Մատչելիության հղումներ

Եղվարդում նախընտրական տրամադրություններ չկան


Թեեւ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում 5 օրից քաղաքապետի ընտրություններ են, այստեղ նախընտրական տրամադրություններ չեն զգացվում։ Եղվարդում չկա գոնե մեկ նախընտրական պաստառ: Այստեղ թեկնածուն միակն է` գործող քաղաքապետը Հանրապետական կուսակցությունից։

Քաղաքապետ Նորայր Սարգսյանն արդեն հինգերորդ անգամ է փորձում դառնալ քաղաքապետ։ Այս պաշտոնը նա ստանձնել է 13 տարի առաջ:

Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մուրադխանյանը, մոտ երկու շաբաթ հանդես գալով իբրեւ քաղաքապետի երկրորդ թեկնածու, ինքնաբացարկ է հայտնել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մուրադխանյանը ժպիտով ասաց, թե այնպես չէ, որ իր թեկնածությունն առաջադրելը քաղաքապետի հետ պայմանավորվածության արդյունք է:

Ընտրական օրենսգիրքն արգելում է մեկ թեկնածուի առաջադրման դեպքում ընտրություններ անցկացնելը: Եվ որոշ համայնքներում ելքը գտնում են գործող համայնքապետերը` իրենց ծանոթ-բարեկամներին խնդրելով առաջադրվել, իսկ հետո բացարկ հայտնել:

Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը մեր զրույցի ընթացքում չթաքցրեց, որ ինքն ու գործող քաղաքապետը իրար լավ են հասկանում: Իսկ գործող քաղաքապետ Նորայր Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատեց նախընտրական այս շրջանը. - «Որպես միակ թեկնածու, կարծես թե ընտրապայքարը իր բովանդակությունը կորցնում է։ Ես համարում եմ, որ համայնքի ղեկավարը պետք է մրցակից ունենա»։

Հարցին, թե այդ դեպքում ինքը ինչո՞ւ մրցակից չունի, Սարգսյանն ասաց՝ «երեւի թե ուժերի գնահատման խնդիր կա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG