Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ է արվել Խոսրովի արգելոցի տնօրենը


«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը եւ արգելոցի մի քանի այլ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Բնապահպանության նախարարության հաղորդագրությունը հավելում է, որ արգելոցի որոշ աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժերի:

Անցած ամիս բնապահպան ակտիվիստները արգելոցում հայտնաբերել էին Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի եւ բեզոարյան այծի մարմինների հատվածներ: Հարուցված քրեական գործով որպես կասկածյալ ձերբակալվեց Գառնի գյուղի 29-ամյա բնակիչ Նորիկ Սարգսյանը:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե պետք չէ Բարսեղյանի պաշտոնանկությունը կապել վերջին զարգացումների հետ: Ավալյանի խոսքով` նախարարությունը դժգոհ էր նրա աշխատանքից:

Ի պատասպան հարցին, թե արդյոք արդեն նախկին տնօրենը չպետք է քրեական պատասխանատվություն կրի կատարվածի համար, Ավալյանը նախ ասաց, թե չի բացառվում, որ Վորոնցով Բարսեղյանն անցնի այլ աշխատանքի, եւ շարունակեց. - «Քննությունը կավարտվի, բոլորս էլ արդյունքների մասին կիմանանք, կհասկանանք ե’ւ մեղավորը, ե’ւ անմեղը, եւ նոր վճիռներ ու որոշումներ կկայացնենք»:

Բնապահպան ակտիվիստները, սակայն, համոզված են, որ այս պաշտոնանկությունները չեն լուծում խնդիրը:

«Գտան ինչ-որ մարդկանց, որոնք ինչ-որ տեղ այս հարցի հետ կապ ունեն կամ չունեն, իրենց հեռացնում են, բերում են լրիվ իրենց մարդկանց են դնում: Մենք հետամուտ ենք լինելու, ու հաստատ իսկական մեղավորները գտնվելու են ու պատժվեն», -«Ազատություն» ռադիոկայանին ասաց Եղիա Ներսիսյանը:
XS
SM
MD
LG