Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց միջնորդներին, Գորդոնին


Երեկ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Նյու Յորք: Նույն օրը Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման օրակարգում էր Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին հասցված վնասը եւ ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը:

Համանախագահներն ընդգծել են իրենց երկրների սկզբունքային դիրքորոշումը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին, ում հետ քննարկել է հայ - ամերիկյան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Հայաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը հանգամանալից զրույց են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունգարա - ադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովին ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այս առումով Նալբանդյանը կարեւորել է միջազգային հանրության միահամուռ դատապարտող հասցեագրված արձագանքը, ասված է Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG