Մատչելիության հղումներ

Նախարարությունը Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի համար լիցենզիա չի տրամադրել


Օրեր առաջ համացանցում տարածվեց ռուսական որսորդական կայքերից մեկում տեղ գտած մի հայտարարություն, որում նշված էր, թե առաջարկում են բեզոարյան այծերի եւ մուֆլոնների որս կազմակերպել Հայաստանում` արգելոցի տարածքում:

Օրեր առաջ համացանցում տարածվեց ռուսական որսորդական կայքերից մեկում տեղ գտած մի հայտարարություն, որում նշված էր, թե առաջարկում են բեզոարյան այծերի եւ մուֆլոնների որս կազմակերպել Հայաստանում` արգելոցի տարածքում:

Խնդիրն այն է, որ բեզոարյան այծը եւ մուֆլոնը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում եւ օրենքով այդ կենդանիների որսն արգելվում է:

Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանն այս կապակցությամբ ասաց. - «Հարցը գտնվում է նախարարության տեսչության հսկողության ներքո, վերը նշված համարներով մենք զանգահարել ենք, ոչ մի ձեւով կոնտակտ չի լինում հաստատել, այսինքն ինտերնետ է եւ ով ասես, ինչ ասես կարող է տեղադրել»:

Մեր զանգերին «Այբեքս կլաբ» կայքում նշված համարներով եւս չէին պատասխանում, սակայն որսորդական ակումբի պատասխանատուն արձագանքեց էլեկտրոնային փոստով ուղարկված նամակին՝ նշելով, որ հայտարարությունը տարածել է իրենց գործընկեր մեկ այլ կազմակերպություն՝ «Սաֆարի ինթերնեյշնլ» անունով, մոտ 8 տարի առաջ, իսկ իրենց կայքը պարզապես տեղադրել է հայտարարությունը: «Սաֆարի ինթերնեյշնլ» կազմակերպությունից, սակայն, որեւէ կոնտակտ չտրամադրեցին:

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք 8 տարի առաջ, երբ Վարդան Այվազյանը բնապահպանության նախարար էր, նախարարությունը տրամադրե՞լ է Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի լիցենզիա` նախկին նախարարը արձագանքել էր. - «Չի կարող լինել նման լիցենզիա, որ թույլատրված լինի, որ Կարմիր գրքում գրանցված կենդանիդների որս իրականացվի որեւէ կազմակերպության կողմից»:

Իրավաբան Մերի Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ հատուկ պահպանվող տարածքներում, այդ թվում եւ արգելոցներում որս իրականացնելու օրենքը բացթողում ունի. - «Հայաստանի տարածքում արգելվում է որս իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, սակայն այդ դեպքերը չի սահմանում: Սա է խնդիրը, որո՞նք են այդ դեպքերը եւ ո՞վ է սահմանում դրանք, օրենքում նշված չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG