Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն քննարկում է թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելիք թեկնածուի հարցը


Քվեարկություն Երեւանում, արխիվ
Քվեարկություն Երեւանում, արխիվ
Առաջիկա երկուշաբթի օրվանից մեկնարկում է Երեւանի Ավան համայնքն ու եւ Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում կայանալիք նոր ընտրություններում առաջադրվող պատգամավորության թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը: Ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության, թեկնածությունների առաջադրումը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 18-ը, իսկ նախընտրական քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 4-ից:

Այս ընտրատարածքում, որտեղ մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով ընտրված հանրապետական Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար»-ի ողբերգական միջադեպի հետեւանքով վերջերս հրաժարական տվեց, առայժմ թեկնածու առաջադրելու միանշանակ պատրաստակամություն են հայտնել Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ու «Ժառանգություն»-ը: ՀՀԿ-ի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մի քանի արժանավոր հավակնորդներից մեկին առաջիկայում կընտրեն: Սահակյանը չասաց, թե ովքեր են այդ արժանավորները:

«Դա նշանակում է մարդուն կրակը գցել», - ասաց նա:

Սահակյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց շրջանառվող այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ի հնարավոր թեկնածուների շարքում է Երեւանի քաղաքապետ, Ավան համայնքի նախկին ղեկավար Տարոն Մարգարյանի աներորդին:

«Շատ բաներ են շրջանառվում, բայց այսօր մենք չենք կարող որեւէ կոնկրետ պատասխան տալ», - ասաց Սահակյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), որն ակտիվորեն մասնակցեց սեպտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, դեռեւս չի կողմնորոշվել թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի դեմ թեկնածու առաջադրելու հարցում: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այդ հարցով դեռ որեւէ խորհրդակցություն չի եղել եւ ինքը որեւէ կանխատեսում անել չի կարող:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից եւ Դաշնակցությունից եւս փոխանցեցին, որ այս հարցը չեն քննարկել:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը առաջադրելու է կուսակցության խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը, ով մայիսի 6-ին նույն ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի հիմնական մրցակիցն էր:

Սաֆարյանն այսօր հայտարարեց, որ իրեն ոչինչ չի կաշկանդում, իր մրցակիցը իշխանական դաշտից մշտապես եղել է ոչ թե կոնկրետ անձ, այլ «պետությունը իր բոլոր ռեսուրսներով»: Սաֆարյանին միայն մտահոգում են այս ընտրատարածքում 2007-ից ի վեր ընտրացուցակներում ընտրողների թվի 8-10 հազարով ավելանալու փաստը եւ լրացուցիչ ցուցակները: Այս կասկածելի թվի հաշվին, ըստ Սաֆարյանի, Ռուբեն Հայրապետյանին հաջողվեց իր նկատմամբ առավելության հասնել մայիսի 6-ին:

«Սա մի թիվ է, որը կազմում է հենց իմ եւ Ռուբեն Հայրապետյանի [ստացած ձայների] տարբերությունը: Իմ վստահված անձերից մեկը հայտնաբերել էր, որ իրենց տան վրա չորս հոգի ավելորդ մարդիկ կան գրանցված, եւ որոնք արդեն քվեարկել եւ գնացել էին: Ինձ մտահոգում են լրացուցիչ ցուցակները, որովհետեւ ինչպես մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ տեսանք, որոշ տեղամասերում կարող են ուղղակի հարյուրավոր զինվորականներ քվեարկել այդ ցուցակներով: Եվ նաեւ պարզ չէ, թե էլ ովքեր կարող են քվեարկել այդ ցուցակներով: Իմ դեմ ով էլ առաջադրվի, 10 հազար ձայն կա: Ինչպես կասեր Վանո Սիրադեղյանը, պոլի փայտ էլ լինի, միեւնույն է, այդ 10 հազար ձայնը տրվելու է այդ պոլի փայտին», - ասաց Սաֆարյանը:

Մայիսի 6-ի ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս վայր դրեց մանդատը: Շրջանառվող այն լուրերին, որ Հովհաննիսյանը ուզում է խորհրդարանում իր փոխարեն Սաֆարյանին տեսնել, չնայած ցուցակում վերջինիս նախորդում են անկուսակցական Թեւան Պողոսյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանը, նախկին պատգամավորը հակադարձեց. - «Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը վայր դնելուց հետո «Ժառանգության» ներսում երբեւէ քննարկում չի եղել իմ անցնելու վերաբերյալ: Երբեւէ չի քննարկվել Թեւան Պողոսյանի կամ որեւէ մեկ ուրիշի փոխարեն պառլամենտ այլ մարդու ուղարկելու հարցը: Դրանից մենք բոլորս հստակ եզրակացրել ենք, որ միարժեք է, որ Թեւան Պողոսյանը պետք է գնա խորհրդարան եւ վերցնի թափուր մնացած մանդատը «Ժառանգության» համամասնական ցուցակով»:

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու ցանկություն նաեւ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էր հայտնել: Սակայն նա այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Վարդան Օսկանյանի գործով խորհրդարանի նիստին հետեւելու արդյունքում հնարավոր է հրաժարվի առաջադրվելու մտադրությունից:

«Մի զարհուրելի, սահմռկեցուցիչ տեսարան էր..., իսկապես այդ ճահիճում հայտնվելը ինձ համար հրապուրիչ չէ», - ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG