Մատչելիության հղումներ

Ադրբեջանին զայրացրել է Ղարաբաղի մասին «Նյու Յորք թայմզի» հոդվածը


The New York Times-ի շենքը Նյու Յորքում
The New York Times-ի շենքը Նյու Յորքում
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանատունը մոտ ժամանակներս կպատասխանի The New York Times պարբերականի` Լեռնային Ղարաբաղի մասին հրապարակմանը:

«Համապատասխան հանձնարարությունը Ադրբեջանի արտգործնախարարությունից արդեն տրվել է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։

The New York Times ամերիկյան պարբերականի «Ճանապարհորդություն» բաժնում սեպտեմբերի 21-ին հրապարակվել էր մի հոդված՝ Լեռնային Ղարաբաղի մասին, որի հեղինակը՝ հայազգի Ռասս Ջասկալյանը պատմում է անցած տարի Ղարաբաղ կատարած իր ճանապարհորդության մասին ու նաեւ խորհուրդներ տալիս Ղարաբաղ այցելել ցանկացողներին, թե ինչպես վիզա ստանալ, որտեղ գիշերակաց գտնել, ինչ տրանսպորտով հասնել Ստեփանակերտ` չմոռանալով զգուշացնել, որ դա թույլ նյարդեր ունեցողների համար չէ, եւ որ այդ երկիրը փաստացի պատերազմական վիճակում է գտնվում, չնայած հայտարարված հրադադարին։

Ադրբեջանին վրդովվեցրել է հոդվածի այն հատվածը, որտեղ հեղինակը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար մուտքի արտոնագիր պետք է ստանալ Երեւանում։

«Այդ կարգի խորհուրդները անօրինական են, եւ տարածաշրջան այցելությունը առանց Ադրբեջանի համաձայնության հակաիրավական գործողություն է», - հայտարարել է Աբդուլաեւը։

Այն անձինք, ովքեր այցելում են Ղարաբաղ, հայտնվում են Ադրբեջանի արտգործնախարարության սեւ ցուցակում, նրանց մուտքը Ադրբեջան արգելվում է։

Հոդվածում Ջասկալյանը նաեւ այդ փաստն է նշում՝ զգուշացնելով, որ եթե Ղարաբաղ այցելողները մտադրություն ունեն հետագայում նաեւ Ադրբեջան գնալ, ապա պետք է խնդրեն մուտքի արտոնագիրը առանձին թերթի վրա դրոշմել, որը հետագայում հնարավոր կլինի հեռացնել անձնագրից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG