Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ական նախկին մարզպետը հերքում է ոստիկանին հարվածելու մասին լուրերը


Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյան
Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյան
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ Վայոց Ձորի մարզի ընտրատեղամասերից մեկում արձանագրված աղմկահարույց միջադեպի առնչությամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել:

Այս միջադեպում շրջանառվում է Վայոց Ձորի նախկին մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) մարզխորհրդի ղեկավար Սերգեյ Բագրատյանի անունը: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, եւ գործի հետագա ընթացքն արդեն ՀՔԾ-ի որոշելիքն է: ՀՔԾ-ից էլ փոխանցեցին, որ նյութերը դեռ չեն ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզի Արտաբույնք համայնքի ընտրատեղամասում` կեսգիշերն անց: Ոստիկանության նախնական վարկածի համաձայն, նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը եւ նրա որդին` Շանթ Բագրատյանը, լուրեր ստանալով, որ ձայները չեն բաշխվում իրենց թեկնածուի` հանրապետական Սամվել Սեդրակյանի հետ մրցող անկուսակցական Արմեն Սետրակյանի օգտին, մտել են ընտրատեղամաս եւ փորձել են անօրինական գործողություններ իրականացնել: Թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը, ոստիկանությունը պաշտոնապես չի պարզաբանում: Մամուլում տարածված է այն տեղեկատվությունը, որ հայրն ու որդին փորձել են քվեաթերթիկներ հափշտակել, եւ երբ տեղամասում հսկող ոստիկանը փորձել է կանխել այդ գործողությունները, նախկին մարզպետը չի ենթարկվել ու գլխով հարվածել է նրան: Երկուշաբթի օրը Սերգեյ Բագրատյանն ու թեկնածու Արմեն Սետրակյանը բացատրություն են տվել ոստիկանությունում, որից հետո են նյութերն ուղարկվել ՀՔԾ:

ԲՀԿ-ական նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց իր եւ որդու առնչությունը նման միջադեպի` կարծիք հայտնելով, որ այդ լուրերը ԲՀԿ-ի թիմին եւ իրեն վարկաբեկելու միտումով են տարածվել: Ըստ Բագրատյանի, ինքը գնացել է Արտաբույնք գյուղ «հաշվարկի ժամանակ ընտրատեղամասային հանձնաժողովի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու մասին» իրենց թեկնածուից ահազանգ ստանալուց հետո: Տեղում պարզել է, որ եւ ընտրատեղամասի ներսում, եւ դրսում լարվածություն կա, հաշվարկը դադարեցված է: Ընտրատեղամաս չի մտել, փորձել է հանդարտեցնել տեղամասի մոտ հավաքված վրդովված թիմակիցներին:

«Գյուղացիները հուզված, լարված, գիշերվա մթան մեջ, դրսում կանգնած, անընդհատ բորբոքված… այդ ընթացքում, իհարկե, եղել է խոսքակռիվ կամ վեճ, գյուղացիների մի մասը մտել են նաեւ տեղամաս, քաշքշոց է եղել, թափվել են քվեաթերթիկներ, վերջում ես ինքս էլ տեսել եմ, որ դրսում քվեաթերթիկ կա ընկած, ենթադրում եմ, որ ներսից պիտի դուրս եկած լիներ, բայց ես ներս չեմ մտել որեւէ անգամ եւ որեւէ ձեւով չեմ միջամտել հաշվարկման ընթացքին: Ոչ էլ իմ որդին: Ես փորձել եմ դրսում կրքերը հանդարտեցնել: Այդ քաշքշուկից հետո ես արագ արձագանքել եմ, բոլոր գյուղացիներին խնդրել եմ, տարել գյուղամեջ, որը մոտ 300 մետր հեռու է այդ դպրոցից», - ասաց Բագրատյանը:

Նախկին մարզպետը չհամաձայնեց նաեւ այն վարկածին, որ ինքը գլխով հարվածել է ոստիկանին` ընդգծելով, որ դրսում հավաքվածների եւ տարածքը հսկող ոստիկանների միջեւ գուցե ինչ-որ քաշքշուք եղել է, բայց ինքը դրա հետ որեւէ առնչություն չունի:

«Մարդիկ լարված, անկախ իրենց կամքից էլ մոտենում են չէ՞ տեղամասին: Եվ անընդհատ ոստիկանը հրում է հետ, միգուցե մեկն էլ պատասխանած լինի… կարող են լինել նման բաներ, բայց այն, ինչնշվում է` հարված եւ այլն, նման որեւէ բան չկա», - ասաց նախկին մարզպետը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է իր եւ իր որդու անունը շրջանառվում այդ միջադեպում, Բագրատյանը պատասխանեց, որ Վայոց Ձորի գործող հանրապետական մարզպետի թիմը գուցե այսպիսով փորձում է «ցեխ շպրտել» մարզկենտրոն ԵղեգնաՁորի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակի վրա (ԵղեգնաՁորի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ թեկնածու Դավիթ Հարությունյանը 363 ձայնով առավելության է հասել գործող հանրապետական քաղաքապետ Սիրեկան Բաբայանի նկատմամբ):

«Քանի որ քաղաքապետին աջակցում էր մարզպետը եւ ԵղեգնաՁորի ընտրողների հետ բոլոր հանդիպումներում հայտարարում էր, որ եթե մյուս թեկնածուն հաղթի, նրա հետ չեմ աշխատելու, սա նշանակում է, որ իրենք շատ վստահ էին իրենց թեկնածուի հաղթանակին: Ուստի, ենթադրում եմ, որ ապատեղեկատվությունն իրականացվել է այդ թիմի կողմից, որպեսզի նսեմացնեն մեր հաղթանակը: Իրենք ցանկանում են ցեխ շպրտել մեր ընկերների, թեկնածուների, այդ թվում ինձ վրա` համարելով, որ այս ամենի գլխավոր պատասխանատուն ես եմ` որպես նաեւ ԲՀԿ մարզխորհրդի նախագահ», - ասաց Բագրատյանը:

Իրադարձությունների կիզակետում հայտնված Արտաբույնք համայնքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, հանրապետական Սամվել Սեդրակյանը հաղթել է ԲՀԿ-ական նախկին մարզպետի սատարած անկուսակցական Արմեն Սետրակյանին: Թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այստեղ ընտրության արդյունքը չեղյալ համարելու հիմքեր չկան, միջադեպը չի ազդել ընտրության արդյունքի վրա, եւ վերաքվեարկություն այս համայնքում չի կատարվի:

«Մեզ հետաքրքրում է մեր տված պարկը, մեր տված մատյանն ու բյուլետենները, մենք բոլորն էլ ստացել ենք, արձանագրությունն էլ հետը: Մնացած ոչ մի բանով մենք չենք զբաղվում, մնացածն իրավապահ մարմինների գործն է, թող իրենք զբաղվեն ու որոշում կայացնեն: Կոնկրետ ընտրության մասով մենք խնդիր չենք տեսնում», - ասաց ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացուցիչը, ով ձեռնպահ մնաց միջադեպի վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից` հիմնավորելով, որ դեպքի պահին իրենք ընտրատեղամասում չեն եղել եւ տեղամաս են հասել դեպքից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG