Մատչելիության հղումներ

Օսկանյան. «Միակուսակցական համակարգը սկսել է զիջել իր դիրքերը»


Վարդան Օսկանյան. «Միակուսակցական համակարգը սկսել է զիջել իր դիրքերը»
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում` Գյումրիում, ԲՀԿ-ի հաղթանակը ցույց է տալիս, որ Հայաստանում առկա միակուսակցական համակարգը սկսել է զիջել իր դիրքերը:

Սեպտեմբերի 9-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, հիշեցնենք, քաղաքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանը, ում բացի ԲՀԿ-ից, աջակցում էր նաեւ իշխող Հանրապետականը:

«Մեր խնդիրների, չարիքների հիմնական պատճառը քաղաքական մենաշնորհն է: Բոլոր մյուս խնդիրները, որոնք առօրյա մեր կյանքի վրա զգում ենք, տնտեսական մենաշնորհը, կոռուպցիան, չարաշահումները, անարդարությունը, հետեւանք են այդ քաղաքական մենաշնորհի: Այս ՏԻՄ ընտրությունները գուցե սկիզբն էին իշխանության այդ տարաձուլման: Երկրորդ մեծ քաղաքում արդեն մի այլ կուսակցության ներկայացուցիչ է», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Վարդան Օսկանյանը:

Ըստ Օսկանյանի, Գյումրիում, որտեղ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն ստացավ առավելագույն թվով ձայները, ՀՀԿ-ն այլընտրանք չուներ, քան ԲՀԿ-ի թեկնածուին աջակցելն էր:

«Եկեք դա դիտարկենք խորհրդարանական ընտրությունների արդյունքների համատեքստում, որովհետեւ այնտեղ արդեն ապացուցվել էր, որ կուսակցությունը մեծ հեղինակություն ունի, մեծ աջակցություն ունի, եւ ում թեկնածությունը, որ կուսակցությունը պաշտպանի, նա էլ կընտրվի: Ես կարծում եմ, սա ՀՀԿ-ի կողմից տակտիկական քայլ էր, այլընտրանք չունեին, ԲՀԿ-ի թեկնածուն հաղթելու էր: Չուզեցան այնպես երեւա, որ պարտվում են այդ քաղաքում, դրա համար էլ աջակցեցին [Բալասանյանին]: Անկախ դրանից ԲՀԿ-ի թեկնածուն այնտեղ հաղթելու էր», - ասաց Օսկանյանը:

Օսկանյանի կարծիքով` այսօրվա հիմնական խնդիրներից մեկը, որը պետք է հաղթահարվի, իշխանության տարաձուլումն է, որպեսզի տարբեր կուսակցություններ ավելի մեծ դերակատարություն ունենան եւ իշխանության բաժանումը կուսակցությունների միջեւ ավելի հստակ լինի:

«Գյումրիում ԲՀԿ-ի հաղթանակը համարենք դրա կարեւորագույն առաջին քայլերից մեկը, համենայնդեպս, այդ ուղղությամբ պայքարը շարունակվելու է: Ես անձամբ հետեւողական եմ լինելու, որ վերջիվերջո մենք հասնենք նրան, որ մեր քաղաքական համակարգում իսկական հակակշիռներ լինեն, որպեսզի կարողանանք արդեն համատեղ որոշումներով երկիրը դնել զարգացման ճիշտ ճանապարհին», - ասում է նա:

ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հոկտեմբերին կհայտնի

Անդրադառնալով գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններին` Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, թե ԲՀԿ-ն այս հոկտեմբերին կհայտնի իր դիրքորոշումը, թե ում է սատարելու այդ ընտրություններին:

«Ես կարծում եմ, որ արդեն հոկտեմբերի մեջ բոլոր կուսակցությունները, ոչ միայն ԲՀԿ-ն, իրենց հստակ դիրքորոշումը պետք է ունենան: Այս պահի դրությամբ վստահ եմ, որ տարբեր խորհրդակցություններ են արվում, ինչ-որ քննարկումներ կան` նույնիսկ միջկուսակցական, բայց վերջնական որոշումներին հասարակությունը դեռ պետք է սպասի», - ասաց Օսկանյանը` հավելելով, թե դժվարանում է ասել` արդյոք ոչ կոալիցիոն ուժերը մեկ թեկնածուով կմասնակցեն նախագահական ընտրություններին. - «Քաղաքականության մեջ ոչ մի բան պետք չէ բացառել, բայց ինչ կլինի, ժամանակը ցույց կտա», - ասաց նա:

Հարցին, թե ինքը մտադի՞ր է առաջադրվել նախագահական ընտրություններին, Օսկանյանը պատասխանեց. - «Դեռ շատ վաղ է դրա մասին խոսելը, որովհետեւ ես արդեն ԲՀԿ-ի անդամ եմ, անհատ քաղաքական գործիչ չեմ, որ ինքնուրույն իմ որոշումը կայացնեմ: Ինչ վերաբերում է կուսակցության որոշմանը, դրա մասին բազմիցս ասվել է, թերեւս այս հարցը ամբողջությամբ չի քննարկվել, այդ կապակցությամբ որոշում չկա: Այն պահին, երբ լինի, հասարակությունը առաջինը կիմանա դրա մասին»:

Օսկանյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական վիճակին` հայտարարելով, թե կառավարության հրապարակած տնտեսական աճի թվերը չեն համապատասխանում իրականությանը, եւ այդ ֆոնին կառավարությունն էլ չի կարողանում պայքարել մոնոպոլ կառույցների դեմ:

«Այն թվերը, որոնք ներկայացվում են, բավական հուսադրող են, խոսում են մինչեւ յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին, բայց դա չի համապատասխանում իրական պատկերին: Նախ բիզնեսը դա իր վրա չի զգում, բոլորը դժգոհում են իրենց բիզնեսից, գտնում են, որ այնտեղ աճ չկա: Մյուս մակրոտնտեսական չափանիշները համապատասխան աճ չեն արձանագրում, այսինքն աղքատությունը չի նվազում, հարկային եկամուտները չեն ավելանում, ժողովրդի կենսամակարդակը չի բարձրանում», - ամփոփեց Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG