Մատչելիության հղումներ

Ո՞վ կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը


Ալֆրեդ Նոբելի դիմանկարը, հեղինակ` Գյոստա Ֆլորման
Ալֆրեդ Նոբելի դիմանկարը, հեղինակ` Գյոստա Ֆլորման

Ուրբաթ օրը կհրապարակվի 2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։

Խաղաղության մրցանակը շվեդ քիմիկոս, ճարտարագետ, նորարար եւ գործարար Ալֆրեդ Նոբելի 1885 թվականի կտակով սահմանված հինգ մրցանակներից մեկն է։

Գործարարը կարգադրել է իր գույքն ու ֆինանսական միջոցները արժեթղթերի տեսքով տեղադրել ապահով բանկում, պայմանով, որ հատուկ հիմնադրամը տարեկան եկամուտը բաժանի հինգ մասի ու պարգեւներ հանձնի հինգ բնագավառներում` ֆիզիկա, քիմիա, բժշկություն եւ ֆիզիոլոգիա, գրականություն, խաղաղություն։

Մրցանակաբաշխությունը մեկնարկել է 1901 թվականից։ 1968 թվականին Շվեդիայի կենտրոնական բանկը ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի սահմանել է վեցերորդ անվանակարգը` էկոնոմիկայի բնագավառում։

Բացառությամբ Խաղաղության մրցանակի, մնացած հինգ անվանակարգերում դափնեկրին ընտրում են Շվեդիայում` Գիտությունների արքայական ակադեմիան եւ Կարոլինսկա հաստատությունը։ Իսկ Խաղաղության անվանակարգում` Նոբելի կտակով, հաղթողի անունը որոշում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն, որի հինգ անդամներին նշանակում է Սթորտինգը` Նորվեգիայի խորհրդարանը։

Կոմիտեի ներկայիս նախագահը Նորվեգիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար եւ Սթորտինգի նախկին խոսնակ, Եվրոպայի խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն է։

Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` «խաղաղության մրցանակը պետք է շնորհվի նրան, ով առավելագույն ջանքերն է գործադրել ազգերի եղբայրության, ռազմական լարվածության թուլացման եւ խաղաղության գաղափարների պաշտպանության համար»։

Ի տարբերություն այլ անվանակարգերի, Խաղաղության մրցանակի կարող են արժանանալ ոչ միայն անհատներ, այլեւ կազմակերպություններ։

Կոմիտեն միշտ մրցանակի հանձնման նախորդող տարվա սեպտեմբերից է սկսում ընդունել հայտերը, որոնք կարելի է ներկայացնել մինչեւ մրցանակի հանձնման տարվա փետրվար, ապա մարտին կազմում է առավել հավանական հաղթողների կարճ ցանկը, հունիսին այն եւս մեկ անգամ վերանայվում է։

Հոկտեմբերին ընտրվում է հաղթողը, ով մրցանակը ստանում է Օսլոյում դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։

Անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը վաստակել են երեք կանայք` Էլեն-Ջոնսոն Սերլիֆը, Լեյմա Գբովին եւ Թավաքյուլ Քարմանը` «խաղաղության գործընթացում կանանց մասնակցության իրավունքը պաշտպանելու նպատակով ոչ բռնի եղանակով մղած պայքարի համար»։

2012 թվականի մրցանակի համար ներկայացվել է 231 հայտ, դրանց թվում` 43 կազմակերպությունների անուններ։

Հավանական հաղթող են համարվում Բոսթոնում տեղակայված Ալբերտ Էյնշտեյնի հաստատության քաղաքագետ Ջին Շարփը, «Մեմորիալ» («Հուշամատյան») ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպությունը, կին իրավապաշտպան Սիմա Սամարը Աֆղանստանից, կին-բլոգեր Լինա Բեն Մհեննին Թունիսից, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմութ Քոլը, այլախոհներ տարբեր երկրներից եւ նույնիսկ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG