Մատչելիության հղումներ

Հայաստանը տոնում է անկախության 21-ամյակը


Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը։

Այս տարի լրացավ անկախության հռչակման 21-ամյակը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:

Տոնի կապակցությամբ այսօր երկրում բազմաթիվ հանդիսություններ են նախատեսված:

«Հայաստանի անկախ Հանրապետության անցած 21 տարիները հայոց պետականության վերստեղծման, հայերի ինքնության ամրապնդման տարիներ են», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի առթիվ ասաց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Ազգի եւ պետության հավերժության հավիտենականության գաղափարախոսության իրեղեն գործիքը անկախությունն է։ Այն ազգը, որը անկախ պետականություն չունի, պատմությունը ցույց է տալիս՝ երբեմն էլ որպես ազգ բնաջնջվում է», - հավելեց Գալուստ Սահակյանը։ - «Անկախությունը ի վերուստ տրված գործիք չէ։ Յուրաքանչյուր ազգ ինքն է տքնում, տառապում, արարում, որպեսզի ունենա հավիտենականություն եւ ուժեղ պետություն»։

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Facebook-ի իր էջում անդրադառնալով օրվա խորհրդին, մասնավորապես, գրել է. «Որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա ճիշտ գնահատել Հայաստանի անցած ճանապարհը, ներկան եւ ապագայի նկատմամբ մեր ակնկալիքը, պետք է կարողանա ճիշտ համադրությունը գտնել երկու մոտեցումների՝ առաջին, անկախ ամեն ինչից, այն ամեն դրականը, ինչ կա այսօր Հայաստանում, պետք չէ համարել, որ այդպես էլ պետք է լիներ: Դա կարող էր եւ չլինել կամ շատ ավելի վատ լինել: Մեր պատմությունը դրա վկան է: Այն, ինչ այսօր կա, իրոք մեր ժողովրդի նվիրումի, զոհաբերության, աշխատասիրության եւ խիզախության արդյունքն է: Ուստի եկե´ք ըստ արժանվույն գնահատենք մեր ձեռքբերածը՚:

«Սակայն մյուս կողմից»,- շարունակում է Օսկանյանը,- «բացարձակապես պետք չէ բավարարված լինել այս նույն վիճակով, եւ պետք է անհանդուրժող լինել բոլոր այն թերությունների եւ բացասական երեւույթների նկատմամբ, որոնք այսօր կան Հայաստանում: Ահավասիկ, այս երկու մոտեցումների ճիշտ համադրումն է միայն, որ մի կողմից մեզ մոտ ավելորդ հիացմունք չի առաջացնում ներկա վիճակի նկատմամբ, մյուս կողմից՝ հուսալքություն ապագայի նկատմամբ»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի խոսքով, չնայած այսօրվա Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրներին, «ուզենք, թե չուզենք, մենք դանդաղ, բայց զգում ենք, որ անկախ պետականության տարածքում ենք ապրում եւ մեզանից յուրաքանչյուրն է կրում պատասխանատվությունը անկախության համար»:

«Ես այն երջանիկ մարդկանցից եմ, ով 91 թվականի սեպտեմբերի 21-ին Գերագույն խորհրդի կազմում քվեարկել եմ անկախության օգտին եւ ես դա դիտում եմ իմ քաղաքական կենսագրության, թերեւս, ամենագիտակցված եւ արժանապատիվ ստորագրություններից մեկը։ Իհարկե, նաեւ պատասխանատվություն եմ զգում, որ այն բովանդակությունը, որը մենք ակնկալում էինք, այսօր չունի անկախությունը։ Բայց պետք է ասել, որ առա՛յժմ չունի այդ բովանդակությունը, որովհետեւ հավատում եմ, որ կունենանք այն հայրենիքը, մեր անկախությունը կունենա այն բովանդակությունը, որ իսկապես արժանապատվության ու պատմության առարկա կդառնա մեր անկախ պետականությունը, իր նվաճումները», - ասում է Հակոբյանը։

«Հակառակ որոշ պնդումների, որ Հայաստանը իր անկախությունը չի ձեռք բերել, այլ ուղղակի երկնքից որպես շնորհ ստացել է դա…, ես ասեմ, որ Հայաստանը այն փոքրաթիվ հանրապետություններից էր Խորհրդային Միության, որը պայքարել է իր անկախության համար եւ զոհեր տվել»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով հեռավոր 1991 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն էր:

«Անկախության հիմնական արժեքը այն էր, որ հայ ժողովուրդը ինքը սկսեց տիրապետել իր բախտը։ Դա ժողովրդավարություն էր, դա անցում էր դեպի շուկայական տնտեսություն։ Ցավոք սրտի, որոշ նպատակներից մենք այս ընթացքում շեղվեցինք։ Շեղվել ենք հիմնականում այն պատճառով, որ այդ հաղթական պատերազմը Ղարաբաղում նաեւ գին ունեցավ։ Այսինքն, երկրում, ձեւավորվեց զինվորական հաղթանակած մի վերնախավ, որը, օգտագործելով այն, որ դեմոկրատական ինստիտուտները թույլ էին Հայաստանում, հաստատեց խաղի նոր կանոններ: Աստիճանաբար երկրում հաստատվեց քրեա-օլիգարխիկ, կլանային մի համակարգ, որը կենտրոնացրեց երկրի ռեսուրսները մի քանի ընտանիքի ձեռքում», - ,- շարունակեց Զուրաբյանը, - «Ահա, այս ամենից հետեւում է մի բան, որ մենք դեռ մեր անկախության առջեւ պարտք ունենք։ Մենք դեռ պետք է մեր անկախությունը նորից լցնենք բովանդակությամբ, եւ այդ բովանդակությունը պետք է լինի ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունը եւ հավասարությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG