Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան տպավորված է ԵՄ-Հայաստան կապերի առաջընթացով


Դեյվիդ Լիդինգտոնը եւ Էդվարդ Նալբանդյանը համատեղ ասուլիսում, 18-ը սեպտեմբերի, 2012
Դեյվիդ Լիդինգտոնը եւ Էդվարդ Նալբանդյանը համատեղ ասուլիսում, 18-ը սեպտեմբերի, 2012
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին Երեւանում գտնվող Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը հայտարարեց, թե Մեծ Բրիտանիան տպավորված է այն առաջընթացով, որը Հայաստանն արձանագրել է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ իր կապերը սերտացնելու ճանապարհին: Ըստ բրիտանացի նախարարի` այդ սերտացման արդյունքում կարող են ուժեղանալ նաեւ Հայաստան-Մեծ Բրիտանիա երկկողմ հարաբերությունները:

«Մեծ Բրիտանիան միշտ զորակցել է Արեւելյան գործընկերության ծրագիրը, որի կարեւոր անդամներից է Հայաստանը: Մենք ունենք տեսլական, ըստ որի եվրոպական յուրաքանչյուր երկիր դեր ունի եվրոպական ազգերի հանրության մեջ, եւ որ այդ երկիրը մեկ օր կարող է դառնալ Եվրամիության լիարժեք անդամ, եթե, իհարկե, նախընտրի դա եւ համապատասխանի չափանիշներին», - երեքշաբթի օրը Երեւանում հայտարարեց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարը:

Լիդինգտոնը բարձր գնահատեց նաեւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում տեղի ունեցող խաղաղապահ գործողություններում: Բրիտանացի նախարարը նաեւ գոհունակությամբ փաստեց իրողությունը, որ Հայաստանում «մեծապես գնահատում են բրիտանական մշակույթն ու անգլերեն լեզուն»: Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի ներման հարցին:

«Մենք ողջունել եւ սատարել ենք Մինսկի խմբի համանախագահների, Եվրամիության, Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի ուղերձները` հղված Սաֆարովի հարցով», - հայտարարեց Լիդինգտոնը` միեւնույն ժամանակ հավելելով, թե Մեծ Բրիտանիան մեծապես շահագրգիռ է, որ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող հակամարտ կողմերի հաշտեցմանը միտված խաղաղ բանակցությունները շարունակվեն:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հաշտեցման հասնելը բխում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ Եվրոպայի անվտանգության շահերից», - ասաց Լիդինգտոնը` պատասխանելով հարցին, թե մտահոգություն չունե՞ն, որ Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում ներգրավված բրիտանական խոշոր ընկերություններից, մասնավորապես, «Բրիթիշ պետրոլիումից» ստացած շահույթները Բաքուն նպատակամղում է երկրի ռազմականացմանը. - «Հենց այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիան առեւտրային շահեր ունի այս տարածաշրջանում, նշանակում է, որ մենք նաեւ այստեղ խաղաղությունը, կայունությունն ու հաշտեցումը խրախուսելու հստակ շահեր ունենք», - ամփոփեց նա:

Դիտարկմանը, թե օրինակ, Կոսովոյի պարագայում Մեծ Բրիտանիան պաշտպանում է ինքնորոշման սկզբունքը, իսկ այլ պարագաներում՝ ոչ, Լիդինգտոնը նշեց, որ կոնկրետ Լեռնային Ղարաբաղի դեպքում միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման հիմնարար սկզբունքների շարքում ամրագրված է նաեւ ինքնորոշման սկզբունքը. - «Իսկ Բրիտանիան, ինչպես նշեցի, սատարում է Մինսկի խմբի գործունեությունն ու ջանքերը», - հիշեցրեց բրիտանացի նախարարը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին տեղեկացրեց, որ բրիտանացի նախարարի հետ առանձնազրույցի ընթացքում, այլ հարցերի թվում, խոսակցության առանցքային թեմաներից մեկը եղել է Սաֆարովի վերադարձման եւ ներման խնդիրը:

«Անդրադարձանք Սաֆարովի ազատ արձակմանը եւ այն մեծ վնասին, որ այդ քայլը հասցրեց բանակցային գործընթացին եւ ընդհանրապես տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը», - ասաց Նալբանդյանը:

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի Հայաստան այցը տեղի է ունենում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ եւ Երեւանում Բրիտանական խորհրդի հիմնադրման տասներորդ տարեդարձերի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG