Մատչելիության հղումներ

Հայ լեռնագնացները Հիմալայներում լեռնային տուրիզմի փառատոնի կմասնակցեն


Լեռնագնացների փառատոնին մեկնող հայ մասնակիցների նպատակն է ներկայացնել Հայաստանը Հիմալայներում, նաեւ սովորել, սովորածը Հայաստան բերել ու ձեռք բերած փորձն այստեղ օգտագործել:

Հայ լեռնագնացների յոթ հոգուց բաղկացած խումբը հոկտեմբերի 1-ին կմեկնի Հիմալայներ` մասնակցելու լեռնային տուրիզմի փառատոնին: Յոթ լեռնագնացներից չորսը ազգությամբ հայ են, երեքը` ռուս, սակայն բոլորը միասին հանդես կգան հայկական դրոշի ներքո: Յուրաքանչյուր անձը փառատոնին մասնակցելու համար կվճարի 2200 դոլար: Այդ գումարի մեջ չեն մտնում հատուկ պարագաների ու հագուստի ծախսերը:
Փառատոնին տարեկան մասնակցում է մոտ 18 հազար լեռնագնաց:

Լեռնագնացներից մեկը 1.5 տարի լեռնագնացությամբ զբաղվող 30-ամյա Զառա Խաչիկյանն է: Այս ընթացքում մասնակցել է կազմակերպվող գրեթե բոլոր արշավներին: Նրա պնդմամբ` եթե ֆիզիկապես լավ ես պատրաստված եւ առողջության հետ խնդիրներ չունես, ապա կապ չունի` լեռնագնացը կին է, թե` տղամարդ:

Զառայի խոսքով` «վայրի պայմաններն» արդեն սովորական են դարձել իր համար հայաստանյան արշավների ժամանակ: Ինչ վերաբերում է Հիմալայան լեռնագնացությանը. - «Իհարկե, վախ կա, որովհետեւ ամեն դեպքում ուրիշ երկիր ես գնում, անծանոթ տեղեր ես գնում, չգիտես, թե քո հետ ինչ կարող է պատահել: Բայց կարծում ենք` ամեն ինչի պատրաստ կլինենք», - ասում է նա:

«Հայ մասնակիցների նպատակը միայն փառատոնին ներկա գտնվելը չէ», - ասում է Armenian Extreme Club-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը` բացատրելով, որ հայ լեռնագնացները դեռ շատ բան ունեն սովորելու լեռնագնացության ոլորտում: Իսկ արտերկրում նրանց կընձեռնվի նման հնարավորություն:

Գոռի պնդմամբ` Հայաստանում եւս կան բոլոր պայմանները նման մասշտաբի լեռնագնացություններ կազմակերպելու համար, սակայն մեր լեռները արտերկրում հայտնի չեն, եւ դեռեւս չկա հստակ մշակված տեխնոլոգիա, որը կզարգացնի լեռնային տուրիզմը Հայաստանում:

Հայ մասնակիցները Հիմալայներում կլինեն մեկ ամիս:
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG