Մատչելիության հղումներ

Հունգարացի մտավորականները կայցելեն Գուրգեն Մարգարյանի շիրիմին


«Մարդասպանի արտահանձնումը այնքան մեծ հիմարություն էր, որ վիճելի են դառնում վարչապետի մտավոր կարողությունները», - նշվում է Հայաստանին ուղղված 4 հունգարացի մտավորականների ցավակցական նամակում:

Նամակը նաեւ տպագրվել է, իրենց խոսքով` հունգարական ամենամեծ եւ հեղինակավոր քաղաքական թերթերից մեկում:

Մտավորականները ժամանել էին Երեւան՝ այցելելու հայ սպա Գուրգեն Մարգարյանի շիրիմին եւ իրենց անհամաձայնությունն արտահայտելու Հունգարիայի կառավարության կայացրած որոշման՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ:

Նրանք նշեցին, որ այդ որոշման պատասխանատուն Հունգարիայի վարչապետն է, իսկ հունգարական հասարակության կողմից այն չափազանց բացասական արձագանքի է արժանացել, եւ հավելեցին, որ նորմալ մարդու տրամաբանության մեջ այդ քաղաքական քայլը չի տեղավորվում:

«Արտահանձնումից մի քանի օր հետո Բուդապեշտի կենտրոնական փողոցում բավականին մեծ բողոքի ցույց տեղի ունեցավ, որի ժամանակ ելույթ ունեցան Հունգարիայում հայտնի գործիչներ: Խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունները նույնպես միանշանակորեն քննադատեցին կառավարության գործողությոնները: Տեղի ունեցածի համար պատասխանատու է կառավարությունը, հունգարացի ժողովուրդը դա իր վրա չի վերցնում», - ասաց պատմաբան, քաղաքական վերլուծաբան Զլոտան Բիրոն:

Դասախոս, լրագրող Գաբոր Դեակը, ով նախաձեռնել է այցը, ասաց, որ Սաֆարովի արտահանձնումից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց Հունգարայում այդ մասին մինչեւ հիմա գրում են, խոսում են, իսկ մի քանի օր առաջ ցուցադրվել է Հայաստանի նախագահի հարցազրույցը մասնավոր հեռուստաընկերություններից մեկին:

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչ պիտի անի Հունգարիայի կառավարությունը, նամակի հեղինակներից մեկը պատասխանեց. - «Գաբորն առաջարկում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց, իմ կարծիքով, եթե իրենք են այս ամենն արել, թող հենց իրենք էլ գտնեն ճանապարհը, թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրը: Հնարավոր է նաեւ ներողություն խնդրել Հայաստանից»:

Նամակի հեղինակների խոսքով, չնայած որոշում կայացնողներն իրենք չեն եղել, բայց իրենք ամաչում են սեփական կառավարության կայացրած որոշման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG