Մատչելիության հղումներ

Jane's Intelligence. «ԼՂ-ի շուրջ իրադարձությունների ամենահավանական սցենարը ստատուս-քվոյի պահպանումն է»


«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերի առավել հաճախակիացումն ու դրանց բազմազանությունն ի վերջո կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ այս առանձին բախումները դուրս գան վերահսկողությունից` հանգեցնելով լայնածավալ հակամարտության», - գրում են բրիտանական Jane's Intelligence հանդեսի փորձագետները` բավական մանրամասնորեն անդրադառնալով Երեւանի եւ Բաքվի միջեւ այս պահին նկատվող ուժերի դասավորությանն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի վերսկսման հավանականությանը:

Jane's-ի մասնագետները լրջորեն քննարկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացման երեք սցենար. - «Ամենալավատեսական եւ միաժամանակ ամենաքիչ հավանական սցենարի դեպքում իրադարձությունները զարգացումը ի վերջո կհանգեցնի խաղաղ համաձայնագրի ստորագրմանը: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե 2013-ին Ադրբեջանում եւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները լուրջ փոփոխությունների պատճառ դառնան»: Jane's-ը նշում է, որ այս սցենարի իրագործումը նախեւառաջ հնարավոր կդառնա, եթե Ադրբեջանում իշխանության գա ժողովրդավարական կառավարություն, որն ի վիճակի կլինի հանրությանը նախապատրաստել խաղաղության, եւ Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ բանակցությունների կգնա:

«Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ այլ է», - շարունակում են բրիտանացի մասնագետները` նկատելով. - «Բաքվի դիրքորոշման մեղմացմանը զուգահեռ Սերժ Սարգսյանը, 2013-ին վերընտրվելու դեպքում, պետք է արդեն սեփական հանրությանը պատրաստի զիջումների, մասնավորաբար` Լեռնային Ղարաբաղը շրջապատող բուֆերային գոտու հանձնմանը»: «Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ չի խուսափում ոչ մեծ ժողովրդականություն վայելող արտաքին քաղաքական քայլերից, երբ մի քանի տարի առաջ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավող երկու արձանագրություն ստորագրեց», - գրում է Jane's Intelligence հանդեսը` նկատելով, որ եկող տարվա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի վերընտրությունը «խոչընդոտ չի հանդիսանա այս լավատեսական սցենարի իրագործման համար»:

Այլ խնդիր է, ըստ բրիտանացի վերլուծաբանների, որ անգամ Իլհամ Ալիեւի իշխանազրկման դեպքում այս սցենարը կյանքի կոչվելու շատ քիչ շանսեր ունի:

«Ադրբեջանական ընդդիմությունը, եթե նույնիսկ ինչ-որ կերպ կարողանա հաղթել, եւս հաճույքով կսկսի օգտագործել ազգայնական խաղաքարտը», - նշում են վերլուծաբանները:

Երկրորդ սցենարը, ըստ Jane's Intelligence-ի մասնագետների, առավել հավանականն է. - «Այս դեպքում առկա ստատուս-քվոն պահպանվում է, քանի որ աշխարհաքաղաքական դերակատարներից եւ ոչ մեկը` ո'չ Միացյալ Նահանգները, ո'չ Ռուսաստանը եւ ո'չ էլ Եվրամիությունը շահագրգռված չեն պատերազմի վերսկսմամբ: Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանը կշարունակի զսպել Ադրբեջանի նկրտումները: Բացի այդ, Բաքվի կողմից ձեռնարկվող ռազմական վերազինման ծրագիրը դեռ չի հասցվել ավարտին»:

Բրիտանացի վերլուծաբանների պնդմամբ, գոյություն ունի եւս մեկ զուտ հոգեբանական գործոն, որ կարող է ստիպել Ադրբեջանին կարճաժամկետ հեռանկարում զերծ մնալ պատերազմի վերսկումից. - «1992-94 թվականներին այսօրվա նման Հայաստանը շրջափակման մեջ էր: Բացի այդ, հանրապետության հյուսիսում գտնվող արդյունաբերական բոլոր կենտրոնները 88-ի երկրաշարժի արդյունքում ավերակների էին վերածվել: Սրան գումարած` հայկական բանակը թույլ էր ու վատ կազմակերպված, ինչը, սակայն, չխանգարեց հայերին հաղթել պատերազմում: Բացի այդ, Ադրբեջանում հասկանում են, որ, ի տարբերություն իրենց երկրի բնակիչների, Լեռնային Ղարաբաղի հայերի համար առաջիկա պատերազմը գոյության կռիվ է լինելու»:

Ինչ վերաբերում է ամենահոռետեսական սցենարին, որի իրականություն դառնալու հավանականությունը բրիտանացիները գնահատում են որպես միջին` Jane's-ում կարդում ենք. - «Լայնածավալ պատերազմը կարող է սկիզբ առնել տարբեր դրդապատճառներից ելնելով` եթե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները համեմատաբար մեծ հարձակում իրականացնեն Լեռնային Ղարաբաղում, եթե ադրբեջանական կողմը հարվածի Ղարաբաղում նոր գործարկվող օդանավակայան թռչող հայկական քաղաքացիական օդանավին, կամ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Պատերազմի վերսկսման պատճառներից մեկը կարող է լինել նաեւ Ռամիլ Սաֆարովի հնարավոր սպանությունը»:

Բրիտանացի վերլուծաբանները նկատում են, որ եթե առաջիկա հինգ տարիներին Ադրբեջանը շարունակի նույն քանակությամբ ֆինանսներ ծախսել բանակի վրա, ապա նրա հաջողության հնարավորությունները ավելի իրատեսական կդառնան. - «Դրա հետ մեկտեղ ադրբեջանական կողմը հիմնական շեշտը դնում է զենք-զինամթերքի ձեռքբերման, բայց ոչ անձնակազմը մարզելու եւ զինված ուժերի կառավարման համակարգի զարգացման վրա: Բացի այդ, աշխարհագրությունը եւս հայերի օգտին է, հատկապես` եթե հաշվի առնենք, որ Լեռնային Ղարաբաղի արեւելյան սահմանը պաշտպանված է Մռավի լեռնաշղթայով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG