Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 16-ի մամուլ


«Առավոտ»-ը, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի եւ Շոտլանդիայի միջեւ երեկ ստորագրված` Շոտլանդիայի անկախության հանրաքվեին առնչվող փաստաթղթին, գրում է. - «Մենք` Կովկասի ժողովուրդներս, այդպես առայժմ չենք կարող ապրել։ Մեզ` հայերիս համար Արցախի անկախությունը Ադրբեջանից ամենեւին ոչ խորհրդանշական խնդիր է, որովհետեւ ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել եւ տարհանել Արցախում ապրող հայերին, եւ այդ նպատակը հարեւան երկրի ղեկավարությունն առանձնապես չի էլ թաքցնում։ Ընդհակառակը` ընդգծում է եւ ցուցադրում ամբողջ աշխարհին, օրինակ` նույն Ռամիլ Սաֆարովի պատմությամբ։ Նույնատիպ վտանգ կախված է նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի գլխին, եթե դրանք վերադառնան Վրաստանի կազմ։ Հետեւաբար` դա ոչ թե մեկ ժողովրդի, այլ առնվազն «տարածաշրջանային» մտածելակերպ է»։ «Երբ մենք փոխադարձաբար կճանաչենք միմյանց անձնական ազատությունն ու անկախությունը, այդ փոքր աղյուսներից կամաց-կամաց կկառուցվի եվրոպական արժեքների վրա հիմնված ժողովուրդների ընտանիք», - գրում է թերթի խմբագիրը։

«Չորրորդ ինքնիշխանության» դիտարկմամբ` նախագահական ընտրությունների վերաբերյալ հասարակության վերաբերմունքը խեղաթյուրված է. - «Ամբողջ խնդիրն այն է, որ մեր հասարակության զգալի մասը, չգիտես ինչու, նախագահի պաշտոնն ընկալում է որպես մրցանակ, որպես բոնուս, եւ քննարկվում է ոչ թե այն հարցը, թե ով լավագույնս կղեկավարի երկիրը, այլ այն, թե ով է ավելի արժանի այդ մրցանակին (այսինքն այդ պաշտոնով ենթադրվող արտոնություններին): Սա բավականին տարօրինակ մոտեցում է, որովհետեւ հայ մարդը, որպես կանոն, կենցաղային հարցերում բավականին պրագմատիկ է, եւ երբ, օրինակ, ցանկանում է վերանորոգել բնակարանը եւ պիտի արհեստավորներ ընտրի, երբեք չի ասում «այս մեկին ընտրեմ, որովհետեւ լավ մարդ է երեւում», կամ «էս մեկին կանչեմ, մեղք է, վեց երեխա ունի», այլ ընտրում է նրան, ով իր տված գումարի դիմաց լավագույնս կկատարի հանձնարարված աշխատանքը: Նախագահ ընտրելու դեպքում էլ նույնը պիտի լինի, որովհետեւ այստեղ էլ հասարակությունը որոշակի ժամկետով վարձում է ինչ-որ մեկին, վճարում նրան, որպեսզի նա այդ ընթացքում ղեկավարի երկիրը, ընդ որում` ղեկավարի այնպես, ինչպես պատվիրատուն է ուզում, այսինքն հասարակությունը: Բայց հասարակությունը, չգիտես ինչու, առանձնապես հակված չէ հարցը քննել այս տեսանկյունից»:

«Ժամանակ»-ի խմբագրականում փորձ է արվում հասկանալ, թե ի՞նչ է թաքնված հոկտեմբերի 1-ին կայացած մամլո ասուլիսին Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած այն արձանագրման տակ, թե Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն իր համար փակ թեմա չէ: Թերթը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարության մեջ արդեն իսկ հստակ էր, որ նա կարծես թե նոր դաշինքի ճանապարհ է ուրվագծում, եւ նման պայմաններում բնական է, որ համեմատաբար հին դաշինքը «Ազատ դեմոկրատներ»-ի հետ նրան պետք չէ, առավել եւս, որ դեմոկրատները բավական կոշտ դիրքորոշում ունեին Հայաստանի ներկայիս իրավիճակի հարցում ԲՀԿ-ի պատասխանատվության վերաբերյալ: Այսինքն` «Ազատ դեմոկրատները» ըստ էության արդեն ոչ թե դաշնակից, այլ բեռ էր դառնում Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանկարների համար, առավել եւս, որ նա ավելի լուրջ քաղաքական հեռանկարներ, քան «Բարգավաճ Հայաստան»-ի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կուրսի սպասարկման դափնիներն են, երեւի թե հայաստանյան քաղաքական դաշտում այլեւս չունի: Ի դեպ, այստեղ նաեւ որոշակիորեն նոր մրցակցություն է ձեւավորվելու Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ, թե ով է ավելի շատ օգնելու «Բարգավաճ Հայաստան»-ի եւ Քոչարյանի թեկնածուին»:

«168 ժամ»-ը արձագանքում է Համաշխարհային հայկական կոնգրես կազմակերպության նախագահ Արամ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե կազմակերպությունն առաջիկա ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը. - «Ի՞նչ է սա, եթե ոչ՝ օտար երկրի գործերին միջամտելու քայլ: Խնդիրը տվյալ դեպքում այդ կազմակերպության անդամների ծագումը չէ: Խնդիրն այն է, որ նրանք ռուսական քաղաքականության, ռուսական շահի կրողներ են եւ վստահաբար այդպիսին են լինելու նաեւ այն դեպքում, երբ ռուսական շահն իրացվի՝ ի հաշիվ հայրենիքի շահի: Բավական է հիշել նույն Արա Աբրահամյանի վերջին հայտարարությունները, մասնավորապես, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրի վերաբերյալ: Նա Մոսկվայում հայտարարում էր, թե Հայաստանի իշխանությունները պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները` Արա Աբրահամյանի կողմից սատարվող Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել են, որ այդ քայլը կարող է վտանգել բանակցային գործընթացը, եւ նպատակահարմար չի համարվում Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս կուրսի տեսանկյունից: Արա Աբրահամյանն այդպես էր հայտարարում, քանի որ այդ փուլում դա էր ցանկանում Ռուսաստանի իշխանությունը: Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, երբ սկզբունքային քաղաքական հարցերում Արա Աբրահամյանը, իմա՝ նաեւ նրա ղեկավարած կառույցները, նախապատվություն են տալիս ռուսական քաղաքական շահին: Այսինքն` այդ միավորի կողմից Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունը հենց այն դեպքն է, որը քաղաքագիտական բառապաշարով որակվում է՝ որպես այլ երկրի ներքին գործերին միջամտելու փորձ»:

Ըստ «Օրակարգ» թերթի աղբյուրների` կառավարությունը գաղտնի է պահում գազի թանկացման փաստը, քանի նախատեսում է ռուսական գազի գնի փոփոխությունը սուբսիդավորել «Գազպրոմին» «Հայռուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժնի մի մասի փոխհատուցման ճանապարհով. - «Այդ եղանակով կառավարությունը ցանկանում է մինչեւ նախագահական ընտրությունները՝ 2013թ. փետրվարը, կանխել վերջնական սպառողների համար սակագնի փոփոխությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG