Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն չի մեկնաբանում Օսկանյանի «քաղաքական ցանկություններն ու նպատակները»


Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հարկ չի համարում մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առանձին գործչի` Վարդան Օսկանյանի քաղաքական ցանկություններն ու նպատակները: Այս մասին երեքշաբթի օրը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց իշխող ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով Վարդան Օսկանյանի վերջին հարցազրույցին:

Օսկանյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն` որպես մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն, մի քանի ամսից կայանալիք նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով. - «Եթե Գագիկ Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը», - ասել էր նախկին արտգործնախարարը:

«Մեզ համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական տեսակետ եղել եւ մնում է բացառապես կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տեսակետը: Բացի այն, որ Գագիկ Ծառուկյանը 2011 թվականին ստորագրել է հայտարարություն, որտեղ նշված է, որ «Օրինաց երկիր»-ը, ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններին պաշտպանելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որեւէ այլ հայտարարություն ԲՀԿ-ի առաջնորդը չի արել», - ասաց Շարմազանովը:

Հարցին` եթե ԲՀԿ-ն չսատարի, արդյոք Սերժ Սարգսյանը կկարողանա՞ վերընտրվել նախագահի պաշտոնում, Շարմազանովն ասաց` «անհոգ եղեք, Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վարկանիշն այնքան բարձր է, որ Սարգսյանը կվերընտրվի»:

ՀՀԿ-ի խոսնակը եւս մեկ անգամ ընդգծեց, որ գործող նախագահը վեր է լինելու մրցակցությունից, եւ մյուս թեկնածուների հիմնական պայքարը ընթանալու է երկրորդ տեղի համար:

«Չեմ կարծում` որեւէ մեկը Հայաստանում կասկածում է, որ նախագահ Սարգսյանը վերընտրվելու է», - ասաց նա:

Քանի որ Վարդան Օսկանյանը չէր բացառել, որ կարող է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ այդ առաջադրումից հետո Օսկանյանի նկատմամբ հետապնդումները ավելի ուժեղանան: Շարմազանովն ասաց, թե քաղաքական հետապնդումների մասին խոսելն ուղղակի աբսուրդ է, խնդիրը բացառապես իրավական է:

«Հայաստանում ոչ միայն հետապնդում չկա, այլ Հայաստանը գնում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Դրա վառ ապացույցը սեպտեմբերի 21-ին նախագահ Օբամայի, նախագահ Օլանդի, ինչու չէ նաեւ նախագահ Պուտինի շնորհավորական ուղերձներն են նախագահ Սարգսյանին առ այն, որ ՀՀԿ-ն եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանը հանդիսանում են Հայաստանում ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ», - ասաց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը անդրադարձավ նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորների այն հայտարարությանը, որ եթե իրենք մասնակցեին ԱԺ-ի անցած քառօրյա նիստին, ապա դեմ կքվեարկեին 2011 թվականի բյուջեի կատարողականի, քանի որ այն անարդյունավետ է եղել: ԲՀԿ-ն բոյկոտել էր նախորդ առօրյային աշխատանքները` դա պայմանավորելով Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշմամբ:

Շարմազանովը այսօր հիշեցրեց, որ 2011-ին ԲՀԿ-ն չորս նախարար ուներ, եւ եթե ԲՀԿ-ական պատգամվորները ասում էին, որ դեմ կքվեարկեին բյուջեի կատարողականին, նշանակում է, որ դժգոհ են եղել նաեւ իրենց նախարարներից:

«Ձեր նախարարները այդ տարիների ընթացքում կառավարության ոչ մի նիստում ոչ մի որոշման դեմ չեն քվեարկել: Դուք ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ ունեցել եք ամբողջական պատասխանատվություն: Ո՞վ էր ձեզ խանգարում այն ժամանակ վայր դնել պորտֆելները կամ ասել, որ անարդյունավետ է: Իսկ եթե դա ինքնախոստովանություն է, որ ձեր չորս նախարարները, որոնց նախարարությունները տնօրինել են բյուջեի 1/3-ը, վատ են աշխատել, դա արդեն այլ օպերայից է», - ասաց Շարմազանովը:

Ասուլիսում խորհրդարանի փոխնախագահը անդրադարձավ նաեւ հարեւան Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որտեղ հաղթանակ տարավ ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը: Անդրադառնալով այն գնահատականներին, որ իրական ժողովրդավարությունը այն է, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, երբ առաջին անգամ տարածաշրջանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի ունեցավ, Շարմազանովն ասաց, թե համաձայն չէ, որ Վրաստանն այսօր ավելի ժողովրդավար է, քան Հայաստանը:

«Դուք վատ մի զգացեք, որ նույն թիմը կարող է մի քանի անգամ հաղթել: Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը չորս անգամ ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ, բայց ժողովրդավարական եղանակով է ընտրվել: Ես այն կարծիքին չեմ, որ եթե իշխանությունը փոխվում է, դա խոսում է ժողովրդավարության մասին: Ոչ, այդ իշխանությունը կարող է քսան տարի կառավարել, կարող է մի տարի կառավարել: Խնդիրը այն է, որ ընտրությունը պետք է լինի ժողովրդավարական ճանապարհով», - ասաց Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG