Մատչելիության հղումներ

Այսօր կբանավիճեն ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուները


ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուներ Ջո Բայդեն (աջից) եւ Փոլ Ռայան
ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուներ Ջո Բայդեն (աջից) եւ Փոլ Ռայան

Երկրորդ դեմքերի բանավեճը լավ հնարավորություն է դեմոկրատների համար` կորցրածը ետ բերելու:

Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ-ի Քենթաքի նահանգի Դանվիլի համալսարանի դահլիճում նախընտրական հեռուստաբանավեճ կանցկացնեն Միացյալ Նահանգների փոխնախագահի թեկնածուները՝ գործող փոխնախագահ դեմոկրատ Ջո Բայդենը եւ Հանրապետական կուսակցությունից փոխնախագահի երիտասարդ թեկնածու Փոլ Ռայանը:

Բանավեճի ընթացքում նրանք կենտրոնանալու են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերի վրա:

Ակնկալվում է, որ բանավեճը սովորականից մեծ ուշադրության կարժանանա, քանի որ հոկտեմբերի 3-ին կայացած նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի առաջին փուլի ընթացքում գործող նախագահ Բարաք Օբաման զիջեց հանրապետական Միթ Ռոմնիին, եւ երկրորդ դեմքերի բանավեճը լավ հնարավորություն է դեմոկրատների համար` կորցրածը ետ բերելու:

Նախագահի երկու թեկնածուները դեռ երկու անգամ հանդիպելու են ուղիղ եթերում. հոկտեմբերի 16-ին բանավեճի թեմաները ներքին եւ արտաքին քաղաքականությանն են վերաբերելու, եւ թեկնածուները ուղիղ եթերում պատասխանելու են նաեւ շարքային ամերիկացիների հարցերին: Երրորդ եւ եզրափակիչ փուլը` հոկտեմբերի 22-ին, նվիրված է լինելու հիմնականում արտաքին քաղաքականությանը։

Նախագահի թեկնածուների նախընտրական բանավեճերը ամերիկյան պիցցա արտադրող խոշոր ընկերություններից մեկը յուրովի է օգտագործում` գովազդային նպատակներով:

Ընկերությունը խոստացել է 30 տարի անվճար պիցցայով ապահովել այն մարդուն, ով կկարողանա բանավեճի ընթացքում հետեւյալ հարցն ուղղել թեկնածուներից որեւէ մեկին. - «Ո՞ր պիցցան է ավելի լավը՝ նրբերշիկո՞վ, թե՞ պեպերոնի երշիկով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG