Մատչելիության հղումներ

Վրաստանը հանձնեց «կարեւորագույն պատմական քննություն»


Բիձինա Իվանիշվիլին համակիրների հետ տոնում է հաղթանակը, 1-ը հոկտեմբերի, 2012
Բիձինա Իվանիշվիլին համակիրների հետ տոնում է հաղթանակը, 1-ը հոկտեմբերի, 2012
«Կոնկորդ» իրավական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ խորհրդարանական վերջին ընտրությունների անցկացմամբ Վրաստանը հանձնեց կարեւորագույն պատմական քննություն:

Մեկնաբանելով ընտրությունները, որոնց արդյունքում նախնական տվյալներով հաղթանակ է տանում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը, Շահնազարյանը նշեց, որ այդ քննության հանձնման հաջողությունը պատկանում է միաժամանակ եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը, եւ հասարակությանը:

Շահնազարյանի խոսքով` այս ընտրությունները նշանակում են, որ Վրաստանում առաջին հերթին կշարունակվեն ժողովրդավարական բարեփոխումները:

«Շատ լուրջ հնարավորություն է ստեղծվում հաստատել անշրջելի ժողովրդավարություն Վրաստանում», - ասաց Շահնազարյանը:

Շահնազարյանը չի համարում, որ «Վրացական երազանք»-ի հաղթանակը ռուսական ազդեցության արդյունք է: Ըստ նրա` արտաքին քաղաքական ուղենիշների առումով Վրաստանը վաղուց արդեն անցել է «անշրջելիության կետը»:

«Դեպի Եվրամիություն, եվրոպական արժեքների հաստատում, անվտանգության հարցերը ՆԱՏՕ-ի կազմում իրականացնել… այդ առումով Վրաստանի հասարակությունը, եւ գրեթե ողջ քաղաքական դաշտը այդ անշրջելիության կետն արդեն վաղուց հաղթահարել է», - ասաց Շահնազարյանը:

Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցնելով, որ սա Վրաստանում ընդդիմության առաջին հաղթանակը չէ, նշեց, թե նախօրեին անցկացված ընտրությունների արդյունքը մեծապես պայմանավորված է Վրաստանում քաղաքական ինստիտուտների կայացվածությամբ: Զաքարյանն, այդուհանդերձ, խորհուրդ տվեց սպասել վերջնական արդյունքներին:

Հարցին` հնարավո՞ր է, որ երբեւէ Հայաստանում եւս ընդդիմությունը ընտրություններում հաղթանակ տանի, Զաքարյանը պատասխանեց. - «Հայաստանի ժողովրդավարական երկիր լինելու վրա տարօրինակ են բոլոր տեսակի կասկածանքները: Ես խոսեցի քաղաքական, կուսակցական համակարգի կայացվածության մասին: Ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում մեր կուսակցությունները պետք է կայանան: Դեռ չեն կայացել»:

Շահնազարյանը վրացական ընդդիմության հաղթանակը չափազանց կարեւոր է համարում նաեւ տարածաշրջանային համատեքստում:

«Սա առաջին դեպքն էր տարածաշրջանային երեք պետությունների` Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նորանկախ պատմության մեջ, երբ իշխանությունը փոխվում է ընտրությունների միջոցով: Սա ամենակարեւորն է, կարծում եմ, որը մենք այսօր պետք է արձանագրենք», - ասաց նա:

Շահնազարյանը այս հանգամանքը ցավով է արձանագրում` նկատելով, որ այդ առաջին օրինակը Հայաստանը չտվեց: Այդուհանդերձ, նա այդպիսի հեռանկարը Հայաստանի պարագայում եւս անխուսափելի է համարում. - «Նման ժողովրդավարական ձեւերով իշխանություն է ձեւավորվելու նաեւ Հայաստանում, մենք ուղղակի դրան դատապարտված ենք: Երբ դա կլինի, արդեն այլ հարց է, որովհետեւ դատելով այսօրվա գործընթացներից` Հայաստանին շատ լուրջ փորձություններ ու ցնցումներ են սպասում մոտ ապագայում»:

«Ինչպես ասում են` տարոսը տարածաշրջանի մյուս երկրներին», - ամփոփեց Շահնազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG