Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ի հեռակա համակարգի մասնագիտությունների 70 տոկոսում մրցույթ չկա


Երեւանի պետական համալսարանում երեքշաբթի օրը ավարտվեցին հեռակա համակարգով ընդունելության քննությունները: Հատկացված 1100 տեղի համար դիմել էր 1050 ուսանող:

Դիմորդների թիվը, ըստ ԵՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանի, նախորդ տարիների համեմատ նվազել է: Պատճառն այն է, որ առկա համակարգով ընդունելության քննությունների ժամանակ բավական շատ դիմորդներ են ընդունվել, բուհերը մրցույթն անցկացվել են երկու փուլով:

Գալստյանը նշում է, որ արդյունքում մի քանի մասնագիտությունների գծով խումբ չի կարող ձեւավորվել, մոտ 70 տոկոս մասնագիտությունների գծով էլ մրցույթ չկա. -«Միջազգային հարաբերություններում, քաղաքագիտություն մասնագիտությամբ չունենք, տնտեսագիտության երկու մասնագիտություններով եւս, հոգեբանությունը, հայոց լեզու գրականությունը եւ այսպես շարունակ»:

Եթե վերոհիշյալ բաժիններ դիմորդները կարող են ընդունվել միայն դրական միավորներով, ապա մի քանի մասնագիտությունների գծով, այնուամենայնիվ, մրցակցություն է սպասվում:

«Սոցիալական աշխատանք, լրագրություն մասնագիտությունների գծով կա մրցույթ, ռոմանագերմանականում», - հավելեց Գալստյանը:

Հեռակա քննությունների թեստերը եւս կազմում են գնահատման եւ թեստավորման կենտրոնի մասնագետները, սակայն ինչպես նշում է Գալստյանը, դրանք ավելի հեշտ են:

Պատասխանատու քարտուղարը հերքում է այն կարծիքները, թե հեռակայի ժամանակ մեծանում են կոռուպցիոն ռիսկերը, ընդունվում են բոլոր ցանկացողները, եթե նույնիսկ չունեն բավարար չափով գիտելիքներ. - «Նույն վերահսկողությունն է, նույն չափանիշները, նույն հանձնաժողովը, նույն ստուգումը: Այն չի կարող շատ տարբերվել, դրա իրավունքն էլ չունենք», - ասում է նա:

Հեռակա հիմնականում դիմում են առկա համակարգ չընդունվածները, ինչպես նաեւ նրանք, ովքեր պարզապես ցանկանում են ուսումը համատեղել աշխատանքի հետ:

Քննությունից դուրս եկող դիմորդները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նշեցին, որ թեստերն իսկապես հեշտ էին, հանձնաժողովն էլ հնարավորության դեպքում օգնում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG