Մատչելիության հղումներ

Կայացել է Օբամա - Ռոմնի առաջին բանավեճը


Ամերիկյան Քոլորադո նահանգի Դենվեր քաղաքում կայացել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ` դեմոկրատ Բարաք Օբամայի եւ հանրապետական Միթ Ռոմնիի առաջին բանավեճը:

«Այժմ ես մտահոգված եմ, որ այն ուղին, որով մենք ընթանում ենք, ուղղակի անհաջող ուղի է: Նախագահը այնպիսի տեսակետ ունի, ինչպիսին ուներ, երբ ընտրարշավ էր վարում չորս տարի առաջ` ավելի մեծ կառավարություն, ավելի շատ ծախսեր, ավելի շատ կարգավորում եւ միջամտող կառավարություն, որը ավելի լավ կաշխատի», - ասել է Ռոմնին` շարունակելով. - «Դա ճիշտ պատասխան չէ Ամերիկայի համար: Ես կվերականգնեմ այն կենսունակությունը, որը կրկին կաշխատեցնի Ամերիկան»:

Բարաք Օբաման արձագանքել է. - «Այն մոտեցումը, որի մասին նահանգապետ Ռոմնին է խոսում, նույն քայլն է, որ ձեռնարկվել է 2001-ին եւ 2003-ին: Արդյունքում մենք ունեցանք 50 տարվա ընթացքում աշխատատեղերի ամենադանդաղ աճը: Արդյունքում մենք բյուջեի ավելցուկից անցանք բյուջեի պակասորդի: Այս ամենը ավարտվեց ամենավատ տնտեսական անկումով` Մեծ տնտեսական ճգնաժամից հետո: Բիլ Քլինթոնը որդեգրեց այն մոտեցումը, որի մասին խոսում եմ: Մենք ավելացրեցինք 23 միլիոն նոր աշխատատեղեր: Մենք պակասորդից անցանք ավելցուկի»:

«Ես հավատում եմ, որ տնտեսությունը ամենալավ վիճակում է լինում, երբ միջին դասակարգի ընտանիքները հարկային արտոնություններ են ստանում: Իսկ նրանք, ովքեր արտակարգ բարեկեցիկ վիճակում են հայտնվել այս սքանչելի երկրի շնորհիվ, պետք է իմանան, որ կարող են մի փոքր ավելին անել` երաշխավորելու համար, որ չափը չեն անցնում բյուջեի պակասորդի առումով», - շարունակեց Օբաման: - «Շուրջ 18 ամիս նա քարոզարշավ է վարում այս հարկային ծրագրով, եւ հիմա` ընտրություններից ընդամենը 5 շաբաթ առաջ, ասում է, թե իր մեծ, համարձակ գաղափարը կարեւոր չէ: Եվ փաստն այն է, որ երբ իջեցնում եք հարկային դրույքները, ապա հնարավոր չէ բավարար չափով կրճատումներ, զեղչեր կատարել եւ գտնել հարկային սողանցքներ, որ վերաբերում են միայն բարձր եկամուտներ ունեցողներին»:

Միթ Ռոմնին նշել է, թե չի ծրագրում «զանգվածային հարկային կրճատում կատարել եւ կրճատել կառավարության եկամուտները». - «Իմ առաջին սկզբունքն այն է, որ չի լինի հարկերի այնպիսի կրճատում, որը կմեծացնի բյուջեի պակասորդը: Բայց ես ցանկանում եմ կրճատել միջին եկամուտներ ունեցող ամերիկացիների հարկային բեռը: Եվ դա նշանակում է, որ ես չեմ կարող կրճատել բարձր եկամուտներ ունեցող ամերիկացիների հարկային բեռը»:

Արձագանքելով այս հայտարարություններին` Բարաք Օբաման ասել է. - «Նա ասում է, թե ցանկանում է վերացնել զեղչերը եւ հարկային սողանցքները մեծահարուստների համար: Նա ասում է, թե ուզում է Ուոլ Սթրիթի բարեփոխումներ անել, բայց չի ասում, թե կոնկրետ ինչպես: Ինչ-որ մի պահի ամերիկացիները պետք է հարցնեն, թե ինչն է պատճառը, որ Ռոմնին իր փոփոխությունների ծրագիրը գաղտնի է պահում: Արդյո՞ք այն պատճառով, որ միջին դասակարգը չափից շատ կարող է օգտվել դրանցից: Ոչ: Պատճառն այն է, որ երբ մենք բարեփոխում ենք Ուոլ Սթրիթը, երբ բարեփոխում ենք առողջապահական ապահովագրությունը, ապա պետք է իմանանք, որ դրանք դժվարին խնդիրներ են, եւ մենք պետք է ընտրություն կատարենք: Եվ ընտրությունները, որ մենք կատարել ենք, ի վերջո նպաստելու են միջին խավի ընտանիքներին` ողջ երկրով մեկ»:

Մինչեւ նոյեմբերի 6-ին նշանակված ընտրությունները նախագահի թեկնածուներին դեմ առ դեմ կբանավիճեն եւս երկու անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG