Մատչելիության հղումներ

ԱԺ-ում շարունակում են քննարկել Սաֆարովի արտահանձնումն ու արդարացումը


Ազգային ժողովում այսօր Կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու շուրջ ստեղծված իրավիճակին։

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց՝ օգոստոսի 31-ին Հայաստանի կողմից Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները դադարեցնելով Հայաստանը հետագայում ի՞նչ քայլեր է այս ուղղությամբ իրականացնելու։

«31-ից հետո բազմաթիվ անգամ հայտարարություններ են եղել հանրապետության նախագահի կողմից, արտաքին գործերի նախարարի կողմից՝ մանրամասն ներկայացնելով այն, ինչ արվել եւ արվում է։ Դուք գիտեք այն միահամուռ, միաձայն արձագանքը, որը մենք լսում ենք միջազգային հանրության կողմից։ Դա նաեւ արդյունք է այն քայլերից, որ մեր դիվանագիտությունը, պետության ղեկավարությունը եւ Արտաքին գործերի նախարարությունը կատարում է», - պատասխանեց արտգործնախարարը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞, որ արտգործնախարարությունը պաշտոնապես պահանջ ներկայացնի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար, Էդվարդ Նալբանդյանն ասաց․ - «Կարեւոր է այս պայմաններում չձեռնարկել այնպիսի քայլեր, որ «մեր տակից խալին դուրս գա»։ Պետք է շատ զգույշ եւ ճիշտ ձեւով շարունակենք այն քաղաքականությունը, որ մինչ այսօր մենք վարել ենք, որը բերել է եւ բերում կոնկրետ արդյունքների, երբ միջազգային հանրությունը այսօր աջակցում է մեզ, երբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մենք ասում ենք, որ մեր դիրքորոշումը համահունչ է եռանախագահների մոտեցմանը»։

Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց, թե արդյոք Հայաստանը պաշտոնական առաջարկ ստացել է Եվրասիական միությանն անդամագրվելու վերաբերյալ։

«Պաշտոնապես՝ հրավեր մասնակցելու այդ միությանը, մենք չենք ստացել», - պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ կարեւորելով այն փաստը, որ Հայաստանը արդեն իսկ այս պահից մասնակցում է Եվրասիական միության ձեւաչափի շուրջ շարունակվող քննարկումներին։ - «Մեր պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է՝ Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներում ինչպես ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակներում, այնպես էլ ԱՊՀ-ի շրջանակներում, այնպես էլ Եվրամիության շրջանակներում»։

Նշելով, որ ինտեգրացիոն գործընթացները սխալ է հակադրել մեկը մյուսին, վարչապետը հավելեց․ - «Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականության մեջ չի կարող մտնել ինչ-ինչ խաղերի մեջ։ Դա խիստ վտանգավոր է փոքր երկրի համար, եւ մենք մեր արտաքին քաղաքականության վեկտորում բաց ենք եւ հրապարակային»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG