրել էր մոսկովյան Известия թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG