Մատչելիության հղումներ

Թափառող շների խնդիրը չի լուծվում


Այսօր՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել Երեւանում թափառող շների խնդիրները:

Այսօր՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել Երեւանում թափառող շների խնդիրները:

«Դինգո» կամավորական խմբի անդամ Օվսաննա Հովսեփյանը նշեց, որ թափառող շների վրա կրակելու դեպքերը, որ իրենք արձանագրում էին , պակասել են, սակայն դեպքեր, երբ կենդանիներին տանում են անհայտ ուղղությամբ եւ չեն վերադարձնում իրենց նախկին տարածք, հաճախ են գրանցում:

Նրա խոսքով, թափառող շների թիվը տարբեր կազմակերպությունների տվյալներով տարբեր է. ըստ Սանէպիդկայանի՝ կա 18.000 շուն: Ըստ թափառող շների հարցով մասնագիտացած «Յունիգրաֆ իքս» կլինիկայի՝ 2011-ին աշխատել էին 46.000 շան հետ՝ 37.000-ը ստերիլիզացվել էին, 9000-ը` քնեցվել:

Քաղաքացիները հաճախ բողոքում են, որ թափառող շները ագրեսիվ են ու բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ հարձակվել են մարդկանց վրա:

«Այդ շները նախ պիտի չլինեին, որ մեկ էլ ագրեսիվ լինեին, եթե իրականացվեր այն ծրագիրը, որով 6 տարի է աշխատում է «Յունիգրաֆ իքսը», այսինքն շները ստերջացվեին ու վերադարձվեին իրենց նախկին տարածք», - ասաց Օվսաննա Հովսեփյանը:

«Յունիգրաֆ իքսը»-ի փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ թափառող շների թիվը չի պակասում, քանի որ մեկ շունը տարեկան երկու անգամ ծննդաբերելով միջինում 10 ձագ է ունենում: 2012-ի երրորդ եռամսյակի տվյալներով, քնեցվել է 10.000, ստերջացվել՝ 3000 թափառող կենդանի:

Հարցին, թե ինչո՞ւ պիտի կազմակերպությունը ոչ թե ստերջացնի, կամ քնեցնի կենդանիներին, այլ սպանի, երբ պետբյուջեից դրա համար ամեն տարի հատկացվում է 180 մլն դրամ, Օվսաննա Հովսեփյանը պատասխանեց. - «Այդպես ավելի էժան է, քան ստերջացնելը, քանի որ մեկ էգին ստերջացներլը 11.000 դրամ, իսկ որձին ստերջացնելը` մոտ 9000 դրամ արժե»:

Լիլիթ Գրիգորյանը հակադարձեց. - «Մենք կենդանիներին վնասազերծում ենք քնեցման եղանակով, կիրառում ենք նույն մեթոդները, ինչ-որ ամբողջ աշխարհում, մենք կոչված ենք մարդկանց անվտանգությունը ապահովելու համար եւ հենց այդ գործն էլ անում ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG