Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը


Երեկ Հայաստան է ժամանել Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` օդանավակայանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին դիմավորել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ բարձրաստիճան այլ հոգեւորականներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արամ առաջին կաթողիկոսին դիմավորել է Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը։

Հանդիպման ժամանակ Գարեգին երկրորդը, մասնավորապես, անդրադարձել է Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին շնորհված ներման իրողությանը, ինչպես նաեւ Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններին, որոնց զոհ են դառնում բազմաթիվ անմեղ քաղաքացիներ:

Արամ առաջինը ասել է. - «Երբ Ադրբեջանը, բարոյական, իրավական, քաղաքական, մարդկային ամեն տեսակ օրենք ու հասկացողություն մի կողմ դնելով, փառքով ու պատվով ընդունեց ոճրագործին, մեր Եկեղեցին պետության կողքին եղավ, մեր Եկեղեցին չէր կարող անտարբեր լինել: Երբ սիրիահայությունն այսօր տագնապի է մատնված, մեր Եկեղեցին անտարբեր չմնաց: Եվ ահավասիկ, երբ մենք գտնվում ենք ցեղասպանության հարյուրամյակի շեմին, Եկեղեցին չի կարող լուռ ու հետեւողի դերի մեջ լինել: Մեր պետության հետ միասին մենք անելիք ունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG