Մատչելիության հղումներ

Այվազյանը իրենից 37.5 միլիոն բռնագանձելու՝ ամերիկյան դատարանի որոշումը չի ստացել


Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյան
Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյան
Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը որեւէ իրավական հետեւանք չի տեսնում հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի իրենից 37 միլիոն 537 հազար 978 դոլար եւ 2 ցենտ բռնագանձելու՝ ամերիկյան դատարանի որոշման մեջ։

«Մոտ 6 տարի է՝ փորձում են ինձ դարձնել արբիտրաժային կողմ։ Միջազգային արբիտրաժը մերժում է այդ անհեթեթ գործը, սակայն վարչական շրջանը իրականացնում է մեկ վարչական վարույթ, որի հետ կապված 2008 թվականին տեղի է ունենում որոշում, հայտնվում է կատարողական թերթիկը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ դատարանի վճիռն ինքը չի ստացել եւ փորձելու է այն ձեռք բերել։

Այվազյանը, ով 2001-ից 2007 թվականներին զբաղեցնում էր բնապահպանության նախարարի պաշտոնը, նշում է, որ որպես նախարար որոշում է կայացրել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը արտոնագրից զրկելու մասին, քանի որ ընկերությունը չի կատարել օրենքով սահմանված եւ իր իսկ ստանձնած պարտավորությունները:

«Եթե նույնիսկ ժամանակին սխալ որոշում եմ կայացրել, ապա պետք է պատասխան տամ Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի առջեւ», - ասում է նա։

Հիշեցնենք՝ «Հետք» պարբերականը օրերս հրապարակեց մի փաստաթուղթ, համաձայն որի սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության օգտին ավելի քան 37.5 միլիոն դոլար բռնագանձելու վերաբերյալ։ «Հետք»-ի հրապարակման համաձայն, ըստ դատարանի վճռում եղած նյութերի՝ 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը հայաստանյան Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել է կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Արդյունքում ընկերությունը կորցրել էր հանքավայրի նկատմամբ հսկողությունը:

«Դիմեք իրենց, ովքեր ասել են, որ ինձ 3 միլիոն կաշառք են առաջարկել։ Թող մեկ մարդ ասի, որ ես իրենից ուզել եմ, որ ես կարողանամ դատի տալ։ Չկա այդ մարդը», - պնդում է բնապահպանության նախկին նախարարը, - «Պարոն Այվազյանը որպես նախարար վարչական վարույթ է կիրառել։ Չի ասել ինձ տուր որպես ֆիզիկական անձ։ Զրկել եմ լիցենզիայից։ Թող ինքը գա մեր դատարան, դատարանը կարող է ասել՝ պարոն Այվազյան, դուք սխալ եք արել»։

Մեզ չհաջողվեց կապվել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հետ։

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանից փորձեցինք պարզել՝ ի՞նչ իրավական հետեւանքներ կարող է ունենալ Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի կայացրած որոշումը։ Զոհրաբյանի խոսքով, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դատական ակտերի ճանաչման եւ կատարման վերաբերյալ համաձայնագիր կնքված չէ, հետեւաբար, եթե Նյու Յորքի հարավային շրջանի դատարանը պետական կառույց է, ապա այդ ակտը Հայաստանում չի կարող կատարվել, քանի որ նախատեսված չեն համապատասխան ընթացակարգեր:

«Իհարկե, այստեղ մեկ այլ հարց էլ է ծագում, թե ի՞նչ նախապայմանների արդյունքում է ԱՄՆ դատարանը այդպիսի ակտ կայացրել, որովհետեւ հայցը սովորաբար հարուցվում է պատասխանողի բնակության վայրի դատարանում, եւ Վարդան Այվազյանը, Հայաստանի քաղաքացի լինելով հանդերձ, այդ վեճը պետք է լիներ Հայաստանի Հանրապետությունում», - հավելեց փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG