Մատչելիության հղումներ

Թուրքերը վայրէջք են պարտադրել Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող սիրիական օդանավին


Թուրքիա - Մոսկվա - Դամասկոս չվերթը կատարող A-320 օդանավը Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, 10-ը հոկտեմբերի, 2012թ.
Թուրքիա - Մոսկվա - Դամասկոս չվերթը կատարող A-320 օդանավը Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, 10-ը հոկտեմբերի, 2012թ.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է, թե Մոսկվա - Դամասկոս չվերթը կատարող օդանավում «ապօրինի բեռ» է եղել։

Թուրքիայի օդուժի F-16 մարտական ինքնաթիռները Դամասկոս ուղեւորվող սիրիական քաղաքացիական օդանավին չորեքշաբթի օրը պարտադրել են վայրէջք կատարել Անկարայում։

Ռուսական կողմը բացատրություն է պահանջել, ինչին ի պատասխան թուրքերն ասել են, թե երկրի անվտանգության կառույցները տեղեկություններ են ստացել այն մասին, որ 37 ուղեւոր փոխադրող Airbus A-320 օդանավում կարող է լինել նաեւ ծանր զենք եւ զինամթերք Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի համար։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է, թե Մոսկվա - Դամասկոս չվերթը կատարող օդանավում «ապօրինի բեռ» է եղել։

«Հաբեր» թուրքական հեռուստակայանի փոխանցմամբ, Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկուն հրավիրել են արտգործնախարարություն այդ խնդիրը քննարկելու համար։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` օդանավը զննած մասնագետները հայտնաբերել եւ առգրավել են ռազմական կապի սարքավորումներ եւ սարքեր, որոնք կարող են օգտագործվել որպես հրթիռների բաղադրիչներ։

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը ասել է, թե հայտնաբերված սարքավորումները հակասում են քաղաքացիական օդանավերի շահագործումը կարգավորող միջազգային կանոններին։

«Եթե պետք լինի, մենք վաղը նույնը կանենք», - ասել է Յիլդիրիմը` պնդելով, որ Թուրքիայի իշխանությունների գործողությունները համապատասխանում են ե'ւ Թուրքիայի, ե'ւ միջազգային օրենքներին։

Մինչդեռ, «Սիրիայի արաբական ավիաուղիներ» ընկերության տնօրեն Ղայդա Աբդուլաթիֆի փոխանցմամբ, թուրքերը մտել են օդանավ, շատ կոպիտ են վարվել մարդկանց հետ, զննել եւ լուսանկարել են էլեկտրոնային սարքավորումներ, որոնց փոխադրումը միանգամայն օրինական է։

«Այդ պաշտոնյաները ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել», - պնդում է ընկերության ղեկավարը։

Սիրիայի տրանսպորտի նախարար Մահմուդ Սայիդը թուրքական կողմի գործողությունների որակել է որպես «օդահենություն, որը հակասում է քաղաքացիական օդագնացության կանոններին»։

Մոսկվան պաշտոնապես բողոք է հայտնել։ Արտգործնախարարության հայտարարությունում ասվում է, որ Թուրքիայի գործողությունները վտանգի տակ են դրել ուղեւորների կյանքը։ 37 ուղեւորներից 17-ին թուրքերը արգելել են շփվել ռուսաստանցի դիվանագետների հետ։ Ռուսաստանի քաղաքացիներին հինգժամյա զննման ընթացքում սնունդ չեն տրամադրել։

Նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշեւիչն ասել է, որ Ռուսաստանը Թուրքիայից պահանջում է պարզաբանումներ օդանավին վայրէջք պարտադրելու հանգամանքների մասին, ինչպես նաեւ հավաստիացում, որ նման միջադեպեր այլեւս չեն լինի։

«Մեր աշխատակիցները մեկնել են օդակայան` տեղում վիճակը գնահատելու եւ հարկ եղած դեպքում Ռուսաստանի քաղաքացիներին աջակցելու համար», - ասել է Անկարայում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Իգոր Միտյակովը։

Անկարայում Ռուսաստանի հյուպատոս Ելենա Կարա-Կալն ասել, որ առգրավված սարքավորումները ռուսական արտադրության են։

«Ռոսոբորոնէքսպորտ» ընկերությունը, որը զբաղվում է ռազմական նշանակության արտադրանքի արտահանումով, պաշտոնապես հայտարարել է, թե իր արտադրանքից ոչ մի նմուշ A-320 օդանավում չի եղել։

Զննումն ավարտելուց հետո թուրքերը A-320-ին թույլատրել են մեկնել Դամասկոս։

Մոսկվայից ստացված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է հոկտեմբերի 14-15-ը Թուրքիա նախատեսած այցը։ Սակայն երկու երկրների պաշտոնյաները հավաստիացնում են, որ հետաձգումը պայմանավորված է Պուտինի աշխատանքային գերհագեցած օրակարգով, եւ այցը տեղի կունենա նոյեմբերին։

Մինչդեռ, Անկարան թուրքական բոլոր ավիաընկերություններին հորդորել է չմտնել Սիրիայի օդային տարածք, քանի որ այն այլեւս ապահով չէ։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջաթ Օզելը երեկ այցելել է Սիրիայի սահմանի մոտ գտնվող Աքչաքալե թուրքական ավան, որտեղ վերջերս 5 մարդ է սպանվել` ինչպես թուրքերն են պնդում, Սիրիայի կողմից արձակված ականի պայթյունից։

Գեներալը ասել է, որ «եթե Սիրիան շարունակի հրետակոծել Թուրքիայի տարածքը, ապա թուրքական կողմը վճռական հակահարված կտա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG